Մայիսի 19, 2024

Ադրբեջանական ԶՈՒ կրակ է բացել դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 22, 2023

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
«Օգոստոսի 22- ին, ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ» կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Ավելի վաղ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ այսօր ժամը 06:00-ից 07:00֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

«Հայկական կողմում տուժածներ չկան: Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-նշել են ՊՆ-ից:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը մեկ այլ հաղորդագրությամբ հերքել է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում իբր փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: «Սա հերթական ապատեղեկատվությունն է: Ակնհայտ է,որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանի ՊՆ֊ը փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,- նշել են Արցախի պաշտպանական գերատեսչությունից:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ