Մայիսի 02, 2024

Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի հանրապետության նախագահ

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 09, 2023

Այսօր կայացել է ԱՀ ԱԺ-ի հատուկ նիստ, որտեղ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը: Նիստը հրավիրվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1 հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1 հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցով: 

 

Սամվել Շահրամանյանը հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել խորհրդարանում ներկացված 5 ուժերից 4-ի՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ»,«Արդարություն», «Հայ Հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների կողմից։ Ինչպես արդեն հայտնի է` սեպտեմբերի 6-ին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել համանուն կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին։ Սակայն վերջին 10 տարում միայն ԱՀ քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում ԱՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով Ազգային ժողովը հետ է վերադարձրել Սամվել Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը։ Այսպիսով, Սամվել Շահրամանյանը Հանրապետության նախագահի թափուր պաշտոնին ներկայացված միակ թեկնածուն էր։ Նախքան քվեարկությունը՝ ԱԺ-ի քաղաքական ամենամեծ ուժը ներկայցնող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը Սամվել Շահրամանյանի թեկնածությունն առաջադրելու հիմնավորումներն է ներկայացրել։


«Մեր խմբակցությունը սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Սամվել Շահրամանյանի հետ, մեր որոշումը կայացվել է հենց այդ հանդիպման արդյունքում, Շահրամանյանի կողմից ներկայացված տեսլականը հավանելով»։ 

Ելույթ են ունեցել թեկնածու առաջադրած մյուս խմբակցությունների ղեկավարները, նշելով, որ նման որոշում կայացրել են՝ հաշվի առնելով թեկնածուի՝ երկրի ղեկավարի համար կարևոր հատկանիշները․ որոշում կայացնելու ունակությունը, ազնվությունը, պարկեշտությունն ու պետական համակարգի փորձը, ինչպես նաև՝ նրա մոտեցումներն ու սկզբունքերը պետության առջև ծանրացած մարտահրավերների լուծման հարցում։

«Մեր խնդիրը պետական համակարգն ամուր պահելն է», իր ելույթում ասել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ այս օրերին համախմբվելու բացառիկ հնարավորություն կա և պետք է կուսակցական ու անձնական շահերից պետական շահերը վեր դասելու կամք ունենան բոլորը։

Ելույթ է ունեցել նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը՝ կարևորելով նախագահի ինստիտուտը՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից ու երկրի ղեկավարի հատկանիշներից ընդգծել է իրականության սթափ գնահատումն ու պատրանքներից զերծ մնալը:


«Պետության, ներքին կայունության ամրապնդում, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանում, ազատ կենսագործունեության և անվտանգության ապահովում, տնտեսության զարգացում, ժողովրդի սոցիալակն վիճակի աստիճանական բարելավում, օրինականոթյան ու կարգուկանոնի պահպանում»։

Սամվել Շահրամանյանն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Արցախ-Հայաստան հարաբերություններին, նշելով, որ Արցախի կարգավիճակը պետք է հստակեցվի, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենա Քաշաթաղի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է Քաշաթաղի միջանցքին այլընտրանք հանդիսանան:


«Չնայած ՌԴ և հավաքական արևմուտքի հակամարտությանը, կողմերի հակադիր դիրքորոշմանը, պետք է արձանագրել, որ միջազգային ուժերի միջև Արցախյան հակամարտության շուրջ ձևավորվել է կոնսենսուս․ և ԼՂ-ն վիճելի տարածք է, հետևաբար պետք է ստանա համապատասխան կարգավիճակ, հակամարտությունը կարգավորված չէ, Արցախը և Հայաստանը պետք է ունենան ցամաքային անխափան կապ, պետք է գործարկվեն նաև այլ տրանսպորտային ուղիներ, բայց դրանք այլընտրանք չեն կարող լինել Քաշաթաղի միջանցքին, Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ, այս հարցում և Արևմուտքը, ՌԴ պատրաստ են հարթակ տրամադրել, հանդես գալ միջնորդի դերում»։

Այս ամենը հաշվի առնելով, ապագա նախագահը պետք է առաջնահերթ համարի Ստեփանակերտը հակամարտության կարգավորման օբյեկտից բանակցությունների սուբյեկտ դարձնելը։ Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, ասել է նախագահի թեկնածուն:

Նա խոսել է պետականության հիմքերը խարխլող քայլերի դեմ անհաշտ պայքար մղելու, Արցախը հայկական պահելու գործում բոլոր ուժերը կոնսոլիդացնելու անհրաժեշտության մասին: Ելույթից հետո՝ նախագահի թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:

Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ է ունեցել «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը: Նա անդրադարձել է խորհրդարանի երկրորդ ուժի թեկնածու Սամվել Բաբայանի ընտրական իրավունքի իրացման խոչընդոտներին, նշել է, որ իշխանության վերարտադրման գործընթաց է տեսնում ու հայտարարել է, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցելու որոշում է կայացրել:


«Արժան չեն համարել տեղյակ պահել սպասվող փոփխությւոններին, մեզ իրականում կանգնեցրել են փաստի առաջ, որից միակ ելքը Միասնական հայրենիք խմբակցության՝ փակ գաղտնի քվերակությանը չմասնակցելու որոշում կայցնելն է։ Մենք եղել և շարունակում ենք լինել պատեկանամետ, բայց ոչ իշխանամետ քաղաքական ուժ, և հետայսու էլ շարունակելու ենք պաշտպանել նրա իրավունքերը»։

Կայացել է փակ գաղտնի քվեարկություն։ Քվեարկությանը՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունը, ինչպես և հայտարարել է, չի մասնակցել։ Քվերակրության արդյունքում՝ ձայների 22 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ՝ Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Նորընտիր նախագահին շնորհավորել է Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը՝ ողջունելով այս պատասխանատու շրջանում կայացրած որոշումը և այն որակելով ճակատագրական։ Սամվել Շահրամանյանը բոլորին շնորհակալություն է հայտնել և վստահության մթնոլորտում փոխգործակցելու պատրաստակամություն հայտնել: Սամվել Շահրամանյանն, ամենայն հավանականությամբ ԱՀ նախագահի պաշտոնը կստանձնի վաղվանից՝ ԱԺ հայտարարած՝ վաղը կայանալիք նիստից հետո։

 

 

Last modified on Շաբաթ, 09 Սեպտեմբերի 2023 14:35
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ