Ապրիլի 28, 2024

Ասկերանում ևս` վաղվանից կանցնեն հացի գնման կտրոնային եղանակի

By Վիկտորյա Սարգսյան Օգոստոսի 28, 2023

Ասկերան քաղաքում ևս` վաղվանից կանցնեն հացի գնման կտրոնային եղանակի: Հաշվի առնելով բնակչության թվաքանակը և ստացված հացահատկի բերքի սակավ քանակությունը` որոշվել է եղած պաշարներն օգտագործել խնայողաբար: Կտրոնային համակարգն ավելի վաղ ներդրվել է նաև Մարտունու շրջանի որոշ համայնքներում: Վիկտորյա Սարգսյանն է անդրադարձել թեմային:

Արցախում մարդիկ հացի հերթ են կանգնում արդեն ոչ թե ժամերով, այլ` օրերով: Խնդիր է արդեն ոչ միայն հաց գնելը, այլ նույնիսկ` հերթ բռնելը: Այս ամենն ըստ հնարավորին համակարգելու համար` Մարտունու շրջանի որոշ համայնքներում և Ասկերանում արդեն անցել են հացի գնման կտրոնային եղանակին: Մարտունիում համակարգն աշխատում է մոտ մեկ շաբաթ: Մարինա Սարգսյանի 5 հոգանոց ընտանիքն օրական 4 հաց է ստանում:

«Մեկ հոգուն հասնում է մեկ հաց, երկու հոգուն` կրկին մեկը, երեքին` երկուսը և այսդպես: Մենք 5 հոգուց բաղկացած ընտանիք ենք և ամեն օր ստանում ենք 4 հաց: Կարելի է ասել, որ հերթերը մի փոքր կարգավորվել են: Կտրոնային համակարգը ավելի հարմար է ժոովրդի համար»:

Ասկերանում հացի գնման կտրոնային եղանակը կգործի վաղվանից: Քաղաքում երկու փուռ է աշխատում: Ըստ դրանց հնարավորությունների էլ մշակվել է հացի տրամադրման սկզբունքը` ասում է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը:

«Ինչպես հանրապետության բոլոր համայնքներում, Ասկերանում նույնպես ալյուրի խնդիր կա: Եղած պաշարները խնայողաբար օգտագործելու համար անցել ենք հացի գնման կտրոնային եղանակին: Հուսով ենք սա թույլ կտա մի փոքր թեթևացնել մարդկանց բեռը և խուսափել մեծ հերթերից»:

Կտրոնները կազմվել են հաշվի առնելով ընտանիքի անդամների ու ընտանիքում անչապահասների թիվը: Հայկ Շամիրյանի խոսքով` անհրաժեշտության դեպքում, նաև անհատական մոտեցումներ կլինեն:

«Հաշվի կառնենք անչափահասների թիվը: Եթե ընտանիքում հաշմանդամությունում կամ որևէ այլ հիվանդություն ունեցող լինի, այդ դեպքում նույնպես անհատական մոտեցում կլինի»:

Բացի քաղաքում գործող 2 փռից, հարակից Խնապատ համայնքից նույնպես մատակարարվում է հաց:

«Իր համայնքի բնակչությանը բավարարելուց հետո, հնարավորության սահմաններում որոշակի քանակությամբ հաց հասցնում են Ասկերան: Այդ հացը նույնպես որոշակիորեն մեղմում է հացի խնդիրը»:

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը ցավով նշում է. նաև լինում են դեպքեր, որ մարդիկ նպատակային չեն գնում հացը, իսկ հետո` այն հայտնվում է աղբանոցներում: Կտրոնային համակարգը թույլ կտա սա նույնպես կարգավորել:

Չնայած նրան որ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարել է, որ առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները, փռերի մոտ հերթերը չեն էլ նվազում: Գյուղատնտեսության նախարարությունից էլ հայտնել են, որ մայրաքաղաքի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են: Նախարարությունը պատրաստ է ցորենի բերքի պաշարներ ունեցող հողօգտագործողներից գնել այն` շուկայական գնով՝ անկախ քանակից:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ