Նոյեմբերի 21, 2024

Շրջափակումը ենթադրում է փոփոխություն մոտեցումներում, բայց ոչ երբեք՝ նպատակներում

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 21, 2023

Շիրակացու ճեմարան գիտակրթական համալիրն Արցախում բացվել է մեկ տարի առաջ։ Դրա կայացման փուլը հաջողությամբ ավարտված կարելի է համարել։ Կրթօջախը պատրաստվում է նոր ոսումնական տարվան։ Նոր խանդավառությամբ, նոր պլաններով, նոր սաներով ու համալրված անձնակազմով։
Սրբուհի Վանյանը կրթահամալիրի տնօրեն Անահիտ Ղարաղազարյանի հետ զրուցել է նոր ուսումնականի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների մասին։

Չնայած շրջափակմանը և դրանից բխած առկա դժվարություններին, Արցախի «Շիրակացու ճեմարան» կրթահամալիրում հաճելի եռուզեռ է․ կրթօջախը պատրաստվում է նոր ուսումնական տարվան։ Այս ուստարին կրթահամալիրի համար առանձնահատուկ է. Արցախում մեկ տարվա գործունեությունից հետո, որի ընթացքում ճեմարան այցելելու հնարավորություն են ունեցել միայն ավագ դպրոցի սաները, կրթօջախն իր դռներն այս տարի կբացի նաև միջին օղակի դպրոցականների համար։ Այս օրերին, կրթօջախին տրամադրված շենքում վերանորոգման աշխատանքներն ավարտվել են և ճեմարանի աշխատակիցներն աշակերտների աջակցությամբ իրերն են դասավորում։ Կրթահամալիրի տնօրեն Անահիտ Ղարաղազարյանը պատմում է, թե ինչպես են պատրաստվում այս ուստարվան։

«Ոգևորությամբ ենք սպասում նոր ուսումնականին, քանի որ այս տարի հյուրընկալելու ենք միջին օղակի մեր սաներին։ Այս տարի 5-12-րդ դասարաններով, լիարժեք կազմով ուսումնական տարի կլինի։ Պատասխանատու տարի է մեզ համար»:


Ամռան ընթացքում կազմակերպվել էին ընդունելության քննություններ․ քննական տարբերակները կազմվել են Երևանի մայր կառույցի՝ Շիրակացու ճեմարանի կողմից, ստուգումը կատարվել է համատեղ՝ Երևանի ու Ստեփանակերտի մասնագետների կողմից, տեղեկացնում է տնօրենը։ Ընդունելության առաջին փուլից հետո դեռ կային թափուր տեղեր․ անցկացվեց նաև երկրորդ փուլ։

«Սկզբունքը նույնն է՝ 20 երեխա ամեն դասարանում։ Կլինեն կիսվող խմբեր, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ կազմակերպել ուսումնական տարին»:

Դասերը մեկնարկելու են սեպտեմբերի մեկից, կսկեն 35 րոպեանոց դասաժամերով՝ յուրաքանչյուր առարկայի համար զույգ դասաժամով, որպեսզի ուսուցման արդյունավետությունը պահպանվի։ Դասերը կավարտվեն 13:05: Անահիտ Ղարաղազարյանի խոսքով, նման ժամանակացույցի սահմանումը պայմանվորված է տրանսպորտի բացակայությամբ․ բազմաթիվ աշակերտներ ապրում են կրթահամալիրից հեռու, և դասերին ներկայանալու ու դասապատրաստումը հասցնելու առումով օբյեկտիվ դժվարությունների առաջ են հայտնվելու։

«Շրջափակման դժվարությունը մեծ էներգիա ու ռեսուրս է պահանջելու երեխաներից, մենք հակված ենք աշխատել 6-օրյա ռեժիմով, դասերն ավարտել 13:05ին, աշխատանքային օրը ավարտել 16:00ին»:

Այս օրերին Երևանի մեր գործընկերները մեծ աջակցություն են ցուցաբերում մեզ, որպեսզի հասցնենք պատշաճ ձևով դիմավորել մեր միջին օղակի սաներին, ասում է Անահիտ Ղարաղազարյանը։

«Առաջնորդվում ենք երևանյան փորձով, տեղղայնացնում ենք ծրագրերը, հաշվի առնելով առանձնահատկությունները, մեր թիմը համալրել ենք 30 նոր աշխատակցով, շատ լավ ցուցանիշ է, և ուրախ ենք, որ շահագրգռվածություն կա մեր թիմին միանալու»:

Ճեմարանի կրթական ծրագիրը ենթադրում է մի քանի նոր առարկայի ընդգրկում, որոնք ավանդական դպրոցական ծրագրում բացակայում են։ Մասնավորապես՝ ռոբոտաշինություն, պարարվեստ՝ 5–6-րդ դասարանցիների համար, դրամատուրգիա կառաջարկվի 7-րդ, 8-րդ դասարանցիներին։ Խորացված ուսուցում կլինի որոշ առարկաների գծով։ Ի թիվս այլ առանձնահատկությունների, տնօրենը շեշտում է՝

«Հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ փորձում ենք անհատական և յուրահտուկ մոտեցում ցուցաբերել աշակերտներին, յուրաքանչյուր դասընթացում սանը պետք է զգա իր պատասխանատվությունը դասի արդյունավետության, որակի համար։ Այսինքն, ինտերակտիվ մեթոդների կիրառությանը փորձում ենք պատասխանատու դարձնել նաև աշակերտին»:

Խնդիրներ ևս կան՝ դասագրքերի, ծրագրերի տեղայնացման, անբավարար ռեսուրսների, կապի բացակայություն և այլն։ Շրջափակումը օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմնահարցեր է առաջացրել, պարտադրելով փոփոխության ենթարկել գուցե մոտեցումները, բայց ոչ երբեք նպատակները, ասում է զրուցակիցս, և այն բարձր նշաձողը, որ սահմանել ենք՝ Արցախում բացելով Շիրակացի կրթահամալիր, պահպանելու ենք։ Ընդհակառակը, դժվարությունները դրանց հակազդելու ներքին մղում են առաջ բերում, ասում է, և նոր գաղափարներ ենք դնում մեր աշխատանքի հիմքում։

 

Last modified on Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023 14:07
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ