Մայիսի 04, 2024

Ստեփանակերտի օղակաձև այգում ավանդական եղևնին շողում է՝ ամանորյա լույսերով

By Անի Աբաղյան Դեկտեմբերի 25, 2021

Տոնական եղևնին իր շուրջն էր հավաքել փոքրիկներին, որոնք իրենց երգով համոզում էին եղևնուն՝ փայլի ու լուսավորվի:  10, 9, 8, 7․․․․ 3, 2, 1: Եղևնին փոխեց հանդեձանքը, այլևս այն  տոնածառ է։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։ Արդեն երկու տարի է Արցախի գլխավոր  տոնածառը չի զարդարվում, չի շողում, Նոր տարի չի ավետում։  Բայց  քաղաքապետի  տեղակալ Սուրեն Թամրազյանը կարծում է, որ այսօր տոնական եղևնին իր լույսերով տոնական շունչ կհաղորդի արցախցիներին:

«Սա տոնակատարություն չէ, այլ փոքրիկ միջոցառում, որը կուրախացնի մեր երեխաներին»:

Եղևնու լույսերի հանդիսավոր միացման միջոցառմանը ներկա չէին Ձմեռ պապն ու ձյունանուշը, բայց փոքրիկները համոզված են, որ իրենց նամակներն արդեն հասել են նրանց։ Այժմ  անհամբերությամբ սպասում են նվերներին:

«Ես ձմեռ պապիկից ուզում եմ հեծանիվ»։

«Ես ձմեռ պապիկից ուզում եմ հեռախոս»։

Եթե Ամերիկայի փոքրիկների ամանորյա երազանքը կոմիքսների հերոսներին տեսնելն է, շվեյցարիացիներինը՝ տաք եղանակը, ապա Արցախում մեծ ու փոքր մեկ երազանք ունեն, ուզում են, որ Ձմեռ պապն իր պարկի մեջ խաղաղություն բերի:

«Ես Ձմեռ պապիկից խաղաղություն եմ ուզում»։

«Իմ երազանքն այն է, որ այս փոքրիկները մինչև ծերություն ապրեն Արցախում»։

«Խաղաղ երկինք ենք ուզում, առանց պատերազմի կյանք»։

Մի քանի օրից հրաժեշտ կտանք դժվարություններով լի  2021-ին։ Թե ինչ կբերի  2022-ը՝ դեռ չգիտենք։ Բայց մեծ ու փոքր ուզում են հավատալ, որ այն կայունություն ու խաղաղություն  կբերի Արցախին ու ողջ աշխարհին։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ