Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը երեկ ապացուցեց ճիշտ հակառակը։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց՝ այդ թվում` կանանց, երեխաների ու տարեցների Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխող ավտոմեքենան Շուշիի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են և արգելել վերջիններիս մուտքը հարազատ քաղաք։ Միջադեպի մասին "Արցախ" լրատվականին մանրամասներ է հաղորդել ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Շուշի քաղաքի մերձակայքում՝ այն հատվածում, որը 2022թ․-ի դետեմբերի 12-ից փակ է ադրբեջանցիների կողմից, վերջիններս կագնեցրել են ավտոմեքենան և արգելել են Արցախի քաղաքացիների մուտքը Ստեփանակերտ։ Միջադեպի հետևանքով 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։ Եթե կհիշեք, նախկինում ևս այսպիսի դեպք գրանցվել էր, երբ երեխաներ տեղափոխող ավտոբուսը կանգնեցվել է և դիմակավորված ադրբեջանցիները վախեցրել են երեխաներին և անգամ աղջիկներից մեկը ուշաթափվել էր։ 4 կանանց խաղաղապահները տեղափոխել են ՀԲԿ։ Դեպքի մանրամասների կապակցությամբ տարվում է քննություն»։
«Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխված բնակիչներին ցուցաբերվել է պատշաճ բուժօգնություն: Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում։ Նրանցից երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ: Մեզ հետ զրույցում ասել է ԱՆ խոսնակ Անգելինա Իսախանյանը։ Համացանցի՝ հայկական և ադրբեջանական տիրույթներում դեպքի վայրից մի քանի տեսանյութեր են հայտնվել։ Տեսանյութերից մեկում երևում է թե ինչպես էն «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական գործակալները ներխուժում մեքենան։ Եվս մեկ տեսնյութում ԱՀ քաղաքացիներն են, որոնք հրաժարվում են տան շեմից հետ վերադառնալ։ Սինքրոն- հատված տեսանյութից։ Արգելափակված քաղաքացիների համար այդ ժամերն անվերջանալի էին թվում։ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Մարգարիտա Միրզոյանը, ով ավռոմեքենայում գտնվող 27 քաղաքացիներից մեկն էր, պատմում է՝ իրենք ճանապարհի Շուշիի հատվածում մնացել են շուրջ 10 ժամ։
«Ռուսների հետ միասին որոշվեց մեզ տեղափոխել Արցախ։ Երբ հասանք Շուշի, ադրբեջանցիներից մի ջահել տղա մտավ մեքենան, բարևեց ու ասաց՝ «не бойтесь»։ Մենք արհամարեցինք ու չբարևեցինք։ Հետո նկարեց ցուցակը, հաշվեց մարդկանց։ Տեսան, որ մեքենայում տղաներ էլ կան, դրանից վատացան երևի։ Հարց ու փորձ արեցին ու տղաներից մեկին ասեցին, թե իբր իրեն նախկինում տեսել են Մարտակերտում, բայց այդ տղան Մարտակերտում չի էլ եղել։ Դուրս եկավ, որ իբր հարցերը լուծի, բայց իրավիճակը ավելի սրվեց»։
Տիկին Մարգարիտայի խոսքով՝ քիչ անց իրենց հայտնել են, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս մուտք գործել Ստեփանակերտ, ինչից հետո մի քանի հոգու ինքնազգացողությունը վատացել է։
«Մեկը լացում էր, մեկի ճնշումն էր բարձրացել։ Մենք տեղում փորձեցինք օգնություն ցուցաբարել բայց տեսնանք, որ մեկի վիճակը շատ վատ է։ Ադրբեջանցիներն ասեցին, որ իրենք պիտի օգնեն։ Ոչ մեկս չհամաձայնվեցինք, բայց իրենք եկան։ Ռուսներին ասացինք, որ չենք վստահում, մեր աղջիկներին մի բան կանեն, բայց իրենք ասացինք, որ հսկում են իրավիճակը։ Հետո, երբ մի քիչ լավացավ իրենց վիճակը, ասացին, որ տանում են Շուշի։ Մենք ասացինք՝ չէ, եթե տանում եք Շուշի, մենք էլ գիշերը կմնանք այստեղ։ Ու այդպես համոզեցինք, որ տանեն Ստեփանակերտ։ Արդեն գիշերվա ժամը 1-ն էր։ Երբ համոզվեցինք, որ մերոնք Ստեփանակերտում են, թեկուզ թուրքերի շտապ օգնության մեքենայով, համաձայնվեցինք ու հետ եկանք Գորիս»։
Մարգարիտա Միրզոյանը, արդեն 7 ամիս է, հեռու է իր ընտանիքից ու հարազատներից։ 2022-ի նոյեմբերին մեկնել էր ՌԴ՝ եղբոր աղջկա հարսանիքին։ Երբ վերադարձել է, Լաչինի միջանցքն արդեն փակ էր։ Երկարատև սպասումից հետո շատ էր ուրախացել, որ տուն է վերադառնում։ Տանը իրեն սպասում է 2-րդ կարգի հաշմանդամ ամուսինը, ով խնամքի կարիք ունի։
«Սպասում ենք, տեսնենք՝ մեզ ոնց պիտի տեղափոխեն։ Արդեն 7 ամիս է, ինչ դրսում ենք։ Իմ ընտանիքի մնացած բոլոր անդամներն էլ Արցախում են։ Մանավանդ ամուսինս 2-րդ կարգի հաշմանդամ է՝ պրոթեզով։ Որտեղ դիմել եմ, ասում են դեռ սպասեք»։
Այս դեպքը գալիս է ապացուցելու, որ Լաչինի միջանցքը փակած մարդիկ ընդհանրապես կապ չունեն բնապահպանների հետ, այդ մարդիկ լցված են հայատյացությամբ և հայասպանությամբ՝ ասում է «Թաթոյան» հիմադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Ակնհայտ է, որ ճանապարհը փակելը Արցախը հայաթափելու և էթնիկ զտման ենթարկելու քաղաքականության դրսևորում է։ Երեկվա միջադեպը, նրանց ցինիզմն ու լկտի արարքները հենց իշխանությունների հովանավորության մասին են վկայում։ Սա ես կկապեի համակարգային առումով էթնիկ զտումների քաղաքականության հետ, որովհետև սա ակնհայտ նպատակ ունի ահաբեկել քաղաքացիական բնակիչներին և դրանով ցույց տալ ինչ-որ թվացյալ առավելություններ։ Եվ, իհարկե, առավել կոնկրետ սա մեր հայրենակիցների իրավունքների ոտնահարում է, ովքեր պարզապես ցանկանում էին միավորվել իրենց ընտանիքների հետ»։
Այսպիսի գործողություններով Ադրբեջանը ակնհայտորեն ոտնահարում է մարդու իրավունքները: Նրանց ներկայությունն Լաչինի միջանցքում ինքնին վտանգում է արցախցիների կյանքի իրավունքը՝ ընդգծում է Արման Թաթոյանը: Արցախի շրջափակման հենց առաջին օրվանից Ադրբեջանը տարբեր հարթակներում հյատարարում է, թե իբր ճանապարհը բաց է թե՛ քաղաքացիական անձանց և թե՛ բեռների փոխադրման համար։ Բայց Ադրբեջանի այս և մյուս ահաբեկչական գործողությունները ապացուցում են հակառակը։ Արցախն ադրեն 115 օր է շրջափակման մեջ է, և հարյուրավոր ընտանիքներ դեռ սպասում են վերամիավորման։