Ապրիլի 28, 2024

Շրջափակման սթրես․ երբ ավանդական միջոցառումներն այլևս անուժ են

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 18, 2023

Շրջափակման ավելի քան 9 ամիսներն այստեղ ապրող 120 հազար հոգու համար մեծ խնդիրներ են առաջացրել։ Դրանց մի մասը բարձրաձայնվել է։ Հիմնականում, սակայն, խոսվում է նյութականի մասին, հաճախ անտեսելով այն, ինչն իսկապես կարևոր է։ Հումանիտար ճգնաժամը սոցիալ հոգեբանական խնդիրներ էլ է առաջ բերել, ազդելով հաճախ մարդկանց արժեհամակարգի, վարքագծի վրա ու խաթարելով նրանց հոգեկան առողջությունը։ ԱրՊՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Վիտյա Յարամիշյանի հետ զրույցում մեր գործընկեր Սրբուհի Վանյանը խնդիրն այդ տիրույթում է դիտարկել։

Ստեփանակերտի բնակիչների վերջին մեկ տարվա կյանքը որևէ աղերս չունի ընդամենը մեկ տարի առաջվա կյանքի հետ։ Քաղաքի դիմագիծը նույնպես փոխվել է․ մարդիկ հոգնատանջ են, մտազբաղ, դյուրագրգիռ, անընդհատ ինչ-որ բանի փնտրտուքների մեջ։ Ճգնաժամը բացասական ներազդեցություն է ունեցել բոլորի հոգեբանական վիճակի վրա, փոխելով շատերի վարքագիծը։ Մեզանից յուրաքնաչյուրն այս օրերին ականատես է լինում դեպքերի, որոնց վրա զարմանում-բարկանում է, վերլուծում, փորձում ըմբռնումով մոտենալ՝ հաշվի առնելով նման վարքագծի խորքային պատճառները։

Ստեփանակերտի բնակչուհի Աննա Գրիգորյանն այն կարծիքին է, որ ամեն դեպքում, որքան էլ դժվար ու գուցե անելանելի լինի վիճակը, կարևոր է սեփական մարդկային դեմքը պահելը։

«Կոնֆլիկտներ են եղել հերթերում։ Մի անգամ ականտես եղա, թե ինչպես մի տղամարդ փորձում էր խփել անծանոթ կնոջը։ Չգիտեմ ինչ պատճառներով, բայց իմ համար շատ խորթ էր, զարմանալի»:

Հերթերում, երբ սահմանափակ քանակի ապրանք կա, և մարդը ստիպված է լինում հաճախ «ջունգլիների օրենքով» առաջնորդվել, հարազատ երեխային կերակրելու այդ պահի գուցե միակ հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար, նման վարքագծի հաճախ կարելի է ականատես լինել։ Աննայի ինքնապաշտպանական բնազդը նման պարագայում դրսևորվել է այնպես, որ նա խուսափում է հերթերում լինելուց։

«Միշտ ասում եմ, որ հերթերից վախենում եմ։ Շատ մեծ հերթերից խուսափում եմ, և նույնիսկ եթե շատ պետք է, որ կանգնեի, չեմ կանգնել»։

Հոգեբանական գիտությունների թեկնածու Վիտյա Յարամիշյանն այս պայմաններում մարդկանց վարքագծի փոփոխությունն օրինաչափ և հոգեբանության տեսակետից բացատրելի է համարում։

«Սթրեսը, անհատական, թե զանգվածային մակարդակով, փուլեր է անցնում․ մոբիլիզացիայի փուլ, դիմադրության փուլ, եթե ուժերն ու հնարավորությունները չեն բավականացնում, առաջ է գալիս դեզադապտացիայի կամ հյուծվածության փուլը, որն այլևս անկանխատեսելի հետևանքեր ու դրսևորումներ կարող է ունենալ»։

Մարդիկ ոչ միայն սովի են մատնվել, այլև անընդհատ ենթարկվում են հոգեբանական ճնշման, ենթարկվում են տեղեկատվական տեռորի, և եթե իրավիճակը զարգանա այս սցենարով, դեպքերն ու իրադարձությունները կարող են այլևս անկառավարելի դառնալ, ասում է Վիտյա Յարամիշյանը։

«Այստեղ էլ բացատրություն կա․ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվում են ոչ միայն տոտալ շրջափակմամբ, այլև տեղեկատվական տեռորով, և մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ չկան կենսական անհրաժեշտության ապրանքեր անգամ, անվտանգային երաշխիքներ և մարդիկ անկյունը մղվածի հոգեվիճակում են հայտնվել»։

Որքան ձգվի իրավիճակը, այնքան ելքերի փնտրտուքը դժվարանալու է, ասում է, և միակ ելքը` այս ճգնաժամի հանգուցալուծումը կարող է դառնալ։ Աննան փորձում է հասկանալ, տեսնել այն պատճառները, որոնց ընդամենը հետևանքն է վարքագիծը, որին ականատես է լինում, բայց նույնիսկ այդ դեպքում դժվարանում է արդարացնել այդ վարքագիծը։ Չի կարելի եսակենտրոն լինել, սպասարկելով միայն սեփական շահը, ասում է, չէ որ բանական մարդը կենդանուց հենց դրանով է տարբերվում, որ կարողանում է կառավարել իր բնազդներն ու զգացմունքները։

«Իմ համար նորմալ չէ․ չի կարող նորմալ լինել նման վարքագիծը»։

Որքան ձգվում է շրջափակումը և խորանում սոցիալական ճգնաժամը, այնքան սթրեսն ու մարդկանց հոգեբանական վիճակն անկառավարելի են դառնում։ Բնականաբար, դրանք հսկայական ռիսկերով են հղի ինչպես անհատների, այնպես էլ, ընդհանրության մեջ՝ հանրության համար։

Լուծումը Վիտյա Յարամիշյանը տեսնում է ճգնաժամի վերջնական հանգուցալուծման մեջ։ Մարդիկ պիտի զգան, որ իրենց անվտանգությանը վտանգ չի սպառնում, իրենք սովամահ չեն լինելու, որպեսզի մոբիլիզացնեն ներքին ռեսուրսները և հաղթահարեն սթրեսը։ Բնականաբար, այստեղ անելիք ունեն նաև մասնագետները։ Նրանք փորձում են այս իրավիճակում իրենց աջակցությունը ցուցաբերել՝ մեղմելու համար մարդկանց ցավը և թեթևացնելու հոգեբանական ճնշումը, բայց դրանք միշտ չեն արդյունավետ աշխատում։ Այս ծայրահեղ իրավիճակում` ավանդական միջոցառումների կիրառումը՝ խորհրդատվություն, բացատրական աշխատանք, քաջալերանք, ժամանակավրեպ են, քանի որ խոցված են մարդկանց ամենազգայուն կետերը, բազային պահանջմունքները, ասում է հոգեբանը։ Այս պարագայում խոսել բարձր արժեքների, խոցված արժանապատվութան մասին, միամտություն է։

Last modified on Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023 15:56
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ