Ապրիլի 29, 2024

Խաղաղության պայմանագիրը՝ հնարավորի և իրականության զուգահեռներում

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 17, 2023
Տարածաշրջանի  խաղաղությամբ շահագրգռված են այստեղ հետաքրքրություններ ունեցող  բոլոր պետությունները, հարցն այն է, թե նրանք ինչպես են պատկերացում այդ  խաղաղությունը, պետություններից յուրաքանչյուրն ունի խաղաղության մասին իր պատկերացումը՝ ասում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։ 
 
«Եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա Ադրբեջանը փորձում է խաղաղություն ստանալ իր առավելագույն պայմաններով։ Այս իմաստով նա օգտվում է այն իրավիճակից, որը ստեղծվել է աշխարհում, այսինքն անկանխատեսելիություն, անորոշություն, միջուկային բևեռների միջև ուղղակիության հասնող  հակամարտություն, փաստացի համաշխարհային պատերազմ։ Այս իրավիճակը  Կովկասում փաստացի բացառում է որևէ կայուն համաձայնություն խաղաղության շուրջ։ Հայաստանը և Արցախը փորձում են այս տարբերակված աշխարհում առավելագույնս դիմակայունություն ցուցաբերել, դիմադրել այս պայմաններին։ Եվ սա բերում է լարվածության, որը ածանցվում է ավելի լայն աշխարհաքաղաքական լարվածությունից»։ 
 
Վերջին երկու տարում խաղաղության պայմանագրի շուրջ ակտիվ բանակցություններ են տեղի ունեցել։ Բայց գործը քաղաքական հայտարարություններից անդին չի  ացել։ Գործնական քայլեր չեն ձեռնարկվել։  Կողմերը ոչ մի քայլով խաղաղությանը չեն մոտեցել։ Խաղաղության պայմանագրի՝ որպես շոշափելի հեռանկար ունեցող գործընթացի մասին խոսելը Հակոբ Բադալյանը անիրատեսական է համարում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է աջակցություն ունենա աշխարհի կենտրոններից։ Իսկ աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնները ազդեցության պայքար են մղում տարածաշրջանում, և հայ-ադրբեջանական հարաբերությունները այդ պայքարի գործիքներից մեկն են՝ ասում է քաղաքագետը։ 
 
«Իհարկե՝ պետք է օրակարգում պահել խաղաղությունը, պետք է ձգտել խաղաղության, թեպետ, անշուշտ, ոչ ամեն գնով, որովհետև դա ոչ այնքան խաղաղության է մոտեցնում, որքան ավելի է բացում Ադրբեջանի ախորժակը։ Պետք է հասկանալ, որ այն պարագայում, երբ աշխարհում պատերազմ է միջազգային կարգը կանխորոշող կենտրոնների միջև, և դրանք այսօր համաշխարհային տնտեսաքաղաքական, ռազմաքաղաքական մեծ վերադասավորումների պրոցես  են սկսել, մենք չենք կարող պատկերացնել, որ Հայաստանն ու Ադրնեջանը ամենամեծ ցանկության պարագայում  անգամ, կարող են խաղաղության համաձայնության գալ»։ 
 
Ստեղծված իրավիճակը, մասնավորապես Ուկրաինայում ծավալվող պատերազմը Ադրբեջանին հնարավորություն է տալիս օգտագործելու իր ռազմական առավելությունն ու շանտաժի միջոցով հասնել  առավելագույնին։ Վերջերս  Ադրբեջանի ԱԳՆ-ն  ավելի է կոշտացրել հռետորաբանությունը՝ Հայաստանին մեղադրելով բանակցությունների տապալման մեջ։ Այսօր նման հռետորաբանությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի ԱԳՆ-ը՝ կրկին ընդգծելով իր աներկբա երաշխավորությունն Ադրբեջանին։ Հակոբ Բադալյանի խոսքով՝ տարածաշրջանում որևէ պատերազմի հեռանկար պայմանավորված է լինելու Թուքիայի դիրքորոշմամբ։ 
 
«Բայց ինչպիսին կլինի Թուրքայի դիրքորոշումը՝ այսօր ասելը բարդ է, որովհետև սա էլ իր հերթին կախված է նրանից, թե Թուրքիայում ինչպես կզարգանա նախընտրական իրավիճակը, ինչպե՞ս կկարողանա գործնականում կենաց-մահու դարձած հարցը լուծել Էրդողանը, կամ եթե Էրդողանը չկարողանա հարցը լուծել է, ի՞նչ սցենարով Թուրքայում կզարգանան իրադարձությունները։ Առայժմ, իմ գնահատմամբ, Էրդողանը Կովկասում մեծ պատերազմի շահագրգռվածություն չունի, բայց սա էապես կախված է լինելու մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրության պրոցեսից»։ 
 
Այսպիսով՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների հետագա գործընթացը կախված է ոչ այնքան Հայաստանի ու Ադրբեջանի ցանկություններից ու հողի վրա առկա հնարավորություններից, որքան աշխարհաքաղաքական պրոցեսներից։ Ստեղծված իրավիճակում, Հակոբ Բադալյանի խոսքով, հակամարտության կողմերին այլ բան չի մնում անելու, քան սեփական ուժերը մեծացնելը։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ