Արցախցի մի խումբ պատանիներ և երիտասարդներ կազմակերպել են «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, որի գլխավոր պահանջներն են ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բռնակալած տարածքներից, հրադադարի լիակատար պահպանումը, Բերձորի միջանցքի ապաշրջափակումը և 5 կմ լայնությամբ միջանցքով ՀՀ հետ անխափան կապի ապահովումը, այդտեղից ադրբեջանական անցակետի հեռացումը, գերիների և բռնազավթված տարածքների բնակիչների վերադարձն իրենց հայրենիք։ Շարժման նախաձեռնողներն իրենց պահանջներին հասնելու նպատակով կազմակերպել են ստորագրահավաք։ Այս պահին գործում է ստորագրությունների հավաքման չորս կետ՝ Ստեփանակերտի Ազատության հրապարակի Ազատամարտիկների-Իսակով անկյունում, Ազատամարտիկների պողոտայի կամրջի վերին մասում, Շահումյանի պուրակում և Արթուր Մկրտչյան-Բաղրամյան փողոցների հատումում։ Առկա է նաև առցանց ստորագրահավաքի հնարավորություն։ Նախաձեռնության մասնակից լուսանկարիչ Հայկ Հարությունյանը նշում է, որ իրենք հոգնել են սպասել որևէ գործողության, և իրենք են որոշել ինքնակազմակերպվել և սկսել շարժում, որը կարթնացնի մարդկանց․
«Որոշեցինք, որ սպասելու տեղ չունենք։ Հասկացանք, որ մոտակա ժամանակահատվածում կբացվի այդ ադրբեջանական անցակետը և մենք չպետք է թույլ տանք, որ դրանով անցնի գոնե մեկ հայ և գոնե մեկ հայկական մեքենա, որովհետև դա ամբողջ Արցախի համար կլինի ճակատագրական։ Եւ որոշեցինք, որ պետք է սկսենք այսպիսի հանրահավաքից։ Երբ մարդն ընկնում է, նա առաջին հերթին իր ձեռքերն է մեկնում, հետո միայն մտածում՝ ինչ կլինի։ Մեր Արցախի ժողովուրդը, ցավոք սրտի, այդ ձեռքեր մեկնելու բնազդը չունի, և փորձեցինք մենք լինել Արցախի ժողովրդի ձեռքերը․ որ գոնե մենք մեր տեղում չնստենք, մենք մեր ձեռքերը մեկնենք, մենք փորձենք ինչ-որ մի բան անել, և դա կլինի ավելի ու ավելի լավ, քան՝ ուղղակի համակերպվել այդ մտքի հետ և նստել մեր տեղը»։
Հոգեբույժ Իսկուհի Աբրահամյանը, ով նույնպես մասնակցում է ստորագրահավաքի կազմակերպմանը, կարևորում է, որ Արցախի բնակչությունը բարձրաձայնի իր իրավունքների մասին․
«Անընդհատ խոսվում է, որ Արցախում կա 120․000 հայ, բայց իրենք երբեք չեն ներկայացվում։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ փաստացի այդքան հայ կա և իրենք իրոք դեմ են Ադրբեջանի կողմից իրականացվող այս հանցագործություններին։ Հենց դա ենք ուզում ցույց տալ, որ իրոք այդքան մարդ կա և իրոք այդքան մարդ դեմ է»։
Իհարկե, կան նաև մարդիկ, ովքեր այս նախաձեռնությանը թերահավատորեն են մոտենում, սակայն շարժման մասնակից, ուսանող Գևորգ Իսախանյանը վստահ է, որ ավելի լավ է փորձել ու չհաջողել, քան՝ առհասարակ չփորձել․
«Կան մարդիկ, ովքեր լիովին հիասթափված են և ասում են, թե այս ամենը ոչ մի օգուտ էլ չի տա։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ եթե որևէ կերպ չփորձենք ինչ-որ բան անել, մենք չենք կարող հասկանալ․ օգուտ կտա, թե՝ չէ։ Եթե օգուտ չտա, հաստատ վնաս էլ չի տա»։
Ստորագրահավաքը շարունակվելու է մինչև մայիսի 8-ը։ Դրա ավարտից հետո ստորագրված պահանջներն ուղարկվելու են ՀՀ վարչապետին և ՄԱԿ ԱԽ-ի անդամ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանատներ։ Հասարակական նախաձեռնություններն, իհարկե, մեծ կարևորություն ունեն հանրային ձայնի բարձրացման գործում, սակայն առավել կարևոր է պետական մակարդակով այդ խնդիրների լուծման ուղղությամբ նպատակաուղղված և վճռական աշխատանքը։ Այդ մասին շարժման նախաձեռնողները լավ գիտեն, բայց և, փորձում են իրենց լուման ներդնել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի բարձրաձայնման գործում։
https://www.change.org/p/%D1%82%D1%80%D0%B5%D0%B1%D1%83%D0%B5%D0%BC-%D0%BF%D1%80%D0%B5%D0%BA%D1%80%D0%B0%D1%82%D0%B8%D1%82%D1%8C-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B2%D0%BE%D0%B4%D0%B8%D0%BC%D1%83%D1%8E-%D0%B2-%D0%B0%D1%80%D1%86%D0%B0%D1%85%D0%B5-%D0%B0%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D0%BE%D0%BC-%D0%BF%D0%BE%D0%BB%D0%B8%D1%82%D0%B8%D0%BA%D1%83-%D1%8D%D1%82%D0%BD%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9-%D1%87%D0%B8%D1%81%D1%82%D0%BA%D0%B8-%D0%B8-%D0%B3%D0%B5%D0%BD%D0%BE%D1%86%D0%B8%D0%B4%D0%B0?recruiter=1305793157&recruited_by_id=60de3fb0-e4f2-11ed-891c-cf5f32b9a3cb&utm_source=share_petition&utm_medium=copylink&utm_campaign=petition_dashboard&fbclid=IwAR1aOEjcWmoLDCF-3w_HX_Dz-XVZsPwSJSHyUgd3S0vcxtt1f-Dkd7CM22s