Նոյեմբերի 21, 2024

Artsakh STEM Еxpo-2023-ը կայանալու է․ սակայն նախորդից շատ է տարբերվելու

By Ասպրամ Ավանեսյան Հուլիսի 18, 2023

Արցախում անցած տարի կազմակերպվել է Artsakh STEM Expo ցուցահանդեսը։ Նախաձեռնության հեղինակները խոստացել էին, որ այն շարունակական է լինելու, պահեցին իրենց խոստումը, չնայած ստեղծված անբարենպաստ պայմաններին։ Շրջափակումը բարդացրել է կազմակերպչական մի շարք աշխատանքեր։ Օգոստոսի 6-ին Մարտակերտում անցկացվելիք ցուցահանդեսի և առհասարակ` Artsakh STEM Expo-ի մասին Ասպրամ Ավանեսյանը զրուցել է կազմակերպչական խմբի ղեկավար Արտավազդ Բոյաջյանի հետ։

Եվրոպայի երիտասարդ ֆիզիկոսների միության արցախյան մասնաճյուղը՝ «Artsakh Young Minds»-ը («Արցախի երիտասարդ ուղեղներ»), Արցախում առաջին անգամ անցած տարի է կազմակերպել Artsakh STEM Expo-ն` բնագիտաճարտարագիտական ցուցահանդեսը։ Ծրագրի շարունակականությունը կարևոր էր Արցախում՝ հաշվի առնելով այստեղ բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրվածության ոչ բավարար մակարդակը։ Կազմակերպչական խմբի ղեկավար Արտավազդ Բոյաջյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բնագիտական առարկաներն ավելի լավ սովորելու հարցում մոտիվացնել դպրոցականներին ու երիտասարդներին։

«Ինչո՞ւ որոշեցինք Արցախում կազմակերպել, որովհետև դպրոցականները շատ դեպքերում չեն հասկանում, թե ինչի համար է իրենց պետք այս կամ այն առարկան։ Կարծում են՝ եթե ֆիզիկա են սովորում, ամենաշատը` պետք է դառնան ֆիզիկայի ուսուցիչ և այլևս դա իրենց համար կիրառելի չի լինի։ Մենք նախորդ տարի, երբ որ կազմակերպեցինք էքսպոն Հայաստանի Հանրապետության մարզերից և Երևանից հրավիրել էինք 100-ից ավել երիտասարդների, գիտնականների, ինժեներների, ընկերությունների տնօրենների, ովքեր իրենց օրինակով ցույց տվեցին, որ բնագիտական առարկանները սովորելով կարող են մեծ հաջողությունների հասնել»։

Այս օրինակները երեխաների մոտ մոտիվացիա էին առաջացնում, իսկ ցանկացած բանի սկիզբ մոտիվացիան է՝ ասում է։ Էքսպոյի հաջորդ նպատակը կապերի հաստատումն է, որովհետև մոտիվացված երեխաներին պետք է ճիշտ ուղղորդում։ Էքսպոն այն ամենահարմար միջավայրն է, որտեղ հանդիպում են սովորողը, սովորեցնողը և հաջողության հասած մարդիկ։

«Այն մարդիկ, ովքեր արդեն ընտրել են բնագիտական ուղղությունները, նրանց և տվյալ գիտական, ինժեներական խմբերի միջև մենք կապ ենք հաստատում, որպեսզի նրանք աջակցեն, թե՛ մասնագիտական կողմնորոշման, թե՛ հետագա աշխատանքի, ինչու չէ` նաև ճիշտ ուղղորդման համար։ Եվ երբ որ արդեն դու շփվում ես քեզանից ավելի հասուն, ավելի կայացած մարդու հետ, նա քեզ ավելի ճիշտ ուղու վրա է դնում»։

Էքսպոյի հաջորդ նպատակը, զրուցակցիս խոսքով, դպրոց-համալսարան-աշխատաշուկա կապի ապահովումն է։

«Դպրոցականներն ընդունվում են համալսարան հիմնականում ծնողների կամ շրջապատի խորհրդով, առանց պատկերացում ունենալու՝ դա իրենց պետք է, թե՝ չէ։ Իսկ հենց այդ միջավայրում նրանք ունեն լավ հնարավորություն հասկանալու՝ պե՞տք է իրենց այս համալսարանը, թե՝ ոչ և իրենց ինչ աշխատանք է սպասվելու։ Նրանք ծանոթանում են նաև ժամանակակից և պահանջված աշխատանքներին»։

Artsakh STEM Expo-ն նախորդ տարի 400 մասնակից ուներ։ Դեռ պարզ չէ, թե այս տարի քանի մասնակից կունենա ծրագրիը, պարզ է սակայն, որ շրջափակումը մեծ խնդիրներ է առաջացրել Artsakh STEM Expo-2023-ի կազմակերպման հարցում, բայց Արտավազդ Բոյաջյանը շնորհակալություն է հայտում իր թիմին, որը կարողանում է արդյունավետ աշխատել, անգամ`այս ծանր իրավիճակում։

«Ամենաառաջին խնդիրը շփման հարցն է, քանի որ լույսի, ինտերնետի անջատումներ են լինում, այս պարագայում շատ դժվար է դառնում թիմային աշխատանքը, իսկ թիմի մի մասը Արցախի տարբեր շրջաններում է, մյուս մասը` Հայաստանի մարզերում։ Շատ դժվար է լինում թիմով միանալը, քննարկումներ կազմակերպելը, բայց բավականին ճկունություն ենք դրսևորում»։

Ծրագրի կազմակերպման համար խնդիրներ է առաջացրել նաև վառելիքի, սկզբում` սղությունը, այնուհետ` ի սպառ բացակայությունը։ Մարտակերտից Ստեփանակերտ հասնելն այլևս այդքան էլ հեշտ չէ։
Արտավազդ Բոյաջյանի խոսքով՝ էքսպոյին աջակցում են «Արցախի օժանդակության մարմին»-ը, ԱՀ ԱԺ-ի պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը։

«Կազմակերպչական թիմն այս ամեն ինչը կատարում է կամավոր սկզբունքով, բայց որքան էլ մենք փորձում ենք այս աշխատանքները մեր ուժերով հաղթահարել, բնականաբար կան ֆինանսական ծախսեր և այդ ծախսերը հոգալու համար մենք ՌեԱրմենիա-ում կազմակերպել ենք «չելենջ»։ ReArmenia-ում մենք ունենք ֆոնդհայթհայթման հարթակ, որի միջոցով մարդիկ կարող են աջակցել մեզ, որպեսզի կարողանանք հոգալ բոլոր կազմակերպչական ծախսերը»։

Արտավազդ Բոյաջյանը հույս է հայտնում, որ մինչև օգոստոսի 6-ը շրջափակումը որոշ չափով կմեղմվի, բայց հաստատակամ է՝ էքսպոն կայանալու է, չնայած նախորդից շատ է տարբերվելու։ Իսկ էքսպոյին մասնակցելու գրանցումները բաց են մինչև հուլիսի 20-ը։

 

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ