Ապրիլի 29, 2024

Հարազատ տունը պատերազմի հետևանքով կորցրած Մարիան այսօր էլ` շրջափակման պատճառով ապրուստի միջոցն է կորցրել

By Աննա Հայրապետյան Սեպտեմբերի 15, 2023

Արցախի շրջափակումն իր բացասական հետևանքներն է թողել բոլոր բնագավառների վրա։ Շրջափակման առաջացրած գլխավոր խնդիրներից մեկը գործազրկությունն է։ Շատերը կորցրել են իրենց աշխատանքն ու ապրուստի միջոցը։ Նրանցից մեկն էլ Քաշաթաղից տեղահանված Մարիա Նիկոլյանն է։ Աննա Հայրապետյանն է զրուցել նրա հետ:

Արցախի մայրաքաղաքում և շրջաններում` շրջափակման պատճառով իրենց աշխատանքը դադարեցրեցին շատ խանութներ, հանգստի գոտիներ, սննդի կետեր և այլն։ Այս ամենի հետևանքով գործազուրկ դարձան շատ արցախցիներ։ Նրանցից շատերը մինչև հիմա շարունակում են առանց աշխատանքի մնալ, իսկ ոմանք փորձում են ուրիշ զբաղմունք գտնել և դրանով գումար աշխատել։ Վերջինների թվում է այսօրվա զրուցակիցս` Մարիա Նիկոլյանը։

«Աշխատում էի «Արման» սուպերմարկետում` որպես գանձապահ։ Շրջափակման սկզբնական շրջանում դեռ գործը կար` վաճառում էինք այնպիսի ապրանքներ, որոնց պատրաստման համար հումքն Արցախից էր` քաղցրավենիք, որոշ տեղական հացահատիկներ, ընդեղեն։ Բայց դրանք էլ վերջացան և արդեն ամառվա շրջանում ստիպված էինք 3 օրը մեկ գնալ աշխատանքի։ Հիմա ընդհանրապես` խանութը փակվել է և աշխատանք չկա»։

Ստեփանակերտում աշխատանքի բացակայությունն այժմ ավելի է զգացնել տալիս, քանի որ գյուղացիների` Ստեփանակերտ մեծ դժվարությամբ հասցված ապրանքի գները բավականին բարձրացել են, ասում է Մարիան։

«Ուրիշ աշխատանք ինչքան էլ փնտրեմ` որևէ միջոց չկա, քանի որ բոլոր խանութներն էլ փակ են, բայց այս վիճակով պայմանավորված աշխատանք ունենալը շատ կարևոր է` օրվա հաց գտնելը շատ դժվար է և ամեն պահի պետք է մոտդ գումար լինի, որ հրաշքով գտած ապրանքը կարողանաս վերցնել»։

Զրուցակիցս Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքից է։ Մինչ պատերազմը վարձով բնակվում էր Ստեփանակերտում։ Նշանված էր և մտքում արդեն պլանավորում էր իր հարսանիքը։ Բայց պատերազմը խմբագրեց նաև նրա երազանքները։

«Ինչպես բոլոր սիրահար զույգերը, այնպես էլ` մենք երազում էինք, որ մեր կյանքի լավագույն օրը հիշարժան դարձնենք, բայց չարաբաստիկ պատերազմը քաոս ստեղծեց և մեր զոհերի, մեր եղբայրների հիշատակը հարգելով ոչինչ չենք արել։ Տեղահանվելուց հետո առանց որևէ արարողության ամուսինս եկել է և ինձ տարել իրենց տուն»։

Մարիան միայն իր մասին չէ, որ մտածում է։ Իրավիճակի պատճառով ընտանիքի մյուս անդամները ևս գործազուրկ են դարձել։

«Ընտանիքս բազմանդամ է և դրանով պայմանավորված ծախսերն էլ շատ են։ Հիմա ես չեմ աշխատում և ամբողջ հոգսն ամուսնուս ուսերին է»։

Չնայած այս ամենին` նա չի հուսահատվում. գումար աշխատելու նոր միջոց է գտել իր համար։ Սակայն խոստովանում է, որ դժվարությունները շատ են։

«Հիմա փորձում եմ տնից գումար աշխատելու այլ միջոց որոնել։ Ցանկանում եմ եղունգների և մաշկի խնամքով զբաղվել, համապատասխան նյութերն ու սարքավորումները արդեն գտել եմ։ Մնում է հաճախորդներ լինեն, քանի որ բնական է, որ գործում դեռ նոր եմ ու շատերը չգիտեն, որ զբաղվում եմ այդպիսի աշխատանքով։ Դեռ սկզբնական շրջանում տանն եմ անելու, հետո տեսնենք ինչ կստացվի։ Հուսամ ամեն բան դեպի լավը կգնա և ստիպված չենք լինի ամեն օր հերթերում լինել կամ աշխատանք գտնելու փնտրտուքով զբաղվել»։

Չնայած դժվարություններին` Մարիան հույսը չի կորցնում և նույնն էլ` մնացած արցախցիներին է մաղթում:

«Չեմ ուզում, որ արցախցին հույսը կորցնի: Հույսով ապրենք, որ մի լավ դուռ կբացվի»:

Ոչ բոլորին է այսօր հաջողվում փոխարինող զբաղմունք գտնել, որ նաև շահութաբեր կլինի։ Իսկ աշխատանք չունենալը` ֆինանսական և հոգեկան լուրջ խնդիրներ է ստեղծում ամեն օրը հերթերում լուսացնող արցախցիների համար։ Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով` շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով` շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 17.000 մարդ, ինչը` մասնավոր հատվածի աշխատողների 90%-ից ավելին է:

Last modified on Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2023 11:49
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ