Ապրիլի 29, 2024

Արցախցի բժիշկները ամպուտացված ձեռքի վերականգնման բարդ վիրահատություն են իրականացրել

By Ասպրամ Ավանեսյան Հոկտեմբերի 19, 2022
Ամպուտացված վերին վերջույթի վիրահատություն․ Արցախցի բժիշկներն այս մարտահրավերը պատվով հաղթահարեցին։ Հաստոցով աշխատելու ընթացքում՝ անփութության հետևանքով, շուշեցի Տիգրան Մուսայելյանի վերին վերջույթն ամպուտացվեց։  20-ամյա երիտասարդը արագ կողմնորոշվեց․ մենակ էր, անմիջապես շտապեց գրասենյակ, խնդրեց, որ գնան ամպուտացված ձեռքի հետևից և իրեն հիվանդանոց տանեն։ 
 
«Այդ պահին վազելով գնացի մեր օֆիս, այնտեղից ինձ մեքենայով բերեցին հիվանդանոց։ Մեր աշխատողներից մեկին ձեռքիս տեղը բացատրել եմ, գնացել է՝ բերել հիվանդանոց»։
 
 Բժիշկներն իսկույն  որոշում կայացրեցին․ դեպքից րոպեներ անց  հիվանդն արդեն վիրահատական սեղանին էր։ Միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների գլխավորությամբ  վիրահատությունը սկսեցին։ Գերխնդիրը՝ երիտասարդին վերադարձնել առանց թերությունների ապրելու իրավունքը: Բժիշկ Զաքարյանն է մանրամասնում․ 
 
«Հիվանդին ծանր վիճակում բերել են հիվանդանոց։ «Emergency» բաժանմունքում ձեռնակրել ենք հակաշոկային աշխատանքներ ու հիվանդին միանգամից բարձրացրել վիրահատության։ Այնտեղ արդեն կազմակերպել ենք հիվանդի վերին վերջույթի վերականգնման վիրահատություն։ Ռեպլանտացիան անցել է հարթ, հետվիրահատական շրջանում եղել են բարդություններ, որոնք շատ շուտ շտկվել են։ Հիմա արյունը մատակարարում է»։ 
 
Վիրահատության ընթացքը դժվար էր։ Դժվար էր նաև հետվիրահատական շրջանը։ Տիգրանի ձեռքի անոթներն աշխատում են, մնում է մկաները վերականգնվեն, որպեսզի կարողանա շարժել ձեռքը։ Բժիշկներն աշխատում են վերքերի հետ, նաև դեղորայքային բուժում է նշանակվել։ Նախատատրաստվում են երկրորդ վիրահատությանը։ 
 
«Վնասվածքը եղել է տրակցիոն մեխանիզմով։ Տարբեր մակարդակներում տարբեր հյուսվածքներ են պոկվել, այդ պոկված մակարդակների վրա պետք է նորից աշխատել»։ 
 
Բժիշկ Զաքարյանը Հանրապետական հիվանդանոցում աշխատում է 2002 թ-ից։ Պրակտիկայի ընթացքում 3-րդ նման ծանրության դեպքն է՝ ասում է։ Նման դեպքի ականատես են եղել նաև 2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի 1-ին օրը։
 
 «Նույնատիպ դեպքեր եղել են։ Սեպտեմբերի 27-ին հղի կին են բերել, բեկորային վիրավորումով՝ աջ բազկի վերին երրորդականից պոկված ձեռքով։ Մանկաբարձները վիրահատել են՝ կեսարյանով հանել են պտուղը, որից հետո մենք ենք վիրահատել։ Քանի որ այդ ժամանակ մենք հնարավորություն չունեինք հետագա բուժման համար պահել հիվանդին, նրան տեղափոխել են Հայաստան։ Հետագա բուժումն այնտեղ է անցել»։ 
 
Նման դեպքերից հետո վերջույթները 100 տոկոսով չեն կարող վերականգնվել՝ ասում է բժիշկ Իգոր Զաքարյանը։ Այստեղ վտանգավորը ռեաբիլիտացիոն շրջանն է, ամբողջությամբ վերականգնվելու համար նյարդերը պետք է աճեն։
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ