Մայիսի 03, 2024

Աշխարհահռչակ արտիստները կդառնան Արցախի ձայնը․ երաժշտական փառատոն ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի

By Լիլիթ Բլեյան Օգոստոսի 08, 2023

Աշխարհի տարբեր երկրներնում ապրող ու ստեղծագործող ավելի քան 3 տասնյակ հայ ու օտարազգի արտիստներ միացել են Արցախի խաղաղության փառատոնին ու դարձել Արցախի ձայնը։ Արտիստները նախ Արցախի աղետի մասին պատմող նամակ–մանիֆեստ են ստորագրել, ապա տարածել դա սոցիալական ցանցերում։ Նախաձեռնության հեղինակ երգահան–կատարող Լիլիթ Բլեյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմել է՝ այս կերպ առաջին հերթին տեղեկատվական արշավ են իրականացնում, փորձում են հանրահայտ դասական երաժիշտների շուրթերով աշխարհին պատմել Արցախի ու այնտեղ ստեղծված հումանիտար աղետի մասին։

Արցախին նվիրված երաժշտական փառատոն՝ Արցախից դուրս, բայց Արցախի համար։ Երգահան–կատարող Լիլիթ Բլեյանի նախաձեռնած «Արցախի խաղաղություն» փառատոնը աշխարհասփյուռ հայ կատարողների, երաժիշտների շուրթերով աշխարհին կպատմի Արցախի շրջափակման, հումանիտար աղետի ու արցախցիների կյանքի ու մահվան պայքարի մասին։ Վիրտուալ փառատոնին միացած արտիստները նամակ–մանիֆեստ են ստորագրում, տարածում դա սոցիալական ցանցերում և իրենց բազմահազարանոց լսարանին պատմում շուրջ 8 ամիս շարունակվող արհավիրքի մասին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է Լիլիթ Բլեյանը։

Իմ պատկերացմամբ այն դասական արտիստները, որոնք միջազգային լուրջ բեմերում են հանդես գալիս՝ կլինի օպերային թատրոններ, ֆիլարմոնյաներ, ունեն բավականին լուրջ հանդիսատես, և պետք է այդ արտիստների ձայնը Արցախի շուրջ գեներացնելով, նրանց լսարանի ուշադրությունը բերել Արցախի վրա։

Իսկ ի՞նչ կարող եմ անել ես Արցախի ու արցախահայության համար․ հենց այս հարցի պատասխանը դարձավ փառատոնի հիմքը՝ անկեղծանում է երգահանը։ Սկզբում կապ է հաստատել իր գործընկեր երաժիշտների հետ, հետզհետե շրջանակն ավելի է մեծացել, ու այս պահի դրությամբ, ավելի քան 3 տասնյակ արտիստ աշխարհի տարբեր երկրներից դարձել է Արցախի ձայնը։

Սա սիմվոլիկ ակցիա է դառնում, իրենք ունեն ձայն, որը հնչեցնում են արվեստ, երաժշտություն ու գեղեցկություն տարածելու համար, իսկ այսօր իրենց ձայնը օգտագործում են Արցախի խնդիրը, Արցախի շրջափակման խնդիրը, լրջագույն ու ծանրագույն ճգնաժամի հարցը բարձրաձայնելու համար։

Բարիտոններ Ակսել Դավոյանը, Նավասարդ Հակոբյանը, Գուրգեն Բավեյանը, աշխարհահռչակ սոպրանոներ Մարիա Գուլեգինան, Ռուզան Մանթաշյանը, Լիանա Հարությունյանը, ջութակահարուհի Նարինե Դելալյանը և այլք փառատոնի միջոցով դիմում են իրենց հանդիսատեսին՝ մենք երկար տարիներ լցրել ենք ձեր սրտերը գեղեցիկ մեղեդիներով և ներդաշնակությամբ, այժմ էլ, ահա, խնդրում ենք, որ դուք բաց պահեք ձեր ականջներն ու սրտերը պաշարված արցախցիների ձայնի համար։ Մեզ հե՛տ եղեք այս ծայրահեղ պահին, եկե՛ք միասին ավելի բարձր հնչեցնենք Արցախի ժողովրդի ձայնը․ ասված է տարածվող հաղորդագրության մեջ։

Արցախի սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, ավագ ու կրտսեր բարեկամնե՛ր, արդեն քանի տարի Աստծո պարգևած խաղաղությունը վայելելու մեր տենչը միավորել է բոլորիս։

«Արցախի խաղաղության» փառատոնին է միացել նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Նա կոչով դիմել է ոչ միայն փառատոնին միացած արտիստներին, այլև արցախցիներին։

Այս գողտրիկ աշխարհը այսօր նորից ծայրահեղ ծանր օրեր է ապրում, նորից մռայլ ամպեր են կուտակվել նրա չնաշխարհիկ երկնակամարում։ Մարդկային ու մարդասիրական աղետի օրհասական այս օրերին հայությունը դիմադրում է ու դիմանում։

Այս փառատոնն առաջին հերթին տեղեկատվական արշավ է։ Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում 120 հազար հայ մարդու կյանքում իրենց պապական հողի վրա՝ շեշտում է երգահան–կատարող Լիլիթ Բլեյանն ու ընդգծում՝ իրենք պարզապես հարթակ են ստեղծել սրտացավ մարդկանց համար։ Կոչը մեկն է՝ պետք է չլռել ու գործել։

Եվ ամենակարևորը՝ սա ուղղված է հենց Արցախի ժողովրդին, որ իրենք տեսնեն, որ այն արտիստները, որոնք այս պահին զրկված են իրենց համար հենց Արցախում ելույթ ունենալու հնարավորությունից, իրենք իրականում իրենց հետ են և նշանակություն չունի, թե այս պահին որ բեմում են, որտեղ են ելույթ ունենում, Վերդի են ներկայացնում, թե Բախ իրենք մտքով ու սրտով Արցախում են ու այդ դժվարությունները կրող մարդկանց կողքին։

Նախաձեռնող թիմի անդամները նաև հեռահար նպատակ ունեն։ Ծրագրում են կյանքի ճանապարհը բացվելուն պես նաև հենց Արցախում դասական երաժշտության իրական փառատոն կազմակերպել, որին հրավիրված կլինեն բոլոր այն արտիստները, ովքեր այսօր կդառնան Արցախի ձայնը։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ