Մայիսի 15, 2024

Վիրավորված քաղաքացու վիճակը բժիշկները բավարար են գնահատում։ Ինչպիսի՞ իրավիճակ է Խրամորթում

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 10, 2022
Վիրավորված քաղաքացու վիճակը բժիշկները բավարար են գնահատում։ Ինչպիսի՞ իրավիճակ է  Խրամորթում Life after war: Artsakh

  Սուրեն Բաղրյանը վիրավորումը  ստացել  է մեջքի շրջանում, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ   հակառակորդի կողմից ականանետից արձակված կրակոցից: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար։ Սուրեն Բաղրյանը  «Արցախ» լրատվականին   պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։     

«Գիշերը կրակում էին, դե իրավիճակը մի քիչ լուրջ էր։ Առավոտյան ժամը 10։30 գնացել եմ աշխատանքի, ամեն ինչ ոնց որ լավ էր, խաղաղ էր։ Թշնամին   երաժշտություն էր միացրել, չգիտեմ՝ երգում էին, թե պարում։ Մի 10 րոպե հետո մի պայթյուն լսվեց։ Արկն ընկել էր հավաբնի վրա, ես էլ մոտակայքում էի, բեկորը մեջքիս կպավ։ Այդ պահին տպավորություն էր, թե ողնաշարս կոտրվել է»։

 Սուրեն Բաղրյանին բժշկի է տարել ընկերը։ Ասկերանի բժշկական հաստատությունում վերքը մշակելուց և բեկորը հեռացնելուց հետո նրան բերել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն։ Բժիշկ-վիրաբույժ Գրիգորի Առուստամյանի խոսքով՝ հիվանդը բժիշկների վերահսկողության տակ կմնա ամենաշատը մեկ օր։ Վիրավորն  արդեն իրեն լավ է զգում, իր առողջական վիճակի մասին խոսելիս ասում է, որ իր հետ ամեն ինչ ներմալ է, կարևորը հայրենի գյուղին որևէ բան չլինի։ 

«Այդ պահին խուճապի չեմ մատնվել։ Ինչքան ավելի ներշնչես, ցավն այնքան ավելի ծանր  ես տանելու։ Դեպքից հետո ես իմ ոտքով գնացել եմ, ընկերս արյունը մաքրել է,   տարել Ասկերան։ Այնտեղից էլ ընկերոջս մեքենայով տեղափոխվել ենք Ստեփանակերտ։ Հիմա այդքան շատ ցավեր չունեմ, միգուցե հետո ցավելու է, հիմա ամենածանր ցավը սրտիս ցավն է»։

 Խրամորթցի կանանց ու երեխաներին գյուղից հանել են։ Տղամարդիկ են  գյուղում։ Սուրեն Բաղրյանի կինը հիվանդանոցում էր, ասում է գյուղում, կարծես թե, խուճապ չկար։ 

«Խուճապ չկար, բայց այն ընտանիքները, որոնք մեքենա ունեին, դուրս են եկել գյուղից։ Երեխաները վախենում էին։ Մենք վերջինը դուրս եկանք գյուղից։   Երբ արկերից սկսեցին  բեկորներ թափվել մեր տանիքին, զանգեցի տղայիս, եկավ մեզ էլ հանեց գյուղից»։

 Ամբողջ օրվա ընթացքում «Արցախ» լրատվականը կապի մեջ է եղել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ։ Շրջվարչակազմի ղեկավարի խոսքով՝ վերջին դեպքից հետո իրավիճակը կայունացել է,  17։00-ի դրությամբ ամեն ինչ նորմալ է, կրակոցներ ու պայթյուններ չկան։

 «Խրամորթի գյուղապետը հենց նոր զանգեց, ասում է ամեն ինչ հանգիստ է, ոչ մի շարժ չկա։ Հիմա արդեն գյուղացիները իրենց տեղերում են, անցել են իրենց ամենօրյա աշխատանքիներին։ Ռուս խաղախապահներն էլ գյուղում են տեղակայվել»։

Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը  նույնպես «Արցախ» լրատվականին ասաց, որ իրավիճակը կայունացել է նաև Մարունու շրջանում։  «Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող հանցավոր քաղաքականություն է՝ միտված իրենց բնօրրանում ապրող մարդկանց կյանքն ու անվտանգությունը ոտնձգելուն, նրանց ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն։ Ակնհայտ է նաև, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է։ Մյուս կողմից, սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը»,- տեղի ունեցածի մասին ասել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։  Նա խոստացել է  դեպքի մասին  տեղեկություններ ուղարկել համապատասխան միջազգային կազմակերպություններին և դեսպանություններին։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ