Մայիսի 03, 2024

Ալիևի լավ դիմախաղը վատ նվագի ժամանակ, թե՞ բլեֆ հանուն բլեֆի

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 04, 2023

Բռնակալված Շուշիում երեկ տեղի ունեցավ համաժողով, որը նվիրված էր Ադրբեջանի ժառանգական բռնապետ Իլհամ Ալիևի հայր և նախորդ Հեյդար Ալիևին: Թեև հնչած հայտարարությունների տոնը և բառապաշարը շատ չէին տարբերվում կրտսեր Ալիևի նախորդ ելույթներից, սակայն զգացվում էր, որ նա այդքան էլ գոհ չէ Հայաստանի հետ բանակցությունների արդյունքից: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը համոզված է, որ Ալիևը կարող է դիտմամբ ցույց տալ, թե հայկական կողմը ձախողում է բանակցությունները, որպեսզի հետագայում մեղադրի Հայաստանին՝ բանակցությունների տապալման համար․

 «Ալիևն իր քաղաքականությանը բնորոշ հերթական մանևրն է անում: Նա ցույց է տալիս, թե իրենք գնում են բանակցությունների, իբրև պատրաստ են խաղաղության, և եթե ինչ-որ փաստաթուղթ չի կնքվում, դա բացառապես Հայաստանի մեղքն է: Բայց միաժամանակ նա իր խոսքում հստակ արտահայտում է, որ իրենք ունեն ծավալապաշտական նկրտումներ, և այնպիսի պահանջներ են դնում, որոնց իրագործումը գործնականում անհնար է: Այսինքն, այն պահանջները, որոնց հիման վրա իրենք որևէ տեսակի խաղաղություն են պատկերացնում, ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի համար կործանարար են, դրանց իրագործումը կործանարար է: Իսկ եթե Ադրբեջանի նպատակը լիներ Արցախի, Հայաստանի հետ խաղաղության հասնելը, ապա` այն իրավիճակը, որը մենք այսօր ունենք Արցախում կամ Հայաստանի հետ սահմանամերձ տարածքների զավթում, անցած տարվա սեպտեմբերյան ագրեսիան..., չէինք ունենա»:

Ըստ ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի՝ այս պահին Ալիևն շտապողականություն է ցուցաբերում իր նպատակները նաև պայմանագրով ամրագրելու համար, քանի որ վստահ չէ, թե հետագայում ավելի բարենպաստ դիրքեր կունենա բանակցություններում․ Սինքրոն Հովհաննիսյանն ասում է, որ դատելով Ալիևի վերջին արտահայտություններից՝ Հայաստանը բանակցությունների օրակարգում է պահում Արցախի ինքնորոշման հարցը․

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է բանակցություններում հնարավորինս արագ, իր պայմաններով փաստաթուղթ ստորագրել և դրա ուղղությամբ իրականացնում է բոլոր գործողությունները: Վերջին հաշվով հասկանալի է, որ Ադրբեջանի ցանկությունն Արցախի ամբողջական անեքսիան է և Հայաստանի սուվերենության էական թուլացումը: Սա ակնհայտորեն որպես թիրախ ընտրել է Ադրբեջանի նախագահը և այդ ուղղությամբ գնում է: Ակնհայտ է, որ այդ գործընթացներն առնվազն իր ուզած արագությամբ չեն ընթանում: Իսկ ինչու է նա շտապում` պարզ է. նա չգիտի, թե ինչ-որ ժամանակահատված անց իրերն ինչպես կդասավորվեն` թե՛ միջազգային հարաբերություններում, թե՛ առհասարակ` Հայաստանի ունեցած պոտենցիալի տեսանկյունից, Արցախի տեսանկյունից: Այս պահին Իլհամ Ալիևը համարում է, որ հիմա ամենահարմար պահն է թե՛ միջազգային, թե՛ ռեգիոնալ իրադրության տեսանկյունից, որպեսզի կարողանա իր պահանջները բավականին արագ, ճնշման միջոցով առաջ տանել»: 

Այդուամենայնիվ, Տաթևիկ Հայրապետյանը շեշտում է հայկական կողմի քաղաքական հստակ օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը, այլապես այն մնալու է Ադրբեջանի գործողություններին սոսկ արձագանքողի դերում․

«Պետք է ընդհանուր պատկերը դիտել ու հասկանալ. իրենք ստեղծում են արհեստական օրակարգեր ու Հայաստանը, քանի որ չունի տեսլական կամ բովանդակություն խաղաղության մասին պատկերացումներում, ընկնում է ցուգցվանգի մեջ, այսինքն` դառնում է զուտ Ադրբեջանին արձագանքող: Ադրբեջանն էլ այդ ամենն օգտագործում է Հայաստանի դեմ: Այդպես հնարավոր չէ խաղաղություն կառուցել: Խաղաղությունը թղթով չեն կառուցում, խաղաղության համար պետք է գործընթաց, պետք է կամք»:

Փորձագետները համակարծիք են այն հարցում, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի հետ բանակցությունները տեղափոխել երկկողմ ձևաչափ, որպեսզի կարողանա ավելի մեծ ճնշում, այդ թվում՝ ռազմական, գործադրել հայկական կողմի վրա։ Իսկ քանի դեռ ադրբեջանական կողմը չի հրաժարվել իր հայատյաց քաղաքականությունից և ուժի սպառնալիքի գործադրումից՝ խաղաղության հասնելու բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության։

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 05 Մայիսի 2023 12:22
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ