Ապրիլի 29, 2024

Արտակ Բեգլարյանը ամփոփել է իր պաշտոնավարման ժամանակաշրջանը

By Վիկտորյա Սարգսյան Նոյեմբերի 03, 2022

Արտակ Բեգլարյանը շարունակելու է պետական ծառայությունը, բայց թե ի՞նչ ոլորտում և ի՞նչ գործառույթներով՝    լրացուցիչ կհայտարարվի առաջիկայում։Պետական նախարարի պաշտոնը Արտակ Բեգլարյանը ստանձնել է 2021 հունիսի 1-ից՝ հետպատերազմյան ծանր ժամանակաշրջանում՝ համակարգելով առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությունների գործունեությունը։ Իր կառավարման ներքո են նաև բնակարանային հարցերի կոմիտեն և բնապահպանության կոմիտեն: Արտակ Բեգլարյանը նշում է՝    ճգնաժամային իրավիճակն այսօր էլ շարունակվում է։  

«Չէի ասի, որ պետական համակարգն այդ ճգնաժամին պատրաստ էր: Բավականին մեծ բացթողումներ են եղել։ Բայց հաջողություններն էլ բավականին շատ են։ Այս երկու տարվա ընթացքում վերականգնողական մեծ աշխատանքներ են տարվել՝ ենթակառուցվածքային, սոցիալական ծրագրեր, որոնք Արցախի Հանրապետության բնակիչների կյանքը պահել են որոշակի կայուն պայմաններում»:

Արցախում գլխավոր խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը՝ ասում է Արտակ Բեգլարյանն ու նշում՝ նման ծանր պայմաններում կարելի էր ավելի լավ արդյունքների հասնել, եթե կառավարման համակարգը արդյունավետ գործեր։ Որպես կարևոր խնդիր, պետնախարարը առանձնացնում է նաև պետական մարմինների, պաշտոնյաների հանդեպ հասարակության վստահության պակասը, որը շատ ավելի սուր է արտահայտվել պատերազմից հետո։ Հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվել պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․

«Ընթացքում սովորել եմ կառավարման մեթոդներ, հետո փորձից ելնելով բարելավել եմ իմ և գործընկերներիս աշխատանքի արդյունավետությունը: Խնդիրներին չեմ վերաբերել որպես կետային, անհատական խնդիրներ, այլ վեր եմ հանել դրանք, օրենքներով կարգավորում եմ տվել դրանց: Ստեղծել ենք նորմատիվ հիմքեր և համակարգը սկսել է արդյունավետ աշխատել»։

Պետնախարարի խոսքով՝ հաջողություններ են արձանագրվել մասնավորապես բնակարանային ապահովման, շինարարության, սոցիալական ոլորոտներում։ Կրթության ոլորտում ունեցած ձեռբերումներից Արտակ Բեգլարյանը գոհ չէ։ Կրթական համակարգը շատ ավելի լուրջ բարեփոխումների կարիք ունի։

«Բայց սա ամենածանր ոլորտներից մեկն է։ Մարդկային ռեսուրսների նման պայմաններում համակարգը արագ կարգավորել հնարավոր չէ։ Բայց որպես իմ անձնական հաջողություն եմ համարում «Անանիա Շիրակացի» ճեմարանի հիմնումը Արցախում։ Եվ համոզված եմ, որ 1-2 տարվա ընթացքում հաջողություններն ավելի մեծ կլինեն։ Հաջորդ հաջողությունը «Երկարօրյա դպրոց» ծրագրի հիմնումն է։ Այստեղ տեմպերը մի քիչ դանդաղ են, կարծում եմ՝ հաջորդ տարի կկարողանանք ավելի մեծ թափ հաղորդել»։

Կառավարության որոշմամբ՝ օկուպացված տարածքների՝ պետբյուջեից ֆինանսավորվող հիմնարկները ընթացիկ տարվա հունիսի 1-ից պետք է լուծարվեին, որի հետևանքով ավելի քան 3500 մարդ կկորցներ իր աշխատանքը։ Որոշման նախագծի իրագործումը հետաձգվել է մինչև գալիք տարվա հունվարի 1-ը: Պետնախարարի խոսքով՝ հունվարի 1-ից այդ փոփոխություններն արդեն իսկ տեղի կունենան։

«Հունվարի 1-ից այդ փոփոխություններն արդեն իսկ տեղի կունենան: Նշեմ,որ 3500 անձանցից կեսից ավելին արդեն աշխատանք ունի՝ գրանցված կամ ստվերային: Վերջին ամիսներին էլ զբաղվածության ապահովման առումով լրացուցիչ դրական զարգացումներ են տեղի ունեցել: Իմ հանձնարարությամբ՝ օգոստոսին աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել, որի շրջանակներում մոտ 1500 թափուր աշխատատեղ է ներկայացվել: Արդյունքում՝ որոշակի թվով քաղաքացիներ՝ այդ թվում նաև տեղահանված, աշխատանք են գտել»։

Պետնախարարի խոսքով՝ հաջողվել է նաև բարձրացնել տեղահանված արցախցիների բնակապահովման գործընթացում արդարության ապահովման աստիճանը։ Բայց դեռևս կարգերը լրացուցիչ վերանայելու և ավելի միասնական կարգ ձևավորելու կարիք կա:

«Բավականին շատ խնդիրներ արդեն լուծված են բնակարանային ապահովման ոլորտում: Ես անկեղծորեն կարող եմ ասել, որ իմ գլխավոր հաջողությունն է, որ այս ոլորտը կարողացել եմ բավականին կարգավորել և արդարացի դարձնել: Բայց, այո, ես ընդունում եմ, որ հանրային վերահսկողության մեխանիզմները ավելի արդունավետ պետք է լինեն»։

Հանդիպման վերջում Արտակ Բեգլարյանը պատրաստկամաություն է հայտնել շարունակելու իր համագործակցությունը լրագրողների հետ։ Նա նշել է, որ կարևորում է չորրորդ իշխանության դերը հանրային վերահսկողության, հարցերը արդյունավետ կերպով բարձրացնելու և լուծումներ փնտրելու առումով։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ