Print this page

Սղնախ․ պատմությունը շարունակություն կունենա

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 06, 2022

Ամենամղձավանջային երազում անգամ սղնախցիները չէին կարող պատկերացնել, որ մի օր իրենց գյուղն այլևս իրենցը չի լինի․ հիմա համայնքի բնակիչները ստիպված են տարբեր տեղերում ապաստան գտնել, մինչև․․․,  մինչև չգիտեն թե երբ։ Բայց փոքրիկ մի հույս, որ կհաջողվի նորից շենացնել իրենց գյուղը, այնուամենայնիվ, ունեն։ Նույն տարածքում՝ գուցե մի քիչ հեռու ապագայում։ Իսկ առայժմ, Աստղաշեն գյուղի մոտ կառուցվող նորակառույց բնակավայրում  Սղնախի մի քանի տասնյակ ընտանիքներ տուն կունենան, հավաքվելու տեղ, որտեղ իրար կպատմեն իրենց շենի հետաքրքրիր պատմությունները, կկիսեն իրար ուրախություններն ու տխրությունները, կպահպանեն ու սերունդներին կփոխանցեն ավանդույթները, թիկունք կկանգնեն իրար։

«Շենը տիյա մինակ շեն կենում»,- առանց ինձ նայելու, ասում է Սղնախի համայնքի ղեկավար Եղիշե Ղահրամանյանը և բանալիով բացում նորակառույց առանձնատան դուռը՝ ցույց տալու համար իր տեղահանված հայրենակիցների համար կառուցվող տան պայմանները։ «Էնա լավ»,- կամացուկ ասում եմ՝ չցանկանալով տխուր հիշողություններ արթնացնել զրուցակցիս մեջ։ «Մեր շենն ավելի լավ ար»,- ավելի կամաց հակադարձում է։ Երկար դադարից հետո շարունակում է՝ հարմարվելու ենք։

«Մարդ ամեն ինչի հարմարվում, մենք էլ ենք հարմարվելու։ Թորձելու ենք ավանդույթները պահպանել ու շարունակել այստեղ»։

Մի քիչ դժվարացել է համայնքապետի աշխատանքը հիմա․ համագյուղացիները տարբեր տեղեր են բնակվում․ իրար մոտ հավաքել , խնդիրներն ու անելիքները միասին քննարկել միշտ չի ստացվում։ Բնակավայրը շահագործելուց հետո ավելի դյուրին կլինի։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում բռնի տարհանվեց, բնակիչները ԱՀ տարբեր համայնքներում են ապաստանել։ Այս նորակառույց թաղամասը շահագործման հանձնելուց հետո տեղափոխվելու են այստեղ։ Համայնքը հիմա ցրված է, մի քիչ դժվարացել է աշխատանքը, բայց փորձում ենք բոլոր բնակիչների հետ կապ հաստատել ու հոգալ առօրյա խնդիրները»։ 

Իսկ մեկ օրվա ընթացքում անտուն ու անհայրենիք մնացած մարդու խնդիրները քիչ չեն․ կենցաղայինից մինչև սոցիալ-հոգեբանական։

«Սկզբնական շրջանում գույքի հետ կապված խնդիրներ կային։ Մեր համագյուղացի Արման Հակոբջանյանի   և Տարածքային կառավարման նախարարության միջոցով շատ խնդիրներ լուծեցինք»։

Նախքան նորակառույց գյուղի շինարարությունը սկսելը, բոլոր համագյուղացիների հետ քննարկել են տարածքը, համաձայնեցրել։ Սղնախցիներն էլ հաճախ են լինում այստեղ, հետաքրքրվում աշխատանքի ընթացքով, սպասում տեղափոխմանը։ «Այն, իհարկե, հին Սղնախը չի լինի․ այնտեղ ամեն քար պատմություն ու հիշողություն ուներ,- ասում է Եղիշեն։ -Այս թաղամասով Սղնախի պատմության նոր էջն ենք բացելու․ կարևոր է, որ Սղնախի պատմությունը շարունակություն ունենա, նույնիսկ,  եթե նոր տարածքում։

Արցախի հանրային ռադիո

Related items