Մայիսի 03, 2024

Ճանապարհ դեպի Արլինգթոն․ հայ-ադրբեջանական հերթական չխաչվող խաչմերուկը

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 06, 2023

Երեկ ուշ երեկոյան Արլինգթոնում ավարտվեցին ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացած հայ-ադրբեջանական բանակցությունները։ Կողմերի տարածած միասնական հաղորդագրությունից, ինչպես նաև՝ նախօրեին Ադրբեջանի բռնապետի արած հայտարարություններից կարելի է ենթադրել, որ այս բանակցությունները հիմնականում անարդյունք են անցել։ Հանդիպումների մասին բաց աղբյուրներից ստացվող տեղեկություններից պարզ է դառնում, որ բանակցությունների ընթացքում կողմերի անհամաձայնության գլխավոր կետը եղել է Արցախի կարգավիճակի հարցը։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը կարծում է, թե մինչ բանակցությունները բարձր էր հավանականությունը, որ այնտեղ կարող էր ստորագրվել փաստաթուղթ, որը կվնասեր Արցախի կարգավիճակին, բայց հաշվի առնելով հետբանակցային հայտարարությունների տրամաբանությունը, կողմերը որևէ ընդհանուր հայտարարի չեն եկել: 

«Տեղեկատվությունը, որ տարածվում էր, խոսվում էր այն մասին, որ այնտեղ գործընթաց է գնում, որն ավարտվելու է, կամ հավանաբար կավարտվի ինչ-որ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրմամբ: Դա մեր շահերից չէր բխելու: Կարծես թե որևիցե արդյունքի Միացյալ Նահանգները չհասավ, և պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը մեխ հավանականությամբ չստորագրվեց, ինչը միանշանակ բխում է մեր շահերից»: 

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանը կարող է նաև դիտմամբ շարունակաբար տապալել բանակցությունները, փորձելով ձախողել միջնորդական ջանքերը, և բանակցությունները տեղափոխել երկկողմ ձևաչափի, որտեղ կկարողանա ավելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա․

 «Խնդիրն այն չէ, որ միջազգային բանակցողներն Ադրբեջանի վրա ճնշում են գործադրում և այլն: Միջազգային խաղացողները, բանակցողները նաև իրենց օրակարգն են առաջ տանում` թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ը, թե՛ ՌԴ-ը, նաև իրենց օրակարգն են մտցնում բանակցային գործընթացի մեջ, ինչը, բնականաբար, կարող է ամբողջությամբ չհամընկնել Ադրբեջանի առավելապաշտական ցանկություններին: Հետևաբար, Ադրբեջանը փորձում է բանակցությունները տանել, իրենց նշած, այդ ուղիղ, դեմ առ դեմ միջավայր, որտեղ միջազգային խաղացողներն իրավիճակի վրա ազդելու արդեն ավելի նվազ հնարավորություն կունենան, և Ադրբեջանը հնարավորինս կօգտագործի իր ունեցած պոտենցիալը` ռազմական, տնտեսական, Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար»:

 Նման պայմաններում, ըստ Բալասանյանի, Հայաստանը պետք է փորձի ըստ հնարավորին ձգձգել բանակցությունների ընթացքը` զուգահեռ հզորացնելով իր դիրքերը բանակցային գործընթացում և ռազմական կարողությունները: 

«Հայկական երկու պետությունները պետք է համատեղ գործեն` մանևրելու հնարավորություն ունենալու համար: Եթե ինչ որ հարց է լինում, որ Հայաստանից պահանջում են հենց այդ պահին պատասխանել Արցախի հետ կապված, ճիշտ կլինի, որ Հայաստանը հղում անի Արցախին, և հարցի պատասխանը թողնի Արցախին : Հետո արդեն Արցախը հարցի պատասխանը նույն ձևով թողնի Հայաստանին: Այսինքն` անընդհատ ձգձգել բանակցությունները, բայց այնպիսի առիթ չտալ Ադրբեջանին, որ մեզ մեղադրեն բանակցությունները ձգձգելու համար»: 

Բանակցությունները, իհարկե, կարևոր են, բայց ցանկացած պետություն իր քաղաքական և գոյաբանական հետաքրքրությունները պետք է պատրաստ լինի պաշտպանելու բոլոր առկա միջոցներով, իսկ երկրի բնակչությունն էլ իր հերթին պետք է գործադրի բավականաչափ հանրային ճնշում իշխանությունների վրա` այդ նպատակներին հասնելու համար:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ