Մայիսի 03, 2024

Նոր հնարավորություն գյուղատնտեսների համար

By Մարգարիտա Ղուշունց Մարտի 18, 2022

Արցախյան երրորդ պատերազմի ավարտից հետո վարելահողերի, պտղատու այգիների և գյուղատնտեսական նշանակության մշակովի հողերի մեծ մասը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ։  Ոլորտի համար սա  մարտահրավեր է։ Գյուղատնտեսներին հողագործությամբ զբաղվելու այլընտրանքային տարբերակներ են առաջարկում մի շարք բարեգործական կազմակերպություններ ու հիմնադրամներ։ Դրանցից է ATP բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Green Training Center-ի   աջակցության ծրագիրը, որի շրջանակում կկառուցվի շուրջ 50 ջերմատուն։  Մարտունիում՝ 25,   Ասկերանում՝ 24, ևս մեկը Ստեփանակերտում՝ Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի   հարակից տարածքում։ Շահառուները պատերազմից առավել տուժած ընտանիքներն են՝ ասում է Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը։ Որոշ համայնքներումում՝  Հերհերում, Թաղավարդում և Կարմիր շուկայում  աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

«Մենք կատարել ենք ուսումնասիրություններ, ընտրել ենք շահառուներ, որոնք ունեն համապատասխան տնամերձ տարածք և  ընդգրկված  են զոհվածների, անհայտ կորածների, տեղահանված կամ սոցիալապես անապահով ընտանքիների խմբում»։

Այն քաղաքացիներին, որոնք արդեն ջերմատուն  ունեն և ընգրկված  են համապատասխան սոցիալական խմբում՝ կտրամադրվեն սերմեր, բարձրարժեք ծառատեսակներ ու թփեր: Տիպային ջերմոցները կկառուցվեն տնամերձերում՝ 30 քառ.մ տարածքով։

«200 քառ.մ տարածքի վրա այգի հիմնելու համար այն նախապես  կքարտեզագրեն,  հաշվի կառնվեն ծառատեսակի մշակման համար անհրաժեշտ ագրոպայմանները: Տրամադրվելու է նաև անհրաժեշտ խորհրդատվություն բարձրարժեք մշակաբույսերի մշակության և խնամքի աշխատանքների պատշաճ իրականացման վերաբերյալ»։

Ընդունված հայտեր արդեն կան՝ ասում է Մասիս Զարգարյանը։ Շահառուների ցանկությունները համապատասխանում են շուկայի պահանջարկին։ Հաշվի են առնված բոլոր մանրուքները՝  բարձրարժեք գյուղատնտեսության   զարգացման համար։  Աճեցվելու են  մշակաբույսեր և ծառատեսակներ, որոնց բերքը բարձրարժեք է,  պահանջարկը՝  մեծ։   Նախատեսվում է նաև արտադրանքի  արտահանում։

«Ներկայացվել են հայտեր՝  լոլիկի չերրի տեսակի, կանաչիների այն տեսակների, որոնք բաց դաշտում դժվար են աճում, նաև ժենգալով հացի 11 բույսերի աճեցման համար։   Նախատեսվում է  աճեցնել նաև հապալաս ու  ազնվամորու տարբեր տեսակներ։ Նախատեսում ենք նաև արտահանել Հայաստան, բայց միայն տեղական շուկայի պահանջարկը բավարարելուց հետո»։

Ծրագիրը շարունակական կլինի, հնարավորության դեպքում կընդգրկվեն նոր շահառուներ: Յուրաքանչյուր շրջանում կլինի գյուղատնտես-մասնագետ, ով մասնագիտական խորհրդատվությամբ կաջակցի ծրագրի շահառուներին: Սկսնակ գյուղատնտեսները երեք փուլով վերապատրաստում կանցնեն:  Մասիս Զարգարյանի խոսքով՝ սա կարևոր աջակցություն է հողագործությամբ զբաղվող մեր հայրենակիցներին: Ծրագիրը հեռանկարային է, կունենանք թիմ, որն անպայման կվերահսկվի: Սա բարձրարժեք և  էկոլոգիապես մաքուր  գյուղատնտեսության զարգացման իրական  հնարավորություն է:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ