Նոյեմբերի 21, 2024

Ընդամենը միջադե՞պ, թե՞ Արցախը հայաթափելու նպատակաուղղված ծրագիր․ ինչ է տեղի ունեցել Լաչինի միջանցքում

By Սրբուհի Վանյան Ապրիլի 05, 2023

Ադրբեջանցիների ցուցադրական կեղծ մարդասիրության տակ թաքնված իրականությունն այն է, որ կեղծ էկոակտիվիստները թույլ չեն տվել  Արցախի շտապօգնության մեքենային մոտենալ տուժած քաղաքացիներին ու նրանց տեղափոխել հիվանդանոց: Այս մասին «Արցախ» լրատվականին ասել է ԱԺ-ի «Ազատ հայրենիք-ՔՄԴ»  խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը: 

«Իրադարձությոնը տեղի է ունեցել այն պատճառով, որ ադրբեջանցիները չեն թողել, որպեսզի մեր շտապ օգնության մեքենաները մոտենան մեր քաղաքացիներին և օգնություն ցուցաբերեն: Նրանց առողջական վիճակից ելնելով ռուս խաղաղապահների կողմից որոշում է կայացվել, որ իրենց մեքենաներով, և նաև  այնտեղ կար մեկ ադրբեջանական մեքենա, մեր քաղաքացիներին տեղափոխել Ստեփանակերտ: Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական կողմը կողծ պնդումներ է շահարկում, թե իբր ճանապարհը բաց է, քաղաքացիների տեղաշարժը ազատ է»:

 Արթուր Հարությունյանն ասել է, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների տեղափոխումը նախապես համաձայնեցված է եղել ռուս խաղաղապահների հետ, այսինքն, նախապես պայմանավորված գործողություն էր։ Ադրբեջանցիների կողմից,  նրանց տեղափոխող մեքենան  կանգնեցվել է և թույլ չի տրվել  մեր քաղաքացիների մուտքը Արցախ։   Հանրապետության ԱԺ-ի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը դատապարտել է   տեղի ունեցածը, նշելով, որ մեր հարևանները նման վարքագծով  մեկ անգամ ևս փաստում են, որ բարբարոս հարևան են և ամեն ինչ անում են՝ Արցախը հայաթափելու համար։   

«Միանշանակ դատապարտելի է և՛ շրջափակման երևույթը, և՛ Ադրբեջանի քայլերը կոնկրետ դեպքերի առումով: Մենք ցանկացած իրավիճակում պետք է ձգտենք մաքսիմալ օգուտ քաղել: Այս հնարավորությունը մենք պետք է օգտագործենք, որպեսզի աշխարհին հասկացնենք մեր թե՛ պատմական, թե՛ միջազգային բոլոր նորմերին համապատասխան սեփական հայրենիքում ապրելու իրավունքը՝ կառուցել սեփական պետականություն»:

  Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է օր առաջ  իրականացնել Արցախը հայաթափելու իր քաղաքականությունը՝ համոզված է նաև «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

«Երեկվա միջադեպը պատահական չէր. ես չգիտեմ՝ ինչ պայմանավորվածությունների շրջանակ է եղել, ինչ մակարդակով է այդ ամենը կազմակերպվել, բայց գնահատելով երևույթը՝ շատ ակնհայտ է, որ ռուսական կողմը, ռուս խաղաղապահները պետք է հետևողականություն ցուցաբերեն և ադրբեջանական կողմին պարտադրեն՝ իրականացնելու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված այն դրույթը, որ Արցախը պետք է անխափան կապ ունենա Հայաստանի Հանրապետության հետ և մեր քաղաքացիները առանց խոչընդոտի պետք է կարողանան գնալ Հայաստան»:

Դավիթ Իշխանյանի խոսքով, Արցախում ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի կողմից իրականցվող գործողությունները  պետք է դիտարկել ոչ միայն վերջին  4 ամսվա, այսինքն շրջափակման կտրվածքով,  այլ  2020 թվականի պատերազմից հետո  ժամանակահատվածի․ Ադրբեջանը փորձում է օղակն Արցախի շուրջ  ավելի ու ավելի սեղմել, և երեկվա միջադեպն ընդամենը այդ նպատակին հասնելու ևս մեկ գործողություն է։  Ադրբեջանը խոչնդոտում է միայն դեպի Արցախ երթևեկությունը, փոխարենը խրախուսում  Արցախից  դուրս գալը. անդրադառնալով փաստին Դավիթ Իշխանյանը ընդգծում է, որ սա Ադրբեջանի՝ Արցախը հայաթափելու քաղաքականության դրսևորումն է: 

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 06 Ապրիլի 2023 08:20
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ