Print this page

Ադրբեջանի՝ իրավախախտ իրավապաշտպանները

By Սոֆիա Հակոբյան Դեկտեմբերի 13, 2022

Վարժ հայերեն խոսող, թյուրք ազգայնական և փաստացի ահաբեկչական համարվող «Գորշ գայլեր» խմբավորման նշանն անկաշկանդ ցուցադրող, տեղում գտնվող խաղաղապահների հանդեպ սադրանքներ հրահրող մասան, որ  կազմակերպված կերպով շարունակում է Բաքվից  Շուշի    բերվել չի թաքցնում իրական նպատակները:  Առցանց ադրբեջանալեզու հարթակներում  նրանք  բացահայտ ցուցադրում են հակահայ  կեցվածքն ու  Լաչինի միջանցքը փակելու իրենց անհագ ցանկությունը: Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանքը, որը հիշեցնում է նախապես մանրակրկիտ ծրագրավորված գործողություն, անակնկալ չէր    հակամարտությամբ զբաղվող  փորձագետների համար, որոնք պարբերաբար հետևում են Ադրբեջանի   հռետորաբանությանն ու գործնական  քայլերին։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն «Արցախ»  լրատվականի   հետ զրույցում նշում է, որ ոչ միայն ակնհայտ է սադրանքի՝ նախապես ծրագրված ու պետական մակարդակով կազմակերպված լինելն, այլև այդ հարցում Թուրքիայի հստակ քաղաքական աջակցությունն Ադրբեջանին։ 

«Միանշանակ կարող ենք ասել, որ սա նախապես պլանավորված գործողություն էր: Ամենայն մանրամասնությամբ Ադրբեջանի իշխանությունները հաշվարկել են այս գործողությունը իր բոլոր կողմերով։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Ադրբեջանում արգելված է Արցախի օկուպացված տարածքներ մտնել առանց պետական թույլտվության: ՊՆ-ից հատուկ թույլտվություն պետք է ստանան ու հատուկ ուղեկցությամբ պետք է մտնեն նշված տարածքներ։ Հետևաբար այն, որ դեկտեմբերի 3-ին, այսպես կոչված, ակտիվիստները հայտնվել էին օկուպացված Շուշիում և այնտեղից կարողացել էին իջնել ներքև ու փակել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը,  միանշանակ ցույց է տալիս, որ այս ամեն ինչը հստակ կերպով Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվել է, նրանց բերել են հատուկ Շուշի, զորքի ուղեկցությամբ իջեցրել են և տարել են ճանապարհը փակելու»։ 

 Փորձագետը վստահ է՝ այս անգամ ինչպես միշտ Ադրբեջանը նման քայլի դիմելիս ապավինել է բարեկամ Թուրքիայի աջակցությանը: Ուշագրավ է, որ  Արցախի շուրջ նոր էսկալացիային նախորդել է օրեր առաջ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունները, թեև հայկական շրջանակներում գերակշռում էր այն թեզը, որ զորավարժությունները հիմնականում ուղղված են Իրանի դեմ։ 

«Միանշանակ այս ամեն ինչին սերտորեն աջակցում է Թուրքիան: Ընդ որում,  Թուրքիայի քաղաքական աջակցությունն առնվազն այս հարցում բավական լուրջ դեր ունի, որովհետև Ադրբեջանը դժվար թե առանց Թուրքիայի քաղաքական աջակցության գնար նման քայլի, որը նաև ուղիղ կեպով հարվածում է ՌԴ շահերին ու հեղինակությանը։ Երեկ տեսանք, որ այս սադրանքին մասնակցում էին  նաև Շուշիում տեղակայված Թուրքիայի քաղաքացիները, որոնք այդտեղ ներգրավված են շինարարական և այլ աշխատանքների մեջ»։

 Հովհաննիսյանը հիշեցնում է ընդամենը օրեր առաջ Թուրքիայից Բաքու գործուղված գեներալ Բահթիյար Էրսայի մասին, որը փաստացի նշանակվել է Ադրբջանի ՊՆ խորհրդական: Սա  ևս վկայում է, որ Թուրքիան շարունակում է ռազմական շատ լուրջ օգնություն ցույց տալ Ադրբեջանին։ Փորձագետը կարծում է, որ ակցիայի ձևաչափը պատահական չէ ընտրված, ի վերջո՝ այս դեպքերին նախորդել են Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական սպառնալիքները Լաչինի միջանցքը փակելու մասին, իսկ ռազմական ճանապարհով Ադրբեջանը դա չէր անի՝ հաշվի առնելով միջանցքում ռուս խաղաղապահների ներկայությունը։ Այս կոնտեքստում, ըստ քաղաքագետի, այսպես կոչված «բնապահպանական» շղարշը    ամենահարմար միջոցն էին արցախահայությանը շրջափակելու, Արցախին և Հայաստանին իրենց հերթական հավելյալ պայմանները թելադրելու համար։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նաև վստահ է, որ ինչպես միշտ Ադրբեջանը փորձում է մեկ հարվածով մի քանի հնարավոր հարց լուծել, զուգահեռաբար փորձելով առաջ տանել մյուս՝ ԱՀ տարածքում հանքերի փակման նախապայմանը, որն իրականանալու դեպքում ահռելի վնաս կհասցնի Արցախին:  

Artsakh Public Radio

Related items