Ապրիլի 28, 2024

Մեկ տարվա դադարից հետո հանդիպել են Պուտինն ու Էրդողանը. ի՞նչ սպասել այս բանակցություններից

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 04, 2023

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը բանակցություններ են սկսել։ Հանդիպումն ընթանում է Սոչիի «Ռուսիա» առողջարանի կայսերական շենքի Կանաչ սրահում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ Վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել են գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերին Աստանայում։ Սակայն երկու երկրների նախագահները հեռախոսային շփումները պահպանել են. վերջինը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին: Հանդիպման օրակարգը որոշակիորեն հայտնի է: Իրադրությունը Հարավային Կովկասում, ամենայն հավանականությամբ, նույնպես կքննարկվի: Թեմայի շուրջ Վիկտորյա Սարգսյանը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

Պուտին-Էրդողան այսօրվա հանդիպմանը նախորդել էր լուրջ նախապատրաստություն։ Ռուսաստան էր ժամանել Թուրքիայի ԱԳ նախարարը, որը հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպման օրակարգը որոշակիորեն հայտնի է` համագործակցության հարցեր ու միջազգային օրակարգ:

Էրդողանը, լինելով հյուսիսատլանտյան բլոկի կարևորագույն պետություններից մեկի առաջնորդը, այս բարդ իրավիճակում շարունակում է լավ հարաբերություններ պահպանել ՌԴ նախագահի հետ: Սրանով Էրդողանն ինքն իրեն վերապահել է բացառիկ մի դեր` ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, նշելով.

«Որ ինքն աշխարհի այն քիչ լիդերներից է, որ կարող է շփվել ինչպես ԱՄՆ-ի, Ուկրաինայի, այնպես էլ` Ռուսաստանի ղեկավարների հետ: Այնպես որ հանդիպումը նաև Էրդողանի այս բացառիկ կապը ևս մեկ անգամ հաստատելու մասին է` իմիջային առումով: Բայց, իհարկե, միայն դա չէ: Բացի զուտ արարողակարգային հանդիպումից, այս հանդիպումը ունի խորքային բովանդակություն և վերաբերում է տարբեր հարցերի»:

Կրեմլում չեն նշել հանդիպման կոնկրետ թեման: Միայն նշել են, որ նպատակը փոխշահավետ երկկողմ համագործակցության զարգացումն է: Բանակցությունների գլխավոր նպատակը, սակայն, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ ՝ Անկարան վերջին երկու շաբաթներին տեղական լրագրողներին կերակրում է ուկրաինական հացահատիկի գործարքը վերականգնելու պլանների մասին լուրերով: Այս հարցում, Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, ստեղծվել է լուրջ իրավիճակ` ասում է Ռուբեն Մելքոնյանը:

«Եվ Թուրքիան, կարծում եմ, մի քիչ էլ քաղաքական պարծենկոտության պատճառով աշխարհին ներկայանում է մի երկիր, որը կկարողանա լուծել նաև հացահատիկային գործարքի այս ճգնաժամը: Եվ, եթե Էրդողանը չկարողանա լիովին հանգուցալուծել այս ճգնաժամը, շեշտակի հարված կլինի նրա իմիջին: Ես կարծում եմ, որ եթե հարցը ամբողոջությամբ չլուծվի էլ, շատ լավ քաղաքական առևտրի թեմա կդառնա ինչպես Թուրքիայի, այնպես էլ` Ռուսաստանի համար, և կողմերը, քաղաքական առևտրի օրենքների համաձայն, կգան ինչ-որ մի լուծման»:

Այն հանդիպման դերն այնքան մեծ է, որ Էրդողանը, հաղթահարելով իր սնապարծությունը, ինքն է գնացել Ռուսաստան: Ինչպես ասում են` «Եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ»` նշում է թուրքագետը:

Բայց դժվար թե առաջնորդները կանգ առնեն միայն այս հարցի վրա։ Երկու երկրները շփման չափազանց շատ կետեր ունեն, որպեսզի նախագահների անձնական հանդիպման ժամանակ դրանք ևս չքննարկվեն։ Օրակարգում, ամենայն հավանականությամբ, կլինի նաև իրավիճակը Հարավային Կովկասում, արցախյան թեման ու Զանգեզուրի միջանցքի հարցը: Թուրքագետի կարծիքով` մեծ քաղաքականության խաղի կանոններով կողմերը, այնուամենայնիվ, պետք է որ տարբեր դիրքորոշումներ ունենան: Դրանցից մի քանիսը կարող են համընկնել, բայց դրանք կարող են մեզ համար ճակատագրական լինել:

«Որովհետև այդ հարցերը` դիցուք Զանգեզուրի միջանցքը, որը մեզ համար ունի շատ կարևոր նշանակություն, բնական է, որ Ռուսաստանի համար չի կարող նման կարևորություն ունենալ: Արդեն իսկ վատ է, որ մեր խնդիրները այլ պետությունների քաղաքական օրակարգի մաս են: Դա լինի Թուրքիա-Իրան վերջին հանդիպումը, թե Թուրքիա-Ռուսաստան: Եվ, քանի որ մենք էլ չենք կարողանում մեզ համար կարևոր կարմիր գծերը հասցնել այդ օրակարգ, մնում է միայն դիտել, թե ինչպես են այլոք լուծում մեր խնդիրները»:

Այս հարցերում կողմերը կարող են միակարծիք չլինել, բայց կարող են գալ որոշակի զիջումների, որոնք հնարավոր է` լինեն ի հաշիվ Հայաստանի և Արցախի` նշում է Ռուբեն Մելքոնյանը:

Ռուս-թուրքական պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններն արդեն մեկնարկել են: Դրանց կհաջորդեն պետությունների ղեկավարների` նեղ կազմով բանակցությունները։

Last modified on Երկուշաբթի, 04 Սեպտեմբերի 2023 13:51
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ