Երեսուն տարի առաջ այս օրերին Մարտակերտն ազատագրվեց թշնամու զորքերից:
Այս տարի նախատեսված հանդիսությունները չեղարկվել են. թշնամու` երեկ իրականացրած ահաբեկչությանը զոհ է դարձել չորս հայ զինվորական:
Մարտակերտի մեր թղթակից Իլոնա Անդրյանն զրուցել է քաղաքի ազատագրման մասնակից Նիկոլայ Ավագիմյանի հետ:
Մարտակերտում այսօր նախատեսված էին քաղաքի ազատագրման 30-ամյակի միջոցառումները, սակայն տոնական միջոցառումների փոխարեն` Մարտակերտում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար նահատակվածներին, և հոգեհանգստի կարգ իրականացրել:
30 տարի առաջ` 1993 թ․ հունիսի 27-ին Արցախի պաշտպանական ուժերը վերջնականապես ազատագրեցին շուրջ 1 տարի գերության մեջ գտնվող Մարտակերտ քաղաքը և նպաստավոր պայմաններ ստեղծեցին հարակից բնակավայրերի ազատագրման հետագա գործողությունները հաջողությամբ իրականացնելու համար: Ազատամարտիկ Նիկոլայ Ավագիմյանը Մարտակերտի ազատագրման գործողություններն առանձնացնում է երկու փուլի:
Ն.Ա. «Առաջին փուլը, երբ ՊԲ ստորաբաժանումներն անարգել առաջ էին շարժվում և գյուղ գյուղի հետևից ազատագրում էին: 1993թ. մարտի 20-21-ը ազատագրվեց «Պուշկին յալ» բարձունքը, որը իշխում էր Մարտակերտ քաղաքի վրա: Սակայն, հաշվի առնելով Քարվաճառից եկող վտանգը, մարտի 27-ին ստորաբաժանումները շրջվեցին թողնելով «Պուշկին յալ»-ը, Քարվաճառը ազատագրելու, որպեսզի թիկունքից չկարողանային խփել Մարտակերտի շրջանն ազատագրող զորամասերին»:
Ազատամարտիկի խոսքով, բռնազավթված Մարտակերտ քաղաքը վերադարձնելու համար առաջին հերթին անհրաժեշտ էր տիրել ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Մաղավուզի քարհանքերի տարածքը, հեռուստաաշտարակի և «Պուշկին յալ» բարձունքներին, ինչը հնարավորություն կտար հայկական ստորաբաժանումներին ուղիղ նշանառության տակ առնել քաղաքը:
Ն.Ա. «Ազատագրական մարտերը սկսեցին հունիս ամսին, երեք փուլով` հունիսի 12-13, 15-16, այնուհետև հաջողության հասանք 25-26-ը «Տելեվիշկա», Մաղավուզի քարհանքեր և այդպես շարունակ մինչև Հակոբ Կամարի գյուղ: Այնուհետև հուլիսի 3-ին ազատագրվեց 530 բարձունքը, որը կազմում էր Մարտակերտի շրջանի ձախ թևը: Մնացած օրերին` հունիսի 27-28-ին ազատագրվեցին «Պուշկեն յալ» և հարակից բարձունքները և հունիսի 28-ը մտավ պատմության մեջ որպես Մարտակերտ քաղաքի ազատագրման օր»:
Մարտակերտի շրջանը և մասնավորապես Մարտակերտ քաղաքն ազատագրվելուց հետո մեծ ջանքեր պահանջվեցին հասարակական կյանքի բնականոն ընթացքը կրկին վերականգնելու համար: Հասարակությունը հաղթահարեց պատերազմի հետևանքներն ու անցավ հայրենի բնօրրանի շենացման գործին` մի կողմ դնելով դժվարություններն ու սահմանամերձ բնակավայրերին հատուկ վտանգները:
Ն.Ա «Մենք տեսանք 2016 թ. պատերազմ, 2020թ. 44-օրյա սարսափելի պատերազմ` իր բոլոր ծանր հետևանքներով: Այսօր մենք ծեծված ենք, ընկճված, սակայն չպետք է կորցնենք մեր պայքարելու ունակությունները, մեր պապենական հայրենիքում ապրելու ցանկությունը: Այսօր, նշելով Մարտակերտ քաղաքի ազատագրման 30-րդ տարեդարձը, մենք` պատահաբար կենդանի մնացածներս գլուխ ենք խոնարհում մեր բոլոր զոհվածների հիշատակի և նրանց հարազատների առջև: Փառք արցախյան գոյամարտում, 2016թ. ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված զինվորներին: Փառք Մարտակերտի ազատագրման ժամանակ նահատակված հայորդիներին, առողջություն և հպարտություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին և վիրավորներին»:
Մարտակերտը, ինչպես մնացած բնակավայրերը, ազատագրվեց համազգային միասնության և հայ մարտիկի խիզախության ու անձնազոհության շնորհիվ: Այսօր էլ` հետպատերազմյան դժվարություններին օրեցօր ավելանում են շրջափակման հարուցած կենսական հարցերն ու խնդիրները, սահմանային լարվածությունն ու անդառնալի կորուստները: Սակայն մարտակերտցին շարունակում է ապրել ու արարել իր հարազատ քաղաքում ունենալով միայն մի երազանք` խաղաղ երկինք և լուսաբացներ: