Մայիսի 03, 2024

Ինչպե՞ս է ջեռուցվում Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունը

By Սվետլանա Պետրոսյան Մարտի 18, 2022

Արդեն 10 օր է գիշերօթիկ հաստատությունում ջեռուցումը իրականացվում է էլեկտրական ջեռուցիչներով։ Առաջին մի քանի օրերին դժվարություններ կային, մինչև որ լուծման ուղիներ գտան։ Հաստատության տնօրեն Համեստ Սուլեյմանյանի խոսքով՝ ինքնակազմակերպվել են, իրավիճակից ելք գտել։

«Ջեռուցումը գազի կաթսայով էր իրականացվում։ Հաստատությունում կար 5 տաքացուցիչ, երկուսն էլ գնել եմ։ Հիմա 7 տաքացուցիչ ունենք»:

Մինչ այդ երեխաները հասցրել են հիվանդանալ. նրանց առողջությանը հետևող բժիշկ ունեն,-ասում է տնօրենը:

«Երեխաների առողջությանը հետևում է բժշկուհի Մարգարիտա Հասրաթյանը։ Իր զննելուց հետո, եթե անհրաժեշտություն է լինում, երեխաներին տանում ենք «Արևիկ» մանկական հիվանդանոց, լինում են դեպքեր, երբ շտապ օգնություն ենք կանչում»:

Այս օրերին երեխաների կենցաղը փոխվել է։ Նրանց թեժ քննարկումներն ու զրույցներն այժմ հյուսվում են ջեռուցիչի շուրջ։ Տաք ջրի համար հերթ են պահում։ Չմրսելու համար ավելի ակտիվ խաղեր են խաղում։ Բայց ամենասկզբում, իհարկե, դասապատրաստումն է՝ ասում է տնօրենը։

«Երեխաների հետ աշխատում են դաստիարակները, հոգեբանները, երաժիշտը և սպորտի ուսուցիչը: Երեխաների օրը հետաքրքիր դարձնելու համար կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, սպորտային մրցույթներ, «Համով պիցցա », «Համով աղցան» խաղեր։ Հաստատությունը ապահոված է ամեն ինչով»:

Որքան էլ դրսում ցուրտ լինի, ներսում մթնոլորտը ջերմ է՝ ասում է։ Այդ ջերմությունը երեխաներից է գալիս։ Հաստատության ամենափոքր բնակիչը 7 ամսական Սառան է: Օրվա մեծ մասը կառուցվում է հատկապես նրա շուրջ։ Բոլորի սիրելին է՝ զրնգուն ծիծաղով, կարմիր թշիկներով։ Այսպես, խնդիրները հաղթահարելով ապրում են հաստատության 22 երեխաներն ու աշխատողները, հույսով, որ ջեռուցման խնդիրը շուտով կլուծվի և իրենք կվերադառնան բնականոն կյանքին:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 18 Մարտի 2022 13:48
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ