Ապրիլի 26, 2024

Հայաստանը պատրաստ է երկաթուղու վերագործարկմանը սեփական օրենսդրության շրջանակներում

By Աննա Նազարյան Դեկտեմբերի 07, 2022

Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում քննարկել են Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման հարցը, դրական արդյունք սակայն այս ուղղությամբ դեռ չկա, արձանագրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել , որ ՀՀ պատրաստ է և շահագրգռված է ծրագրի իրականացմամբ, և մեր առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ , և ՀՀ պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Կարծում եմ ՝ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Երբ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, մենք ցանկացած պահի պատրաստ ենք սկսել աշխատանքները»։ 

Վարչապետը նաև հստակեցրեց, որ այս պահին դեռ միայն երկաթուղու գործարկման հարցն է քննարկվում, իսկ ընդհանրապես օրակարգում կա նաև ավտոմոբիլային ճանապարհների ու բեռնափոխադրումների խնդիրը։ Հայաստանը պատրաստ է երեք անցագրային կետ բացել, բայց դա ՀՀ ճանապարհն է։ Ավտոճանապարհն ու երկաթուղին գործելու են ՀՀ օրենսդրության շրջանակներում։Վարչապետը հույս ունի դրանով միջազգային տարանցում ապահովել․ Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը գտնում է, որ եթե եռակողմ աշխատանքային խումբը կարողանա կոնկրետ պայմանավորվածության հասնել, կարող ենք արձանագրել, որ հանդիպումները դրական արդյունք ունեն ։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Այվազյանը կարծիք հայտնեց, որ այդպիսով կկարողանանք ասել, որ մոտենում ենք 2020 թ․ նոյեմբերի 9 հայտարարության կետերից մեկի՝ ապաշրջափակման իրականացմանը։ Եթե կողմերն, ըստ վերլուծաբանի, գան համաձայնության, Բաքուն կզրկվի Հայաստանին նոյեմբերի 9–ի դրույթները չկատարելու մեջ մեղադրելու հնարավորությունից։ 

«Այդ հանձնաժողովը արդեն երկու տարի գործում է, բայց կոնկրետ պայմանավորվածության, կամ էական լուծման չեն հանգել։ Եթե գան պայմանավորվածության ՝լավ է։ Ալիևն այնքան է բարձրացրել նշաձողը, որ նույնիսկ, եթե ճանապարհ էլ ստանա Հայաստանի տարածքով անցնող, ասել ու է, որ ինքը բացել է այսպես ասած «Զանգեզուրի միջանցքը»։ Ինքը չի կարող գնալ Բաքու ու ասել կներեք միջանցք չստացվեց , բայց մի փոքր ճանապարհ ու երկաթուղի բացեցինք օրինակ»։ 

Եռակողմ աշխատանքային խմբի երկու տարվա աշխատանքի ընթացքում հայկական ու ռուսական կողմերից նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից բխող առաջարկներ են հնչում,ազդակներ տրվում, դրանք սակայն բախվում են Ալիևի հակազդեցությանը։ Առաջարկներից վերջինը մոտ երկու շաբաթ առաջ էր՝ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ դրական ազդակներ է ստացել Ռուսաստանի նախագահից։ Դրան ի պատասխան, Ալիևը հայտարարեց, թե իբր Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Հաշվի առնելով, որ այս թեման «կարմիր գիծ» է համարվում Իրանի համար, Ալիևը ասել էր նաև, որ Թեհրանը նույնպես չի արգելափակի այն, հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ։ Այս առումով քաղաքագետ Արա Պողոսյանը բացատրում է, որ երկաթգիծը վերականգնելու Երևանի առաջարկը Բաքվին չի կարող հետաքրքրել, քանի որ Ալիևի համար կարևորը այսպես կոչված միջանցքն է․

 «Ինչու է հայկական կողմը սրա մասին խոսում, քանի որ սրա այլընտրանքը միջանցքի հետ համաձայնելն է։ Հատկապես վերջին շրջանում նկատվում է, որ շրջանցող նախագծային տարբեր առաջարկներ անելով, հայկական կողմը բոլոր դեպքերում փորձում է հասնել նրան, որ շրջանառությունից դուրս գա այսպես ասած «զանգեզուրյան միջանցք»-ի թեզը։ Նաև վերջին շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրում է, որ չի կատարել ստանձնած պարտավորությունները՝ կոմունիկացիաների հետ կապված։ Ուստի հայկական կողմը այս քննարկումներով, կարծում եմ, փորձ է անում ցույց տալ իր բարի կամքը և պատրաստակամությունը և հավատարմությունը նոյեմբերի 9-ի հայտարարությանը»։ 

Ինչու՞ տարածաշրջանային ապաշրջափակման հարցով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումների արդյունքում հնարավոր չի լինում հասնել հստակ պայմանավորվածության։ Վելուծաբան Հայկ Այվազյանը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցքի մասին անգամ խոսք չկա, և սա լավ հասկանալով Ալիևը փորձում է հարցը ձգձգել, որ հնարավորություն ունենա ցանկացած հարմար պահի ռազմական ճանապարհով միջանցք ստանալ։ Այս հարցում, ըստ վերլուծաբանի, հակադիր են Ռուսաստանի ու Արևմուտքի մոտեցումները։ Մոսկվան ձգտում է հասնել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացմանը, Արևմուտքը, սակայն, փորձում է չեզոքացնել այդ պայմանավորվածությունը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ