Մայիսի 03, 2024

Շարունակվում են հաջակցություն Արցախի իրազեկման հավաքները

By Անի Աբաղյան Օգոստոսի 05, 2023

Արցախում, Հայաստանի տարբեր մասերում և Սփյուռքում, հատկապես վերջին ամսվա ընթացքում տարբեր ակցիաներ են կազմակերպվել՝  բողոքի, իրազեկման ու խաղաղ։ Հուլիսի 29-ին ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքից հետո ակցիաները նաև այլ ուղղվածություն են ստացել․ արդեն երկրորդ շաբաթն է մի շարք հասարակական կազմակերպություններ ՄԱԿ, Եվրոմիության ու Հայաստանում տարբեր երկրների դեսպանատների դիմաց ցույցեր են անում՝ պահանջելով ազատ արձակել Վագիֆ Խաչատրյանին։ Ակցիաների ընթացքի և գրանցած արդյունքների մասին, Անի Աբաղյանն է զրուցել դրանց կազմակերպիչների հետ:

Շարունակվում են հաջակցություն Արցախի իրազեկման ակցիաները Հայաստանում ու Սփյուռքում։ ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ «Բացում» նախաձեռնությունն արդեն մոտ մեկ ամիս է, ինչ սրտացավ քաղաքացիների միջոցով հավաքում է պարեն` հետագայում ՄԱԿ պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում Արցախ ուղարկելու նպատակով: Ակցիայի մասնակից Սեդա Գրիգորյանը է մանրամասնում։

«Երբ այս պահանջը հնչեց, իրատեսական չէր այն, որովհետև ՄԱԿ-ը որևէ կերպ մասնակցություն չէր ունենում գոնե Երևանում իրականացվող գործողություններին։ Մենք տեսնում ենք, որ երկու շաբաթ անց պատկերը այլ է․ այդ գործընթացները բավականին ընդլայնվել են․ արդեն շատ խաղացողներ են ներգրավված»։

Այս պահին էլ պարենի հավաքագրման աշխատանքները շարունակում են։ Պարենը հավաքվում է, բայց արդյոք կհասնի՞ Արցախ։

Սեդա Գրիգորյանի խոսքով՝ ակցիաները շարունակական բնույթ են կրում։

«Ակցիաներ են եղել նաև ՀՀ Կառավարության, ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպանատների, Եվրոմիության ներկայացուցչության դիմաց, և սրանք շարունակական բնույթ են կրում։ Տարբեր նախաձեռնություններ են, ճիշտ է, բայց բոլորիս նպատակը մեկն է, որ օր առաջ բացվի Քաշաթաղի միջանցքը»։

ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ շղթայական հացադուլ են անում Կանայք հանուն Արցախի մասնակիցները: Կարմիր խաչի երևանյան գրասենյակի մոտակայքում շարունակվում է քաղաքացիների նստացույցը, որին մասնակցում են նաև Երևանում սովորող արցախցի ուսանողները: Երկուշաբթի՝ օգոստոսի 7-ին, «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը հավաք է կազմակերպելու Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ են հղել Ֆրանսիայի դեսպանին, որպեսզի ընդունի մասնակիցներին ու լսի իրենց պահանջները։ Կազմակերպության տնօրեն Մարգարիտա Քարամյանի խոսքով՝ նրանց նպատակն Արցախում տիրող իրավիճակի ոչ միայն հումանիտար կողմը ցույց տալն է, այլ քաղաքական լուրջ խնդիրները։

«Մեր նպատակը ոչ թե այնտեղ գոռգոռալն ու մյուսներին ամոթանք տալն է, այլ այդ մարդկանց հետ խոսելն ու հասկանալն է, թե ինչով կարող են մեզ օգնել։ Քանի որ Հայաստանի իշխանությունները բացեիբաց հրաժարվել են Արցախից, մենք պետք է գտնենք այն ուժերին, մարդկանց ու երկրներին, որոնք կարող են մեզ օգնել՝ դուրս գալ այս ճգնաժամից»։

Անդրադառնալով Ստեփանակերտ-Երևան համաժողովրդական վերջին հավաքին՝ Մարգարիտա Քարամյանը նշել է, որ տեղի ունեցածը ավելի շատ նման էր երգ ու ասմունքի փառատոնի։ Չհնչեց ոչ մի քաղաքական պահանջ, ինչպես նաև Արցախի իշխանությունների դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի մասին։

«Մարդիկ սպասում էին, որ Ստեփանակերտում իշխանությունները դուրս կգան, կբացատրեն, թե ինչ իրավիճակում է գտնվում երկիրը, ովքեր են դրա մեղավորները, կառաջարկեին այն ճանապարհային քարտեզը, որով պետք է դուրս գան այդ իրավիճակից։ Կխոսեին իշանությունների քայլերի մասին, որպեսզի ժողովուրդն էլ իրենց հավատալով հասկանա, թե ինչի համար է այդ դժվարությունները տանում ու ինչն է լինելու դրա արդյունքը։ Դա պետք է մարդիկ իմանային, ինչը որ չհնչեց»։

Քարամյանը կարծում է, որ երգ ու պարի ժամանակներն անցել են, ու պետք է հստակ քայլերով գործել՝ ստեղծված քաղաքական ու հումանիտար ծանր իրավիճակից դուրս գալու համար։

Օրերս հանրահավաք է անցկացվել նաև Կիպրոսում․ մի խումբ հայեր, Արցախում տիրող քաղաքական ճգնաժամի և Ադրբեջանի կողմից մոտ ութ ամիս խորացող շրջափակման ֆոնին, բողոքի ցույց են կազմակերպել։ Երեկ հանրահավաք է եղել Վիեննայում ԵԱՀԿ գրասենյակի մոտ: Բողոքի ակցիան կազմակերպել են Ավստրիայի և Սլովակիայի հայերը: Հավաքի ընթացքում հասցեագրվել են միջազգային բոլոր կազմակերպությունները, կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի բռնապետական վարչակարգի, ստիպել Ադրբեջանին վերջ տալ անօրինական շրջափակմանը` այդպիսով կանխելով ահագնացող արհավիրքը։ ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին պաշտոնապես նամակ է հանձնվել համապատասխան պահանջներով և տեղեկություններով։

Մեկօրյա հացադուլ է տեղի ունեցել նաև Դանիայում ԵՄ ներկայացուցչության դիմաց` հաջակցություն 30.000 արցախցի երեխաների, ովքեր ենթարկվում են զրկանքների:

Սփյուռքի հայերը վերջին մեկ ամսվա ընթացքում իրազեկման ակցիաներ են անցկացրել նաև ԱՄՆ-ում, ԵՄ ու Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում:

Last modified on Շաբաթ, 05 Օգոստոսի 2023 14:58
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ