Ապրիլի 28, 2024

Կյանքը պայքարի մեջ․ երբ ստիպված ես կռիվ տալ նաև բնության հետ

By Սրբուհի Վանյան Հունիսի 07, 2023


Արցախում գուղատնտեսական տարին բարդ պայմաններում է մեկնարկել․ շրջափակման մեջ, վառելիքի ու այլ անհրաժեշտ ռեսուրսների սահմանափակ պաշարով։ Դրան գումարվել են նաև անբարենպաստ բնակլիմայական պայմանները՝ կասկածի տակ դնելով կանխատեսվող գյուղատնտեսական արդյունքի ցուցանիշները։ Ձմեռն ու գարնան սկիզբը երաշտային էին, երաշտային էիր նաև նախորդ տարին, և այդ ամենը լուրջ վնաս է հասցրել աշնանացանի բերքատվությանը։ Դրան հաջորդած տեղումներն, ի դեպ, իրավիճակը չեն բարելավել։ Գարնանացանն էլ վնասներ է կրել մայիսյան սելավներից ու կարկուտից։ ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանն է մանրամասներ հողորդել։

"Նախքան մայիս սելավներն ու կարկուտը, մենք լուրջ խնդիրներ ունեինք աշնանացանի հետ կապված, որն առաջացել է երաշտի պատճառով։ Անձրևները չեն բարելավել իրավիճակը։ Մայիսին տեղումներն աննախադեպ էին, եթե մինչ այդ մարտ ապրիլ ամիսներին երաշտ էր, մայիսի տեղումները նորման գերազանցել են մի քանի անգամ։ Մեծ վնասներ են կրել Մարտակերտի, Ասկերանի հողատարածքները, տնամերձ հողամասերԸ։ Տուժել են նաև այգիները, ջերմոցները։»



Վնասները հաշվարկելու համար գյուղնախարարության մասնագիտական աշխատանքային խմբերը այս ընթացքում դիտարկումներ են անցկացրել․ վնասի չափերը ճշտելու համար։ «Կարկուտից և սելավից անմիջապես հետո ճիշտ գնահատել իրավիճակը չի ստացվում, որոշակի ժամանակ պիտի անցնի»,-պարզաբանում է Վիլեն Ավետիսյանը։


"Սովորաբար մի քանի օր անց են մասնագետները գնահատում վնասի չափը։ Նախորդ շաբաթ մենք տեղում գնահատել են իրավիճակը, ընդհանուր պատկերը ունենալուց հետո կքննարկենք և անհրաժեշտ միջոցառումներ կիրականցնենք։»

Սելավներից, կարկուտից ու ուժեղ քամուց բավականին մեծ վնասներ են կրել Մարտակերտի ու Ասկերանի շրջանի բնակավայրերն ու գյուղատտնտեսական նշանակության հողատարածքները։ Մինչև անգամ ամուր կառուցվածք ունեցող ջերմոցներն են վնասվել։

"Այդ ամենը գույքագրվելու է և կառավարությունում քննարկումներից հետո համապատասխան որոշում է ընդունվելու։»

Մանսագիտական խմբերը դեռ դաշտային ստուգումներ են անցկացնում․ տեղումները, որ շարունակվում են առ այսօր, խոչընդոտում են նաև նրանց աշխատանքին։ Ընդհանուր պատկերը տեսանելի կլինի միայն տեղումներից որոշ ժամանակ անց, ասում է փոխնախարարը։ Քանի որ երբեմն սելավից ու կարկուտից հետո թվացյալ վնասված բերքը նոր փարթամությամբ վերականգնվում է։ Իսկ ինչ վերաբերում է աշնանացանին, ապա կորուստների չափը ստույգ երևալու է բերքահավաքի ժամանակ։


"Դժվարանում եմ կանխատեսումներ անել, բարդ տարի է, բայց մենք անում ենք մեզանից կախվածը, իրավիճակը շտկելու համար։ Դրա հետ միաժամանակ, բնության դեմ անզոր ենք։»

Շրջափակման մեջ հայտնվելուց հետո պարենային ապահովության անպատրսատ վիճակի պատճառով գյուղոլորտի պատասխանատուների հասցեին մեղադրանքեր շատ են հնչել։ Դրանց մի մասը գուցե տեղին է, բայց նաև անտեղի մեղադրանքեր են եղել, ասում է զրուցակիցս, բայց հավելում է, որ ամեն դեպքում իրենք աշխատանքի կազմակերպման մեջ որոշ բաներ վերանայել են։ Ավելի փոքր տարածքում առավել արդյունավետ գյուղատնտեսության վարման քաղաքականությունը որդեգրվել է 44-օրյա պատերազմից հետո։ Այդ քաղաքականության տարր է ջերմոցային տնտեսութունների խթանման ծրագիրը։ Մայիս-հունիս ամիսներին վնասներ են կրել նաև ջերմոցային տնտեսությունները։ Պետությունը ջերմոցների ու այգիների համար կարկտապաշտպան ցանցերի ծրագիր է առաջարկում։ Օգտվել ցանկացողները քիչ են, ասում է Վիլեն Ավետիսյանը։ Պատճառները դեռ չեն ուսումնասիրվել։

"Հնարավոր է՝ կոնստրուկցիոն խնդիր է եղել, չնայած մեր դիտարկած ջերմոցները լավ ամրաշինական կառուցվածք են ունեցել։ Կան ծածկեր նաև ջերմոցների համար, մենք առաջարկում ենք, բայց այդ ծրագրից օգտվողներ շատ չկան։»,

Ջերմոցային տնտեսությւոնների քանակը Արցախում աճել է, բայց խնդիրներ կան ջեռուցվող ջերմատներում։ Գազամատակարարաման դադարեցումը ու հովհարային անջատումները հանգեցրել են նրան, որ այդ ջերմոցները սկսել են աշխատել այսպես ասած «սեզոնային եղանակով»․ գարուն-ամառ կամ ամառ-աշուն հատվածում։

Վիլեն Ավետիսյանն ասում է, որ առաջիկայում աշխատանքեր են տարվելու, որպեսզի այդ ջերմոցներում տեղադրվեն փայտի ջեռուցմամբ կաթսաներ։ Հույս ունեն, որ մինչև ձմեռ կլուծվի այդ հարցը, և շուկայում կունենանք տեղական արտադրության գյուղմթերք։

Last modified on Չորեքշաբթի, 07 Հունիսի 2023 06:58
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ