Ապրիլի 28, 2024

Պարի միջազգային օրը նշել են նաև Արցախում

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 29, 2022

Կոմիտասն ասել է՝ պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը: Հայկական ազգային պարերն արտացոլում են մեր հավատքը, բողոքը, միասնությունն ու նաև հպարտությունը: Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը միավորել էր երեխաների Արցախի բոլոր շրջաններից: Նրանք պարել են բացառապես ազգագրական պարեր. «Քոչարի», «էջմիածին», «Շորոր», «Բլուլ»: Երեխաներից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի այդ պարերի մասին: Մայան Մարտունու Սոս համայնքից է, նրան ամենից շատը «Էջմիածին» պարն է դուր գալիս:

«Էջմիածինը, որովհետև այն շատ խորհրդանշական ու գեղեցիկ պար է: Այս պարով մենք Աստծուն ենք դիմում, դա ինձ համար շատ կարևոր է»:

Կառնո բարբառով բլուլ նշանակում է փոքրիկ խոտի դեզ: Փոքրիկ բլուլները իրար վրա դարսելով ստացվում է դեզ: Հայի մտքով անցել է նաև ա՛յս աշխատանքը պարի վերածել: «Բլուլ» պարը խոտը կուտակելու գործընթացն է ներկայացնում: Այս պարի պատմությունն է, որ գրավել է փոքրիկ Վիկտորյային:

«Բլուլը խորհրդանշում է մարդու աշխատանքը: Մարդիկ շատ ջանք ու եռանդ են թափում, որպեսզի ունենան իրենց փոքրիկ աշխարհը: Այդ իսկ պատճառով ինձ դուր է գալիս բլուլը»:

2-րդ դպրոցի բակում հավաքված բոլոր երեխաները առանձին խմբերով շուրջպար էին բռնել: Բարձր երաժշտությունը բոլոր անցող-դարձողներին ստիպում էր մի պահ կանգ առնել: Մարդիկ հավաքվեցին, միացան երեխաներին: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանն ասում է՝ պարը հնագույն ժամանակներից ի վեր վեհագույն արժեք է եղել բոլոր ժողովուրդների համար, որովհետև պարը լավագույն միջոցն է հասարակության միասնական կերպարը ի ցույց դնելու համար:

«Պարը հնագույն ժամանակներից հզոր ուժ է իրենից ներկայացրել: Եվ շատ հաճախ մարդիկ պարով են հաջողության հասել: Այսօր մեր երեխաները իրենց պարով մեզ արև են պարգևել»:

Միջոցառումը ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժինն է կազմակերպել: Սա ևս մեկ առիթ էր ազգային երգն ու պարը որպես կենդանի մշակույթի մաս ի ցույց դնելու, հանրայնացնելու և ուսուցանելու համար՝ ասում է բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանը:

«Մեր նպատակն է նպաստել ազգային ինքնագիտակցության զարգացմանը և պահպանմանը, ինչպես նաև նպատակ ունենք վեր հանել շնորհաշատ երեխաների: Մենք անցել ենք 44-օրյա պատերազմի միջով, արհավիրքներ ենք տեսել, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երեխաները դաստիարակվեն հայրենասիրան ոգով»:

Պարը հոգու եղանակն է: Շատ հաճախ նաև ազգային երգն ու պարն է դաստիարակում հայրենասեր սերունդ: Նաև դրանով են կարևոր նման միջոցառումները այնպիսի դժվարին ժամանակաշրջանում, երբ թվում է, թե երգ ու պարի տրամադրություն այլևս չկա:

Արցախի հանրային ռադիո
Last modified on Ուրբաթ, 29 Ապրիլի 2022 14:46
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ