Ապրիլի 28, 2024

«Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական ճակատ»-ը հավաք է կազմակերպել

By Սրբուհի Վանյան Հունիսի 26, 2023

Քաշաթաղի կամ Լաչինի միջանցքի երկարատև շրջափակմամբ պայմանավորված` Արցախում մի խումբ ակտիվ քաղաքացիներ նախաձեռնել են «Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական ճակատ» շարժումը։ Նրանք փորձում են Արցախի ձայնը հասանելի դարձնել աշխարհին, ցույց տալ, որ միջանցքում կատարվող գործողություններն ապօրինի են և հակասում են միջազգային բոլոր նորմերին ու ձեռք բերված պայմանավորվածություններին։
Շարժման անդամ մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են Արցախի հանրապետության Ազգային ժողովի դիմաց։ Նրանց հանդիպել է ԱԺ-ի փոխնախագահ Գագիկ Բաղունցը։ Սրբուհի Վանյանն է ծանոթացել Շարժման պահանջներին։


«Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական ճակատ» շարժման նախաձեռնող խումբն իր առաջարկներն ու պահանջներն է ներկայացրել խորհրդարանին, հորդորելով ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել, համարժեք գնահատականներ հնչեցնել և գործողություններ իրականացնել Արցախի ու նրա ժողովրդի հանդեպ այս անօրինականության՝ արդեն գրեթե 200 օր տևող շրջափակման վերացման ուղղությամբ։

«Մենք ընդամենը Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներ ենք․ մեր պահանջը ներքին խնդիրները չեն, այլ այս իրավիճակի հանդեպ երկիրը ղեկավարողների համարժեք գնահատականն ու քայլերը»,- ասում է ԱԺ-ի դիմաց հավաքի մասնակիցներից Արթուր Օսիպյանը։ Եկել ենք ասելու, որ այսպես չի կարելի թողնել, և մենք չենք լռելու։ Եթե Ազգային ժողովը, որպես մեր կողմից ընտրված իշխանություն, մեզ հետ է՝ շատ բարի, եթե ոչ՝ մենք պատրաստ ենք նաև միայնակ պայքարել՝ ասում է։

«Եթե ԱԺ չի կարողանում, մենք պատրաստ ենք նաև մենակ անել։ Եկեք միասին գնանք ՌԴ խաղաղապահների հետ խոսենք։ Մենք լսել ենք, ԱԺ-ն հայտարարություններ ընդունել է, բայց դրանք հասցեական չեն»:

Քանի որ ադրբեջանական կողմն ավելի քան վեց ամիս շրջափակման մեջ է պահում Արցախը, իսկ վերջին շաբաթներին էլ անցել է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի համապարփակ արգելափակմանը, ուստի` միջանցքի ապաշրջափակման շարժումը պահանջում է, որպեսզի Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմի ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ կոչ անելով անհապաղ բացել միջանցքը և պահպանել 5-կիլոմետրանոց գոտին, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ։

«ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը տեսել եք, որ որոշում է ընդունել։ Դա փաստորեն առաջին քայլն է ԼՂ ճանաչման: Մեր ԱԺ-ից մենակ Թովմասյանը պե՞տք է խոսի։
Բաղունց․ մենք արդեն խոսել ենք այդ հարցի մասին, ԱԺ-ն հանդես է գալիս, գուցե ոչ այն հասցեականությամբ, ինչը ասում եք, բայց մենք լուռ չենք»:

Միջանցքը չբացվելու պարագայում Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պետք է հրապարակայնորեն հայտարարի ստանձնած պարտավորությունները կատարելու՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի անկարողության մասին և դիմի ԵԱՀԿ երկրներին ու Ֆրանսիայի Սենատին՝ խնդրելով գործարկել ՄԱԿ-ի հնարավոր բոլոր մեխանիզմները` միջազգային խաղաղապահ լրացուցիչ ուժերի ներգրավվման նպատակով, քանի որ տարածաշրջանում խաղաղության պահպանման այլ տարբերակներ հնարավոր չենք համարում, ասում են նախաձեռնողները։

Դավիթ Վանյանն է նախաձեռնող խմբի նպատակների մասին տեղեկացնում։

«Քանի որ տոտալ բլոկադայի մեջ ենք Ադրբեջանի կողմից, որոշակի փոխել ենք մեր քայլերը, մենք կոնկրետ քայլեր քաղաքական ու այլ ուժերի կողմից չենք տեսնում, մենք նախաձեռնել ենք այս շարժումը։ Իրավական տեսակետից մենք անթերի ենք, աշխարհի շատ պետություններ մեր կողմն են այս հարցում։ Մենք պետք է դա օգտագործենք»։ 

Մենք որոշել ենք երկրի քաղաքական ուժերին, որ ընտրվել են մեր կողմից, ժողովրդի մտահոգությունների վերաբերյալ առաջարկներ անել, ուզում ենք նրանք ավելի ակտիվ գործողությունների գնան, ասում է Դավիթ Վանյանը։

Միջանցքի ապաշրջափակման նախաձեռնող խմբի անդամենրից Գագիկ Ավանեսյանն ասում է, որ կան իրենց կողմից մշակված կոնկրետ քայլեր, դեռ մինչև տոտալ շրջափակումը՝ հունիսի 15-ից հետո, բայց երբ իրավիճակը ավելի սրվեց, մենք էլ մեր մարտավարությունը որոշակի վերանայեցինք։

«Այս շարժումը հետևողական պիտի առաջ տանենք, առաջին հերթին միջանցքի 5 կմ-ոց հատվածի մասով։ Այնտեղ ադրբեջանցիներ չպիտի լինեն ու այս պահանջը պետք է դնենք աշխարհի առաջ»:

Գագիկ Ավանեսյանը համոզված է՝ եթե յուրաքանչյուրն անի իր գործը պատշաճ ձևով, հաջողություն կլինի։ Հանրությունն իր գործը պետք է անի, իշխանությունն` իր, ասում է նա։ Մենք այսօր ներկայցնում ենք մեր քայլերը, ու ակնկալում, որ իշխանությունն էլ իր բաժինը կանի, այս ստեղծված իրավիճակից ելքը գտնելու համար։

ԱԺ-ի փոխնախագահ Գագիկ Բաղունցն ընդունելի համարեց առաջարկը, խոստացավ, որ կքննարկեն ու պատասխան կտան։

«Ձեր պահանջն ընդունված է, քննարկվելու է, և պատասխան ենք տալու։ Եթե կան գործնական առաջարկներ՝ պատրաստ ենք քննարկել։»

Հավաքի մասնակիցներն ըստ հնարավորին արագ պատասխան են ուզում։

«ՍՈՍ․ Հավաքվեք, քննարկեք, մեզ պատասխան տվեք։ Եթե այլ հարցերով կարելի է հավաքվել՝ որոշում կայացնել, ապա ինչու՞ այս հարցով չեք անում»:

Խոստացված ժամկետում հավաքի մասնակիցներին Ազգային ժողովից պատասխան տվեցին։ Բաղունցը նշեց, որ նախնական որոշմամբ, Ազգային ժողովի նախագահը պատրաստ է ընդունել Շարժման պատվիրակությունը, լսել նրանց առաջարկությունները և ընդհանուր հայտարարի գալ:

 

Last modified on Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 15:15
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ