Նոյեմբերի 23, 2024

Կարո՞ղ էր պատերազմն այլ ելք ունենալ. քաղաքագետը կարծում է, որ այո

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 20, 2023

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում այսօր մանրամասն խոսել է 44-օրյա պատերազմի ընթացքից: Փաշինյանի ներկայացմամբ տպավորություն է ստեղծվում, որ ռազմի դաշտում և բանակցային սեղանին դրված բոլոր առաջարկվող ելքերից լավագույնը նոյեմբերի 9-ի` մեզ համար աղետալի փաստաթուղթն էր: Արդյո՞ք այդպես է, գուցե՞ խնդիրն առավել խորքային պատճառներ ունի: Թեմայի շուրջ Ասպրամ Ավանեսյանի հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացրել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

 

Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այլընտրանք չուներ, ինչո՞ւ ավելի շուտ չստորագրվեց. պատերազմից հետո թերևս ամենաշատ հնչող հարցն է: Առիթներ կային: Այս մասին այսօր հայտարարել է նաև Հայաստանի վարչապետը: Պատերազմից հետո ամենշատը շահարկվում էր հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորությունը` ըստ տարիներ առաջ ներկայացված ռուսական պլանի, որին բազմիցս անդրադարձել են ՌԴ նախագահն ու արտգործնախարարը. Ադրբեջանին էին հանձնվում 7 շրջանները` «5+2» ձևաչափով, լուծվում էր Լաչինի միջանցքով ԼՂ-ի և Հայաստանի կապի հարցը, ԼՂ-ում տեղակայվում էին ռուս խաղաղպահներ, Արցախի կարգավիճակը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագայի: Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում դրա մանրամասները.

«Նույն օրը հրավիրել եմ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին խորհրդակցության, ավելի ուշ՝ ԱԺ նիստ, որոնց շրջանակներում տեղեկացրել եմ, որ պատրաստվում է զանգել ՌԴ նախագահին և ասել, որ մտադիր է ընդունել առաջարկվող տարբերակը: Չէի ակնկալում, որ որևէ մեկը հրավիրված անձանցից ինձ հետ կիսեր այդ որոշման պատասխանատվությունը: Պարզապես նրանց տեղյակ էի պահում տեղի ունեցող գործընթացների մասին: Երեկոյան զանգահարեցի և ՌԴ նախագահին ասացի, որ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը կանգնեցնելուն: ՌԴ նախագահն ասաց, որ կխոսի Ադրբեջանի նախագահի հետ ու կզանգահարի ինձ: Այդ պահին արդեն խնդրո առարկա 5 շրջաններից երկուսը՝ Ֆիզուլի և Ջաբրայիլ, գործնականում ամբողջությամբ կամ մեծ մասամբ գտնվում էին Ադրբեջանի հսկողության տակ: ՌԴ նախագահը զանգահարեց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, և, ըստ էության, փոխանցեց հետևյալը. «Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները կամ ավելի ճիշտ՝ մնացյալ 5 շրջանները, քանի որ երկուսը՝ Ֆիզուլին և Ջաբրայիլը, արդեն իսկ գտնվում են նրանց վերահսկողության ներքո»:

Փաշինյանը ներկայացրել է այն պատճառները, որոնց արդյունքում համաձայնագիրն ավելի շուտ չի կնքվել, ըստ էության, հիմնականում կապված էին Ադրբեջանի հավակնությունների հետ: Կամ միգուցե Հայաստանի ներկայիս իշխանությունները հույս ունեին, որ ռազմաճակատում ամեն ինչ կարող է ուրիշ ձև ընթանալ: Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այս առնչությամբ կարծում է, որ.

«Շատ հնարավոր է, որ կարող է այդ հույսը կար, շատ հնարավոր է, որ նրանք իրականում փորձել են անկեղծորեն պայքարել, որին ես այդքան էլ հակված չեմ հավատալու, որովհետև ի սկզբանե նման նպատակ չի եղել: Եթե դուք իրականում հույս ունենում եք ինչ-որ բան հետ գրավել, պարտվելուց անմիջապես հետո, մեկ օրվա տարբերությամբ ձեր ողջ անձնակազմը չեք լծի այն գործին, որ համայն հայությանը համոզի, որ դա ի սկզբանե պետք է տայինք, որ Արցախն ազատագրելը ի սկզբանե հիմարություն էր, հիմարություն էր չզիջելը և այլն, և այլն»:

Այն մարդիկ, որքեր ասում են, թե մենք դատապարտված էինք և իրադարձությունների այսպիսի զարգացումը անխուսափելի էր, խորքային առումով ստում են, հավաստիացնում է Սուրեն Պետրոսյանը:

«Նախ` մենք կարող էինք այնպես անել, որ պատերազմ չսկսվեր, կամ գոնե ձգձգվեր այդ պատերազմը, մինչև մենք ավելի պատրաստ լինեինք: Երկրորդ` սկսվելու պարագայում առավել քան համոզված եղեք, որ մենք կարող էինք նույնիսկ չպարտվել կամ ներկայիս զիջումների համեմատությամբ շատ չնչին զիջումներ անել: Կրկնում եմ. այն մարդիկ, ովքեր նման բան կասեն, իմացեք, որ նրանք արդարացնում են իրենց տկարությունը, անգործությունը կամ հետին նպատակները»:

Եղածը բեկել կամ փոխել, ցավոք, չենք կարող: Այսօր փաստն այն է, որ Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը, հավակնություններ ունի մնացածի հանդեպ: Այսօր միայն կարող ենք քննարկել, փորձել գտնել պատճառները` հետևություններ անելու համար:

«Մենք գործ ունենք պետության ու հայրենիքի հետ, սա շատ կարևոր է, մենք գործ չունենք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որը կասի` գիտե՞ք ինչ, ինձ մոտ լավ չստացվեց և կազմակերպությունը գնաց լուծարման: Այստեղ որևիցե բան երբեք չի արդարացվում, արդեն այլևս հետաքրքիր էլ չէ` դուք կարողացել եք, թե չեք էլ ուզել, փաստն այն է, որ չեք արել: Վերջ, սրանով ամեն ինչ ասված է»:

Խնդիրն իրականում մեր մեջ պետք է փնտրել, այլ ոչ թե փորձել արդարանալ, թե բնությունն ու աշխարհը մեզ այլ հնարավորություններ չեն տալիս, ասում է զրուցակիցս, հավելելով` խնդիրը թշնամիներն ու բարեկամները չեն, այլ մեր տկարությունը, որը շուտով հաղթահարվելու է:

Last modified on Երեքշաբթի, 20 Հունիսի 2023 14:05
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ