Մայիսի 04, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Հունիսի 10, 2023

Վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական բանակցություններում էական իրադարձություններ տեղի չեն ունեցել, սակայն դրանց շուրջ եղել են հետաքրքիր զարգացումներ:

Հիմնականում անպտուղ անցած քիշնևյան հանդիպումից շատ չանցած հայտարարվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ նոր բանակցությունների պայմանավորվածության մասին: Սակայն Ադրբեջանը հրաժարվեց հունիսի 12-ին նախատեսված հանդիպումից, պատճառաբանելով լոգիստիկ խնդիրներով: Իհարկե, դա սոսկ արդարացում է, և բանակցությունները հետաձգելու համար Ադրբեջանը երկու հիմնական պատճառ ուներ: Առաջին, և երևի թե առավել կարևոր, պատճառն Էրդողանի` հունիսի 13-ին ակնկալվող այցն է Բաքու: Դա Էրդողանի առաջին արտագնա այցն է իր վերընտրվելուց հետո: Այդ այցի ընթացքում, անկասկած, քննարկվելու է նաև այն քաղաքականությունը, որը վարելու է Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ: Եւ այդ քաղաքականության առանցքային ուղղությունը, ինչպես և նախկինում ու հիմա, լինելու է ռազմական ագրեսիան: Եւ թեև Հայաստանը, Ադրբեջանը և միջազգային միջնորդները պարբերաբար հայտարարում են բանակցություններում գրանցվող առաջընթացների և փոխըմբռնումների մասին, սակայն` նրանք բոլորն էլ հասկանում են, որ իրադրությունը պատային է: Իսկ հաշվի առնելով այն, որ բաքվյան բռնապետը խաղադրույքները չափից դուրս բարձրացրել է, ապա վստահորեն կարելի է ասել, որ Ադրբեջանի համար իրադրությունը նաև ցուգցվանգային է: Եւ Ադրբեջանն ամեն ինչ անելու է ռազմական ճանապարհով գոնե չնչին ձեռքբերում ունենալու համար:

Վաշինգթոնյան հանդիպումից հրաժարվելու մյուս ծանրակշիռ պատճառն այն է, որ ԱՄՆ-ը վերջին ժամանակաշրջանում մեծացրել է դիվանագիտական ճնշումն Ադրբեջանի վրա, թե՛ ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի, թե՛ Քաշաթաղի միջանցքի արգելափակման հարցով: Վերջին հարցերի վերաբերյալ դիրքորոշումների ընդհանուր համակարծություն կա ԱՄՆ-ի և ԵՄ միջև: Բայց չնայած այն բանին, որ շատ հաճախ փորձ է արվում պատկերացնելու մեկ միասնական «Արևմուտք»-ի քաղաքական դիրքորոշում այս կամ այն հարցում, մոտեցումները և արտաքին քաղաքական շեշտերը տարբեր են ոչ միայն ԱՄՆ-ի և ԵՄ, այլ նաև` ԵՄ անդամ տարբեր երկրների միջև: Եւ հատկապես վերջին ժամանակաշրջանում նկատվում է բարեկամական մրցակցություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև` կապված հայ-ադրբեջանական բանակցությունների և արցախյան հիմնախնդրի հետ: Այդ հարցերի վերաբերյալ երեքն էլ ունեն իրենց մոտեցումները: Մոտեցումները, բնականաբար, կոնյունկտուրային են, և կարող են փոխվել հանգամանքների բերումով: Եւ իհարկե միշտ չէ, որ այդ մոտեցումները հայանպաստ են, սակայն պետք է սովորել միջազգային հարաբերություններում քաղել առավելագույն օգուտ, և փորձել հղկել վնասները, դարձնելով դրանք ավելի թույլ: ԱՄՆ-ի համար մեր տարածաշրջանը շատ մեծ կարևորություն ունի: Դա պայմնավորված է և՛ Իրանի ու Ռուսաստանի հանդեպ վարվող քաղաքականությամբ, և՛ տարածաշրջանի ենթակառուցվածքներով, և՛ շատ այլ մանր ու խոշոր հետաքրքրություններով: Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ը գրեթե հավասարակշիռ քաղաքականություն է վարում: Ֆրանսիան ավանդաբար զբաղվում է միջազգային հարաբերություններում Հայաստանի պատրոնաժով: Սակայն դա, բնականաբար, անում է ոչ առանց սեփական շահի: Հատկապես Մակրոնի նախագահության օրոք Ֆրանսիան մեծացրել է իր դերն ամբողջ Մերձավոր Արևելքում: Այս պահին Հայաստանի և Ֆրանսիայի շահերը մեր տարածաշրջանում շատ հարցերում համընկնում են, և հատկապես այն, որ այս պահին կան լուրջ հակասություններ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև, միայն ձեռնտու է Հայաստանին: Ամենահետաքրքիրը Գերմանիայի աճող ներգրավվածությունն է մեր հակամարտության կամ` բանակցությունների մեջ: Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Գերմանիան սկսել է «զավթել» Ռուսաստանի նախկին ազդեցության գոտիներն Արևելյան Եվրոպայում: Դա նաև յուրահատուկ ինդուլգենցիայի դրսևորում է Գերմանիայի հանդեպ, որը Երկրորդ աշխարհամարտից հետո զրկված էր գերտերունական շատ հատկանիշներից: Միաժամանակ, Գերմանիան արդեն վաղուց մեծացնում է իր ազդեցությունը միջերկրածովյան տարածաշրջանում: Գերմանական արտաքին քաղաքականությունը խիստ պրագմատիկ է, և Գերմանիայից հայանպաստ դիրքորոշում ստանալու համար պետք է գրագետ ու ինտենսիվ աշխատել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա` վերջին շաբաթվա ընթացքում հայ-ռուսական բազմաթիվ հանդիպումների ընթացքը, և ռուսաստանյան տարբեր պաշտոնյաների հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա գնալով թուլանում է: Զուգահեռներ տանելով վաղ իննսունականների և քսաներորդ դարասկզբի առաջին քառորդի պատմական անցքերի հետ, կարելի է սպասել ամենակտրուկ քայլերը Ռուսաստանի կողմից: Եւ ռուսաստանյան դիրքորոշման վառ ցուցիչ է այն, որ խաղաղապահները, որոնք հռչակագրորեն պարտավոր են ապահովել 5 կմ լայնությամբ անխափան ու անվտանգ միջանցք` Արցախի և Սյունիքի միջև, մշտադիտարկեն արցախյան շփման գիծը և այլն, որևէ կերպ չեն կատարում իրենց պարականությունները: Ավելին, ՌԴ ՊՆ տեղեկագրերից կարելի է ենթադրել, թե ռուսաստանյան խաղաղապահները տեղակայված են զուտ որպես առաքման ծառայություն` բեռների հերթական տոննաներն Արցախ հասցնելու, ինչպես նաև` Արցախի նկատմամբ ադրբեջանական սադրանքների լուռ գրագրությամբ զբաղվելու համար: Բացի այն, որ ռուսաստանյան խաղաղապահները որևէ կերպով չեն խոչընդոտում «իրենց քթի տակ» տեղադրված ադրբեջանական անցակետի առկայությանը, նաև իրենք են կազմակերպում մարդկանց տեղաշարժն այդ անցակետով: Իսկ դա ձեռընտու է թե՛ Ռուսաստանին, թե՛ Ադրբեջանին, որոնց երկուսի համար էլ դա քարոզչական խաղաքարտ է, ցույց տալու համար, թե ապօրինի անցակետով կարելի է հանգիստ անցնել, և ոչ մի միջանցքի ու դրա անվտանգության ապահովման կարիք չկա:

Միաժամանակ, բոլոր այն մարդիկ, ովքեր առանց ծայրահեղ անհրաժեշտության են հատում ադրբեջանական ապօրինի անցակետը, վտանգի տակ են դնում ամբողջ Արցախի անվտանգությունը: Մյուս կողմից, երբեմն հնարավոր է խուսափել անկումից` ավելորդ բալաստից ազատվելով:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ