Ապրիլի 26, 2024

Մարդու իրավունքները ճանաչում չեն պահանջում

By Անի Աբաղյան Փետրվարի 16, 2022

34 տարի առաջ այս օրերին Արցախում բացվեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որի նպատակը խաղաղ բնակչության իրավուքների պաշտպանությունն  է։ Մինչ պատերազմը ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ փորձել են Արցախը մեկուսացնել արտաքին աշխարհից։  Այսօր Արցախում տեղի ունեցող  խախտումների արմատները պետք է փնտրել հենց այս   քաղաքականության մեջ՝ ասում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Պատերազմից հետո այդ ուղղությամբ աշխատանքները «խստացվել են»՝ ասում է․ 

«Փաստերը ցույց են տալիս, որ պատերազմից հետո Ադրբեջանական իշխանություններն էլ ավելի են սաստկացրել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու իրենց քաղաքականությունը։ Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և մի շարք այլ կազմակերպություններ անընդհատ քարոզում են՝ իրավունքների պաշտպանությունը չի կարող քաղաքական սահմանափակումներ ունենալ, այսինքն որևէ պետության   չճանաչված լինելը չի նշանակում, որ իրավունքների պաշտպանության առումով այն պետք է մեկուսացված մնա աշխարհից»։

 Պատերազմից հետո խաղաղ բնակիչների դեմ կատարվող իրավական խախտումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանցիների՝ հայկական բնակավայրերի ու  ճանապարհների մոտ գտնվելն ինքնին խաղաղ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է՝ ասում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։ 

«Մեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն, որովհետև նրանք խաթարում են խաղաղ բնակիչների բնականոն կյանքը։ Նրանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը ուղիղ սպառնալիքի տակ է։ Անվտանգության խնդիրներից բացի նրանք առաջացնում են նաև սոցիալական լրջագույն խնդիրներ»։

 Արցախի  Մարդու իրավունքների պաշտպանի՝ Գեղամ Ստեփանյանի խոսքով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Արցախում ադրբեջանցիների կողմից տարբեր խախտումների 63 դեպք է գրանցվել, որոնցից 10-ը զինվորական, 3-ը քաղաքացիական անձանց սպանության դեպքեր են։ Արդյոք,  կատարվածներից գոնե մեկի համար ադրբեջանական կողմը պատասխանատվություն կրե՞լ է։ Ո՛չ։  Լրագրողի հարցին ի պատասխան ասաց՝  Գեղամ Ստեփանյանը։ 

«Տարբեր իրավունքների վերաբերյալ խախտումներ են գրանցվել և դրանց առնչությամբ Արցախի իրավապահ մարմինների կողմից հարուցվել է 53 քրեական գործ։   Արցախի իրավապահ մարմինների կողմից քայլեր են ձեռնարկվել  Ադրբեջանը կառուցողական դաշտ բերելու և փոխադարձ համաձայնությամբ խախտումները կարգավորելու համար, բայց որևէ դրական արդյունքի չենք հասել։ Հակառակը․ Արցախում խախտումներ իրականացնողներին պատժելու փոխարեն, նրանց խրախուսում են»։

 Ամենօրյա բնույթ ստացած խաղաղ բնակիչների իրավունքների խախտման հիմնական պատճառն ադրբեջանական կողմին անպատիժ թողնելն է։ Նրանք այդ հանցագործությունները  ներկայացնում են որպես մեկ կամ երկու չհամակարգված դեպք։ Պատերազմից հետո  Արցախի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանների առաջնահերթությունները փոխվել են։ Նրանց աշխատանքի գերակշիռ մասը Ադրբեջանի տարածած կեղծ տեղեկատվության կողքին միջազգային հնարությանը իրական պատկերը ցույց տալն ու խնդրին դրական ազդելն է։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ