Ապրիլի 28, 2024

Շրջանային բուժմիավորումներում նույնպես մասնակիորեն վերսկսվել են վիրահատությունները

By Վիկտորյա Սարգսյան Մայիսի 03, 2023

Շրջափակմամբ պայմանավորված՝ Արցախի բուժհաստատություններում շուրջ 4 ամիս պլանային վիրահատություններ չեն իրականացվել: Պատճառը դեղորայքի ու բժշկական պարագաների բնականոն մատակարարման խնդիրներն էին: Վերջին տվյալներով՝ շուրջ 1130 պլանային վիրահատություն էր չեղարկվել: Վերջերս ԱՆ-ը որոշում է կայացրել մասնակիորեն վերսկսել պլանային վիրահատությունները մայրաքաղաքում և շրջաններում: Ինչպես հեռախոսակապով ի պատասխան մեր հարցին հայտնեց Մարտունու շրջանային բուժմիավորման տնօրեն Ռուբեն Բաղդասարյանը. 

«Շրջափակումից հետո պլանային վիրահատությունները կանգնեցրել էինք և միայն անհետաձգելի վիրահատություններ էինք անում: Շուրջ մեկ ամիս է արդեն սկսել ենք պլանային վիրահատություններ անել: Այսինքն այն ախտորոշմամբ հիվանդները, որոնց վիրահատություննները երկար չենք կարող հետաձգել, վիրահատում ենք»:

 Մարտակերտի շրջանային բուժմիավորումում նույնպես վերսկսվել են պլանային վիրահատությունները: Դարձյալ հեռախոսակապով բուժմիավորման տնօրեն Գագիկ Օհանյանն է մանրամասնում. 

«Որոշ հիվանդների ուղարկել ենք ՀԲԿ, այնտեղ են վիրահատվել: Բայց վիրահատություններ են իրականացվում նաև մեզ մոտ: Ունենք համապատասխան մասնագետներ: Բայց մեր շրջանային բուժմիավորման ամենակարևոր խնդիրը նեղ մասնագետների պակասն է»:

 Մարտունու շրջանային բուժմիավորումը շարունակում է բնականոն աշխատանքը՝ 24-ժամյա ռեժիմով: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակ աշխատում են գեներատորներով: Ռուբեն Բաղդասարյանի խոսքով. 

«Մի քիչ դժվարություններով վառելիքը ձեռք ենք բերում, բայց հիվանդանոցը առանց լույս չի մնում: 100 տոկոսով, 24 ժամ հիվանդանոցը աշխատում է: Ինչ վերաբերում է դեղորայքին, կարելի է ասել լիովեն ապահովված ենք, նույնիսկ այն դեղերով, որոնք անվճար տրամադրվում են քաղաքացիներին: Լինում են դեպքեր, երբ որոշ դեղեր պակասում են, դիմում ենք Կարմիր Խաչին, իրենք բերում են»:

 Իր հերթին Գագիկ Օհանյանը Մարտակերտից հայտնեց, որ առկա դեղորայքը փորձում են օգտագործել նպատակային՝ առաջնահերթություն տալով ծանր հիվանդներին, հղիներին, երեխաներին: 

«Դեղորայքի պարագայում, մեծ մասը նախարարությունն է մեզ տրամադրում: Բժշկական սարքավորումների և դեղորայքի որոշ մաս էլ մենք ենք փորձում ձեռք բերել՝ էլի նախարարության աջակցությամբ: Տեղափոխման հարցերը իրենք են կարգավորում: Ճիշտ է, ամեն ինչ սահմանափակ է, առաջվա պես չի, այդ պատճառով աշխատում ենք դեղորայքը օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում»:

 Մարտունու շրջանային բուժմիավորումում մասնագետների պակաս գրեթե միշտ էլ եղել է: Խնդիրը ավելի է սրվել պատերազմից հետո: Ռուբեն Բաղդասարյանի խոսքով՝ այսօր բուժմիավորումը մասնագետներով ապահովված է շուրջ 80 տոկոսով:

 «Վերջին տարվա ընթացքում 2 գինեկոլոգ են եկել մեզ մոտ: Նրանք Մարտունու շրջանից են, ովքեր ավարտել են համալսարանը և եկել մեզ հետ աշխատելու: Մեկ ներզատաբան է եկել, Գեղարքունիքից սրտաբան ենք հրավիրել: ԼՕՐ բժշկի հետ ենք պայմանագիր կնքել, ով ՀԲԿ-ում է աշխատում, բայց շաբաթական երկու անգամ կգա մեզ մոտ: Շատ լուրջ էր անաստեզիոլոգի խնդիրը: Մոտ 3 տարի է անաստեզիոլոգ չունենք: Վերջերս պայմանագիր ենք կնքել, շաբաթական մեկ անգամ ՀԲԿ-ից անաստեզիոլոգ է գալիս»:

 Մարտակերտի շրջանում խնդիրը ավելի լուրջ է: Մինչ շրջափակումը խնդիրը որոշակիորեն մեղմացվում էր հրավիրված մասնագետների շնորհիվ: Բայց այսօր, հայտնի պատճառներով, գործընթացը կասեցվել է: 

«Ունենք նյարդաբանի, քիթ-կոկորդ-ականջաբանի, ներզատաբանի, ակնաբույժի և մանկաբույժի խնդիր: Տեղամասային հիվանդանոցներում ունենք թերապևտի խնդիր: Բայց այս խնդիրները նոր չեն, արդեն 2-3 տարի է»: 

Շրջափակման 5-րդ ամսվա ընթացքում օր օրի ավելանում են խնդիրները: Առողջապահական համակարգը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված: Բայց զրուցակիցներս հավաստիացնում են՝ գործադրում են բոլոր ջանքերը աշխատանքը ավելի համակարգված կազմակերպելու և բնակչության պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ