Մայիսի 04, 2024

«Ապրելու Ձայնը» գրական-մշակութային օրեր Արցախում

By Վիկտորյա Սարգսյան Հունիսի 27, 2022

Մեկնարկը տրվեց Ստեփանակերտում, բայց միջոցառումները կշարունակվեն նաև համայնքներում՝ նպատակ ունենալով նպաստել հանրապետությունում մշակութային կյանքի աշխուժացմանը։ Համերգներ, ասմունքի մրցույթներ, հանդիպումներ ու քննարկումներ․ փառատոնի ծրագիրը հագեցած է բազմաբովանդակ միջոցառումներով։ «Ապրելու ձայնը» խորագրով այս նախաձեռնությունը նպատակ ունի ընդգծել, որ անկախ բոլոր մարտահրավերներից, անկախ ունեցած անդառնալի կորուստներից Արցախի սիրտը շարունակում է բաբախել՝ ասում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը։ 

««Ապրելու ձայնը» Արցախի և արցախցու ապրելու ձայնն է գրականության և մշակույթի լեզվով։ Արցախի գրականության ու մշակույթի մասին պետք է խոսել ոչ միայն հայրենիքում,  այլ նաև հայրեիքի սահմաններից դուրս։ Քանի որ պատերազմը ոչ միայն սահմանին է, այլ սահմանից այս կողմ ևս»։ 

Համազգային հայ կրթական և մշակութային միության դռները միշտ բաց են՝ հատկապես երիտասարդների համար՝ ասում է Հերմինե Ավագյանը։ Միությունը տարբեր նամակներ և առաջարկներ է ստանում, քաջալերում այդ առաջարկների իրականացումը։ Դրանց շարքում էր նաև արցախցի երիտասարդ գրող Սերգեյ Սաֆարյանի նամակը, որով նա առաջարկել է հետպատերազմյան Արցախում իրակացնել գրական օրեր։ 

«Մեր կենտրոնական վարչությունը հավանություն տվեց այդ ծրագրի կյանքի կոչմանը, և Սերգեյի հետ միասին կազմեցինք այս օրերի գրական-մշակութային միջոցառումների շարքը, որոնք շարունակվելու են մինչև հուլիսի 1-ը»։

 Գաղափարի հեղինակ Սերգեյ Սաֆարյանի խոսքով՝  նախաձեռնության հիմքում է նաև Արցախի, Հայաստանի և Սփյուռքի գրական ընտանիքների փոխհամագործակցության ընդալյնումը։ Նա հույս ունի, որ «Ապրելու ձայնը» ավելի մեծ ծրագրերի և նախաձեռնությունների սկիզբ կլինի։ 

«Միայն շփումն արդեն դրական արդյունքներ է տալիս, որովհետև, ինպես ասում են, «Մի ձեռքը ծափ չի տա»։ Պետք է համախմբվենք և կարողանանք մեր մշակույթը ցույց տալ աշխարհին։ Ես վստահ եմ, որ այս 7 օրերի ընթացքում ավելի ակնառու կդառնան մեր ստեղծագործողների գործերը»։

 Այսօր մշակութային լուրջ քաղաքականություն է անհրաժեշտ թե՛ Արցախին և թե՛ Հայաստանին։ Եվ պատերազմից հետո նման միջոցառումները ամենահարկավորներից են՝ ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ 

«Ամենապակասավոր բաներից մեկը՝ զենքից, զրահից զատ, դա մշակութային դիվանագիտությունն է։ Մենք զլացել ենք, չենք գնահատել այդ ասպարեզի կարևորությունը և այսօր զարմանում ենք, թե ինչու   է աշխարհը մեր ցավի հանդեպ անտարբեր մնում»։ 

«Ապրելու Ձայնը» գրական-մշակութային օրերի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Նա ընդգծեց, որ պատերազմից հետո նման խորագրով միջոցառումները հնարավորություն են տալիս հոգևոր ուժով հաղթահարել ծագած խնդիրները։ 

«Բարձր ենք գնահատում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի, Արցախի և Հայաստանի գրողների միությունների ջանքերը ինչպես այս միջոցառման համատեքստում, այնպես էլ սրանից առաջ և հետո։ Արցախի կառավարությունը պատրաստ է առավելագույնս աջակցել այսպիսի նախաձեռնություններին»։

 Միջոցառմանը ողջույնի խոսք ասաց ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը․ 

«Իզուր չէ ասել Սերգեյ Գորոգեցկին, որ Արարատյան աշխարհը պահելու համար պետք է տիրել Ղարաբաղին։ Եվ մենք դրան կպատասխանենք յուրովի արցախյան մոտեցմամբ՝ Արցախում ապրելով»։

 Միջոցառման շրջանակներում գրական-մշակութային երեկոներ կանցկացվեն Նոր շենում, Աշանում և մայրաքաղաք Ստեփանակերտում։ Մարտակերտում և Ճարտարում նախատեսված են երգիչ Արթուր Խաչենցի համերգները,    հանդիպումներ Արցախի գրական ընտանիքի, ինչպես նաև մտավորականների հետ։ «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում կանցկացվեն նաև մրցույթներ, այդ թվում երիտասարդ ստեղծագործողների համար։ Գրական-մշակութային օրերը կամփոփվի մեծ համերգով՝  սիրված երգչուհի  Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ