Մայիսի 07, 2024

Մեր մեկնաբանությունը

By Դավիթ Եղիազարյան Հունիսի 17, 2023

Հայ-ադրբեջանական հակամարտության տեսանկյունից վերջին շաբաթը հարուստ էր իրադարձություններով:

Հունիսի 15-ին ադրբեջանցի զինվորականները փորձեցին իրենց դրոշը տեղադրել Հագարի գետի աջ ափին: Այն հատվածում, որը նույնիսկ խորհրդային ապօրինի սահմանազատումով երբևէ չէր գտնվել ադրբեջանական վերահսկողության տակ: Հայկական կողմն ավելի ուշ հրապարակեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են նրանք փախչում հայ սահմանապահների վարած կրակի արդյունքում:

Ինչպես ասում են` նկարը հազար խոսք արժե: Եւ հրապարակված կադրերում երևում էին ոչ միայն սադրանքի գնացող, ապա` փախչող ադրբեջանցիները, այլ նաև` նրանց այդ գործողությանը զրահամեքենաներով, այսպես ասենք` չմիջամտող, ռուսաստանյան զորախումբը: Նրանք, ովքեր հռչակագրորեն կոչված են ապահովելու անխոչընդոտ երթևեկություն Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղով, իսկ դրա շուրջն ապահովել հինգ կիլոմետր լայնությամբ ապառազմականացված գոտի: Նրանք, փաստորեն, ոչ միայն չեն կանխում ադրբեջանական ագրեսիան, այլ նաև` իրենց զրահամեքենաներով վահան են ստեղծում այդ հատվածում: Դեպքի վայրում էր նաև ռուսաստանյան զորախմբի հրամանատարը: Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հաջորդ օրը կանչվեց արտգործնախարարություն:

Այս պահին Քաշաթաղի միջանցքն ամբողջովին արգելափակված է, և սպասել, թե Ադրբեջանն այն կապաարգելափակի առանց ռազմական միջամտության կամ առանց հայկական կողմից որևէ զիջում կորզելու` միամտություն է: Իսկ գլխավոր զիջումը, որը կենսական նշանակություն ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար` ցամաքային արտատարածքային միջանցքն է Հայաստանի վրայով: Իհարկե, իր ամեն հաջորդ սադրանքով բաքվյան բռնապետն ավելի է բարձրացնում խաղադրույքները, առաջին հերթին` իր համար: Եւ թեև Ալիևը խորապես արհամարում է իրեն ժառանգությամբ անցած երկրի բնակչությանը, սակայն չի կարող լարվածության աստիճանն իջեցնել առաջին հերթին իր շքախմբից վախենալով: Եւ իր անխորամիտ որոշումներով հայտնի Ալիևը, իր ամեն հաջորդ քայլով ավելի է խորացնում այն ցուգցվանգը, որում արդեն հայտնվել է` սպասարկելով տարածաշրջանային և արտատարածաշրջանային տարբեր ուժերի շահերը:

Ադրբեջանական ցայտուն սադրանքը տեղի ունեցավ Թուրքիայի հին նոր նախագահի բաքվյան այցից երկու օր անց: Էրդողանն այդ այցի ընթացքում կրկին խոսել էր պանթյուրքական ծրագրերից, Հայաստանի տարածքով հորջորջվող «միջանցք»-ի, բռնազավթված Շուշիում հյուպատոսություն բացելու և այլ նման թեմաներից: Իսկ չորեքշաբթի օրը` թուրքական պաշտպանական գերատեսչությունը, վերահաստատելով Թուրքիայի տկար նախագահի խոսքերը, հայտարարել էր, որ շարունակելու է մեծացնել աջակցությունն Ադրբեջանին:

Իհարկե, կասկածից վեր է այն, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությանը: Սակայն, մյուս կողմից` Թուրքիան միառժամանակ զբաղված է լինելու պետության ներսում առկա տնտեսական և քաղաքական ոչ դյուրին իրադրությամբ: Դա, իհարկե, հնարավոր է օգտագործել ի շահ Հայաստանի:

Հատկանշական է, որ սադրանքի համար ընտրվել էր Ադրբեջանում նշվող «ազգային փրկության օր»-ը: Հաշվի առնելով այն, որ թյուրքական ժողովուրդներն զգայուն են ամսաթվերի նկատմամբ, և այն, որ հունիսի 26-ին Ադրբեջանում նշվում է զինուժի օրը, առաջիկա օրերին ևս բարձր է լինելու թշնամական տարբեր ծավալի սադրանքների հավանականությունը:

Վերջին շաբաթվա իրադարձություններն ուսումնասիրելով, բնականաբար, չի կարելի աչքաթող անել տարածաշրջանում դիվանագիտական զարգացումները:

Շուշիում հյուպատոսություն բացելու մասին Էրդողանի հայտարարությունը պատասխան էր Իրանի` Կապանում հյուպատոսության բացելուն, ինչը, սակայն, իր հերթին պատասխան էր Էրդողանի` Շուշիում հյուպատոսություն բացելու մասին ավելի վաղ արած հայտարարությանը: Իհարկե, միայն զինվորականներով բնակեցված ուրվական քաղաքում հյուպատոսություն բացելը Թուրքիայի համար, եթե ոչ` բացառապես, ապա` գլխավորապես քարոզչական և հոգեբանական հնարք է, նաև` քաղաքի բռնազավթումը լեգիտիմացնելու տեսակետից:

Միաժամանակ, Կապանում հյուպատոսություն հիմնել ցանկանում է նաև Ռուսաստանը: Որևէ կասկածից վեր է, որ այդ ձգտումը փոխկապակցված է ռուսական միջնորդությամբ վերջին ժամանակաշրջանում առավել ակտիվացած բանակցություններով, որոնց նպատակն է Ռուսաստանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցության ուղիների ապահովումը:

Վերջին շաբաթվա ընթացքում նաև տեղի ունեցավ Բաքվում ռուսաստանյան նոր դեսպանի նշանակումը:

Նույն ժամանակամիջոցում ռուսաստանյան պետական լրատվամիջոցներն սկսեցին տեղեկություն տարածել, թե` ԱՄՆ-ն սպառնացել է հակաահաբեկչական գործողություն սկսել, եթե Արցախում հրաժարվեն Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությունից` երրորդ երկրի տարածքում: Դա, անկասկած, քաղաքական շանտաժ էր, ինչը հերքվեց Հայաստանում ամերիկյան դեսպանատան կողմից: Հայտարարություն հնչեցրեց նաև Արցախի արտգործնախարարությունը, որում շեշտվում էր, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև ռուսաստանյան միջնորդությամբ ընթացած բանակցությունների արդյունքները, փաստացի, չեն կատարվել Ադրբեջանի կողմից: Ռուսաստանյան պետական մամուլում տարածված նման քարոզչությունը պատահականություն չէ, և շատ հավանական է, որ դա տեղեկատվական ֆոն է հենց ռուսաստանյան կեղծ դրոշով գործողության համար:

Շուտով փոխվելու է նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը: Դեսպանության թեկնածուն, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում հարց ու պատասխանի ընթացքում նշեց, որ իրենք պետք է աշխատեն Քաշաթաղի միջանցքի ապաարգելափակման և Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության պաշտպանության ուղղությամբ:

Ավարտվում է նաև Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնավարման ժամկետը, և այդտեղ էլ կլինի նոր նշանակում:

Այս տարվա սկզբում Հայաստանում նշանակվել էր նաև Հնդկաստանի նոր դեսպան: Նա, ի դեպ, այցելել էր հիվանդանոց` Երասխում վիրավորված հնդկաստանյան քաղաքացիներին տեսակցության: Հատկանշական է, որ Երասխում կառուցվող հայ-հնդկական մետաղագործարանում առկա են նաև ամերիկյան ներդրումներ: Դա ինչ-որ չափով բացատրում է այն, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը դատապարտելով Երասխի մոտակա սրացումը, ի տարբերություն շատ այլ անգամների, շեշտել էր, որ կրակող կողմն Ադրբեջանն է եղել:

Կարելի է նկատել, որ տարածաշրջանում ուժերի վերադասավորում է սկսվում, և գլխավոր խաղացողներն արդեն արել են իրենց քայլերը: Արդյոք հայկական կողմը կկարողանա՞ վարել ճիշտ արտաքին քաղաքական աշխատանք, որպեսզի աշխարհաքաղաքական այդ մեծ խաղում լինի խաղացող, այլ ոչ` խաղատախտակ, իհարկե, ցույց կտա ժամանակը:

Թե՛ Հագարիի կամրջի մոտ թշնամու առաջխաղացման կանխումը, թե՛ մեկ ամիս առաջ Սոթքի ուղղությամբ հայկական կողմի հմուտ գործողությունները հույս են ներշնչում, որ հայկական վառոդամաններում դեռ կա վառոդ, և դեռ կա ուժ ու կամք` ազատագրելու կորսված տարածքները, և` վերականգնելու կորսված ազգային ու մարդկային արժանապատվությունը:

Last modified on Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023 13:52
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ