Մայիսի 07, 2024

Հզոր կանայք, հզոր համայնք․ Ասկերանի կանայք են զարգացնում համայնքը

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 10, 2022

«Ասկերանի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակը մեկ տարվա պատմություն ունի․ Ալլա Արզումանյանի ու մի խումբ այլ ակտիվ կանանց նախաձեռնությամբ և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի աջակցությամբ կենտրոնի կողմից իրականացվել է «Հզոր կանայք, հզոր համայնք» ծրագիրը, որը տասնյակ շահառու կանանց հնարավորություն է տվել հիմնադրել կամ զարգացնել արդեն գոյություն ունեցող բիզնես նախաձեռնությունը։ Օրերս կենտրոնը նշել է իր գործունեության առաջին տարեդարձը, ներկայացրել յուրատեսակ հաշվետվություն  մեկ տարվա գործունեության մասին։ Առաջին նախագծերն արդեն իրականություն են․ կենտրոնի ղեկավար Ալլա Արզումանյանը հպարտությամբ է ներկայացնում ծրագրի շահառուներին ու նրանց գործունեությունը կարևոր քայլ համարում համայնքի զարգացման գործում։ 

«Իրականացրել ենք զարգացման ծրագրեր կանանց մասնակցությամբ։ Ծրագրին դիմած կանանցից մրցութային փուլն անցել են 10-ը։ Փոքր դրամաշնորհներով նրանք կյանքի են կոչել իրենց գաղափարները, մտահղացումները։ Բիզնես նախագծերը տարբեր ոլորտներ էին ընդգրկում՝ գյուղատնտեսությունից մինչև ֆլորիստիկա և այլն»։

 Կենտրոնի հիմքը դարձավ Ասկերանում մինչ այդ գործող «Մայրիկ» սրճարանը, որտեղ սիրում էին հավաքվել երիտասարդներ, մեծամասամբ՝ կանայք՝ քննարկելու իրենց մտահղացումները, կիսվելու մտահոգություններով: Նրանք փորձում էին համատեղ ուժերով լուծել իրենց համայնքում առաջացած խնդիրները։ Սնեժանա Թամրազյանը երիտասարդներից մեկն է․ այսօր էլ, լինելով այլ հասարակական կազմակերպության ղեկավար, շարունակում է սերտ համագործակցել Ասկերանի զարգացման կենտրոնի հետ․ 

«Բարի գալուստ մեր օջախ, ինչպես ասում են՝ մայրիկի մոտ։ Այս տանիքի տակ հավաքվել ենք կանայք և աղջիկներ՝ իրագործելու մեր համայնքի զարգացմանն առնչվող ծրագրեր։ Հետպատերազմյա Արցախում դա անհրաժեշտություն է։ Հավաքվելով մեկ բաժակ թեյի շուրջ՝ կենտրոն այցելող ամեն կին կտրվում է իր առօրյա հոգսերից, լիցքաթափվում, նոր ուժ ու էներգիա ստանում»:

 Միջոցառմանը նաև շրջանի ղեկավարությունն էր ներկա։ Շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը կարևորել է այն հանգամանքը, որ շրջկենտրոնում գործում է նման զարգացման կենտրոն, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ, որպեսզի շրջանի կանայք կարողանան իրականություն դարձնել իրենց մտահղացումները։ Ինչքան հզոր է համայնքը, այնքան ամուր են պետության հիմքերը՝ ասում է։ Իսկ Ասկերանը դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից է իրեն դրսևորել որպես անառիկ դարպաս և ամրոց։ Եվ պատահական չէ, որ կանայք այստեղ կոտրում են բոլոր կարծրատիպերը. փխրուն են էությամբ, ամուր են կամքով ու ոգով։ 

«Չնայած կարճ ժամանակահատվածին՝ կենտրոնը կարողացել է համբավ ձեռք բերել, միավորել շրջանի տարբեր բնակավայրերի ու տարբեր մասնագիտությունների տեր կանանց։ Դա էլ է խորհրդանշական․հայ մայրը պատրաստակամ է ամեն ձևով տեր կանգնել իր երկրին, զարգացնել այն։ Դա էլ է հայրենիքի պաշտպանություն։ Կանաչ ճանապարհ ենք մաղթում, ու թող խաղաղ երկնքի տակ իրագործեն իրենց բոլոր գաղափարները՝ ի շահ երկրի զարգացման»։ 

Տիկին Ալլան չցանկացավ ժամանակից առաջ անցնել․ համայնքի զարգացման հետ կապված նոր գաղափարներ ունեն, բայց դրանց կծանոթացնեն առաջիկայում։ Մնում է համբերել․ երևում է՝ անակնկալներ են սպասվում։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ