Մայիսի 02, 2024

Հունիսմեկյան միջոցառում զոհված և անհայտ կորած անձանց երեխաների համար

By Մարգարիտա Ղուշունց Մայիսի 14, 2022

 Երեխաների տոնը տոնական դարձնողները մեծերն են։  Նրանց բացակայությունը շատ գույներ է պակասեցնում երեխաների կյանքից, առօրյա ու տոն օրերից։  Այդ բացը լրացնել հնարավոր չէ, իհարկե։ Բայց ‹‹Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միությունը›› որոշել է  ուժերի ներածին չափով տոն պարգևել  մինչև տասներկու տարեկան ծնողազուրկ    երեխաներին։ Կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանն է պատմում․  

«Բոլորս գիտակցում ենք, որ մեր տղաները չկան և հնարավորինս պետք է անենք, որպեսզի նվազագույնի հասցնենք ծնողների պակասության զգացողությունը և այդ առումով փորձելու ենք ամեն ինչ, որ այդ օրը բալիկներին ժպիտ պարգևենք։ Մի փոքր կտրվեն ամեն ինչից և վայելեն իրենց մանկությունը»։ 

Միջոցառման մշակութային մասն ապահովում է ԿԳՄՍ նախարարությունը։ Մեծ սիրով են համաձայնել առաջարկին՝  ասում է զրուցակիցս։ Այդ օրը երեխաները տուն կտանեն ոչ միայն  վառ տպավորություններ, այլ նաև հատուկ իրենց համար ընտրված  նվերներ։ 

«Մենք երեխաններին բաժանում ենք  խմբերի։  6 խումբ է լինելու, նաև առանձնացնում ենք ըստ սեռի, որպեսզիի նվերները գնելիս ընտրենք համապատասխան նվեր։ Ուզում ենք, որ բոլոր նվերները օգտակար և նպատակային լինեն»։ 

Միջոցառմանը մասնակցելու   համար հատուկ փաստաթղթեր պետք չէ ներկայացնել։ Միությունն ունի բոլոր զոհված և անհետ կորած անձանց տվյալները։ Պետք է միայն մոտենալ միության գրասենյակ՝ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատ։ Այստեղ աշխատում են առանց հանգստյան օրերի՝ ասում է Միության նախագահը։ Երեսուն երեխա արդեն գրանցվել է, տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետը մայիսի 25-ն է․ 

«Պարտադիր չէ, որ տոմսը վերցնելու համար ներկայանա հենց զոհվածի կինը, կարող է հարազատներից մեկը մոտենա, ներկայացնի զոհվածի անունը, գրանցվի և վերցնի։ Հունիսի 1-ին պետք է ծնողը երեխայի հետ ներկայանա, ցանկության դեպքում, մասնակցի   միջոցառմանը և ստանա իր նվերը։ Այսպիսի հարցերում, կարծում եմ, խարդախության չեն դիմի»։

Ցանկություն կար միջոցառումներ կազմակերպել նաև շրջաններում՝ ասում է Արմեն Ասրյանը։  Բայց միջոցների սղության պատճառով չեն կարող։  Նրանք կարող են մասնակցել այս միջոցառմանը։ Գրանցված, բայց  միջոցառմանը չներկայացած երեխաները կարող են նվերները ստանալ հոջորդող օրերին ‹‹Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն›› ՀԿ գրասենյակից։  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ