Ապրիլի 28, 2024

Տեղահանվածները և սոցիալական աջակցության ծրագրերը

By Սրբուհի Վանյան Մարտի 15, 2022

տերազմի հետևանքով տեղահանվածների կարգավիճակի հարցը քննարկվում է, ցուցակները՝ ճշտվում։ Վերջինը շարունակական գործընթաց է։

«2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված անձանց պարագայում կարգավիճակի տրամադրման հարցը դեռ քննարկման փուլում է։ Տեղահանվածների    ցուցակները ըստ բնակավայրերի  կազմվել են և շարունակաբար ճշգրտվում են ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Տեղահանված ընտանիքների սոցիալական աջակցության և այլ ծրագրերը կարիքային են։ Դրանց իրագործման համար սերտ համագործակցում ենք տարբեր գերատեսչությունների հետ»։

Էլինա Մխիթարյանի խոսքով, նախարարության կողմից համապատասխան աջակցությունը տրամադրվում է այն տեղահանվածներին, որոնք փաստացի ապրում են Արցախում։

«Առաջինը, որ գործարկվել է, գյուղական համայնքներում բնակվող ընտանիքների բնակելի տների կահավորման ենթածրագիրն էր, և 672 ընտանիքի տրամադրվել են անհրաժեշտ գույք և տեխնիկա։ Իսկ 341 բնակելի տուն կահավորվել է  ամբողջությամբ։ Այս ծրագրի կատարողականը կազմել է 550 մլն դրամ։ Ընդ որում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից հատկացվել է 360 մլն դրամ, մնացածն իրականացվել է պետական միջոցների հաշվին»։

Բացի այդ, 375 տեղահանված ընտանիքների միայն 60 մլն դրամի շրջանակում սառնարաններ են հատկացվել, վարձակալությամբ ապրող 186 տեղահանված ընտանիք, սոցիալ կենցաղային պայմանների բարելավման նպատակով ստացել են առաջին անհրաժեշտության տեխնիկա և գույք։ Այս պահի դրությամբ, ծրագրի կատարողականը ավելի քան 80 մլն դրամ է կազմում։ Ցավոք, ակնհայտ պատճառներով, առժամանակ կասեցված է հայրենադարձության ծրագիրը։

«Առաջնահերթ են տեղահանվածների բնակարանային ապահովման հարցերը։ Նշենք նաև, որ ՀՀ կառավարությունը մինչև 10 մլն դրամի հիփոթեքային աջակցության ծրագրի նախագիծ է ներկայացրել ՀՀ-ում ապաստանած, մինչև պատերազմը Արցախում հայրենադարձության ծրագրով մշտական բնակության  տեղափոխված, կարգավիճակ ստացած ընտանիքներին, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը փաստացի բնակվում էին Արցախում։ Սակայն այս ծրագրերն իր ստորջրյա քարերն ունի։ Ծրագրում ընդգրկվելու, փաստաթղթերի վերականգնման միջոցառումների ծրագրում 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված, նախկինում ԱՀ-ում վերաբնակված 27 ընտանիքների տրամադրվել են վերաբնակեցման գրքույկների կրկնօրինակներ։ Սա և՛ կորսված փաստաթղթերի վերականգնման գործընթաց է, և՛ գործող տարբեր ծրագրերից օգտվելու հնարավորություն»։

1988-92 թվականներին Ադրբեջանի հայահալած քաղաքանության արդյունքում բռնագաղթած և Արցախի Հանրապետությունում ապաստանած մեր հայրենակիցները օգտվում են այն բոլոր սոցիալական երաշխիքներից, ինչ՝ ոչ փախստական քաղաքացիները։ Հավելյալ սոցիալական երաշխիքներ նրանց համար նախատեսված չեն։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ