Հոկտեմբերի 06, 2022

Արցախցի մարզիկը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

By Անի Աբաղյան Սեպտեմբերի 21, 2022
Սա դեռ ամեն ինչի սկիզբն է՝ վստահ է արցախցի սամբիստ Աղվան Պետրոսյանը, որ 98 կգ քաշային կարգում գրավել է երկրորդ տեղն ու արժանացել արծաթե մեդալի: Սամբոյի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունեցել Սերբիայի Նովի Սադ քաղաքում։ 
 
«Առաջին անգամ եմ մասնակցում սամբոյի Եվրոպայի առաջնությանը։ Գրավել եմ արծաթե մեդալ և հույս ունեմ, որ հաջորդ մրցույթից ոսկե մեդալով կգամ»։
 
 Աղվանը առաջնությանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կազմում։ Փոխչեմպիոնը հաղթել է Բոսնիա-Հերցեգոնիայի մարզիկին 9։0 հաշվով, պարտվել՝ ռուս մարզիկին։  
 
«Ես հասկացել եմ, որ շատ բացեր ունեմ լրացնելու։ Կձգտեմ հոկտեմբերի 14 կայանալիք աշխարհի առաջնությանը վերացնեմ այդ բացերը։ Ես իմ այս հաղթանակը նվիրում եմ Արցախ աշխարհին»։
 
 Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 24 պետության մարզիկներ: Մարզիչ Իվան Ազիզբեկյանը մեծ հույսեր ունի սամբոյի աշխարհի առաջնությունից, որը կազմակերպվելու է Երևան քաղաքում։ 
 
«Իմ այստեղ աշխատելու ընթացքում մենք տարբեր առաջնությունների ենք մասնակցել՝ աշխարհի, Եվրոպայի, բայց միշտ երրորդ հորիզոնականն էինք զբաղեցնում։ Աղվանը մեր առաջին՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած մարզիկն է։ Աստված տա հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում մեր մարզիկները մրցանակային տեղեր զբաղեցնեն ու հաղթանակած վերադառնան․ մենք էլ այսպես ենք օգնում մեր հայրենիքին»։
 
 Եվրոպայի առաջնությանը Արցախից երեք մարզիկ էին մասնակցել։ Մրցանակային տեղ է զբաղեցրել դեռեւս միայն Աղվանը։ Այժմ մարզիկները նոր մրցաշարին՝ աշխարհի առաջնությանն  են պատրաստվում։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 21 Սեպտեմբերի 2022 14:31
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ