Մայիսի 01, 2024

Առևտրային բանկերի վարկերի ու ավանդների վերաբերյալ տարեկան տվյալներ են ներկայացվել

By Սրբուհի Վանյան Փետրվարի 10, 2023
2022թ․ տարեվերջին վարկերի 84,9 տոկոսը կազմել են բանկերի վարկային ներդրումները, 9,5 տոկոսը` երկարաձգված վարկերը, 5,6 տոկոսը` բանկերի ժամկետանց վարկերը՝ նույն տարվա հունվարի 1-ի դրությամբ համապատասխանաբար 88,9 տոկոսի 7,1 տոկոսի 4,0 տոկոսի փոխարեն: Տեղեկությունը փոխանցում է ԱՎԾ մակրոտնտեսական ցուցանիշների, ազգային հաշիվների, ֆինանսների վիճակագրության բաժնի պետ Արևիկ Սահակյանը:  
 
«Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդամենը 25 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 42,5 տոկոսով կամ 9,7 տոկոսային կետով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 25,3 տոկոսով կամ 5,6 տոկոսային կետով»։ 
 
Ներկայացնելով առևտրային բանկերի վարկերի ու ավանդների վերաբերյալ տարեկան տվյալները՝  Արևիկ Սահակյանը նշել է, որ ավանդների թիվն աճել է: 2023թ․հունվարի 1-ի դրությամբ  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 3,7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4,6 տոկոսով։ 
 
«2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից ու ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 147․5 մլրդ. դրամ։» 
 
Ավանդների ընդհանուր կառուցվածքում 85,3 տոկոսը պատկանում է ռեզիդենտներին, 14,7 տոկոսը՝ ոչ ռեզիդենտներին։ Ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդների 28,9 տոկոսը ցպահանջ են։ Սրանք ռեզիդենտների հաշիվներն են, պարզաբանում է Արևիկ Սահակյանը, որոնք բանկերին պահպանման հանձնված և որևէ գործարք իրականացնելի հանվող միջոցներն են։  71,1 տոկոսը՝ ժամկետային ավանդներն են՝ ֆիզիկական անձանց կողմից ներգրավված ավանդները, որոնց մեջ մտնում են նաև երեխաների համար ներգրավված նպատակային ավանդները։ ԱՎԾ -ն տվյալներ է ներկայացրել Արցախի բանկային համակարգի հաճախորդների թվի վերաբերյալ։ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել էր 136 հազար։ 
 
«Որից ֆիզիկական անձինք 131 հազ., իսկ իրավաբանականները՝ 5000 են։Նրանց հաշիվների քանակը կազմել է 227 հազ., որից ֆիզիկական անձանց հաշիվները 218 հազար են։ 9000-ը իրավաբանական անձանց հաշիվներն են»։ 
 
Նախորդ տարվա համեմատ Արցախի բանկային հաճախորդների թիվը գրեթե չի փոփոխվել։ Հաշվետու ժամանակահատվածում, սակայն, ավելացել է իրավաբանական, նվազել՝ ֆիզիկական անձանց թվաքանակը։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ