Ապրիլի 28, 2024

Այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային օրն է

By Անի Աբաղյան Ապրիլի 18, 2022

Այսօր տոնական միջոցառումներ կազմակերպելու փոխարեն հուշարձանների պահպանման ոլորտի մասնագետները նոր մարտահրավերներին դիմակայելու փորձեր են անում: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, հանրապետությունում հաշվառված 346 եկեղեցիներից, վանական համալիրներից ու մատուռներից 169-ը, 42 սրբատեղիից մոտ 14-ը մնացել  են Ադրբեջանի հսկողության տակ` մեզ հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: 

«Ադրբեջանը խեղաթյուրում է մեր պատմամշակության ժառանգությունը: Նախագահի կողմից հրաման կա նաև, որ ոչնչացնեն մեր վիմագիր արձանագրությունները: Նյութական ժառանգությունը կարող ես մի ձևով վերականգնել, բայց ոչ նյութականը մարդն է, համայնքն է, և այդ մարդիկ զրկված են իրենց մշակութային գործունեությունը իրենց հայրենիքում ծավալելու հնարավորությունից»:

 Փառուխի և Քարագլխի վերջին դեպքերի հետևանքով  5 տասնյակից ավելի հուշարձաններ նույնպես վտանգված են: Այդ հուշարձանների պահպանումը առաջնային խնդիր է՝ ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը: 

«Այս տարի, ցավոք սրտի, այս ոլորտում նորից կորուստներ կրեցինք: Փառուխի ու Քարագլխի գործողությունների հետևանքով 5 տասնյակից ավելի հուշարձաններ ավերվել են, ճանապարհաշինարարական աշխատանքների անվան տակ էլ ոչնչացվել են դամբարաններ, գերեզմանոցներ: Այսօր մեր թիվ մեկ խնդիրը հուշարձանները պահպանելն է, միջազգային տարբեր կազմակերպությունների ուշադրությունն այստեղ հրավիրելը»: 

Այսօր լրանում  է Ասկերանի  Պատմական միջավայրի պահպանության շրջանային ծառայության գործունեության 10-րդ տարին, որը ինչպես ծառայության պետ Ալլա Արզումանյանն է ասում, պետք է նշանավորեին տարբերվող միջոցառումներով, բայց...

 «Քարագլխի և Փառուխի վերջին դեպքերից հետո այսօր ոչ մի միջոցառում չենք իրականացրել: Քարագլխի հին գյուղի հատվածում հայտնաբերել ենք  գերեզմանադաշտ 11-րդ դարի թվագրությամբ, մոտ 20 խաչքարեր: Հուսով ենք, որ կգնանք ու մեծ աշխատանք կիրականացնենք այնտեղ»: 

Պատմության ընթացքում պատերազմներն ու արհավիրքները փորձել են ոչնչացնել  մեր մշակութային ժառանգությունը, հատկապես՝ հուշարձանները: Այսօր պետական կառույցները լծված են դրանք վերականգնելու գործով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ շինարարական աշխատանքներ են տարվում սահմանամերձ Ամարաս վանական համալիրում, նախատեսում են աշխատանքներ սկսել նաև Բովուրխանի վանական համալիրում: Նախկինում զբոսաշրջիկներին Արցախ բերող հուշարձաններից շատերն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են: Միայն  հրապարակված տեսանյութերով կամ նկարներով ենք հասկանում, թե ինչ վիճակում են: Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝  օկուպացված տարածքներում գտնվող հուշարձանների պահպանման գործընթացն այժմ փորձում են կարգավորել միջազգային կազմակերպությունները: Բայց նրանք, բացի ոչինչ չասող հայտարարություններից, այլ քայլեր չեն ձեռնարկում՝ ասում է զրուցակիցս: Ադրբեջանն էլ, օգտվելով առիթից, շարունակում է գործել իր դարավոր վարքագծին համապատասխան:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ