Նոյեմբերի 24, 2024

Լաչինի միջանցքի բացման համար պայքարը շարունակվում է․ ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան

By Սոֆյա Հակոբյան Դեկտեմբերի 30, 2022

Հայաստանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի քարտուղարություն է դիմել՝ խնդրելով ապահովող միջոցներ ձեռնարկել Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով: Դիմումը հղվել է՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ արդեն հարուցված գործի շրջանակներում։ Դատարանի տարածած հայտարարոթյան մեջ նշվում է, որ իր խնդրանքում Հայաստանը հավաստիացնում է, որ «2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի 120 հազար էթնիկ հայերին արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակում՝ դրանով իսկ թույլ չտալով նրանց մուտքը եւ դուրս գալը»։ Նա նաեւ պնդում է, որ շրջափակումը շարունակվում է մինչ օրս, եւ որեւէ նշան չկա, որ այն շուտով կվերացվի: Բաց աղբյուրներից հայտնի է, որ Հայաստանը Դատարանից պահանջել է կիրառել միջանկյալ միջոցներ. մասնավորապես, Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։ Վերոնշյալ դատարանի կանոնակարգի 74-րդ հոդվածի համաձայն՝ «ապահովող միջոցների» մասին միջնորդությունները առավելություն ունեն բոլոր մյուս գործերի նկատմամբ:  Ավելի վաղ ՀՀ-ն Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված դիմել էր ՄԻԵԴ, հայկական կողմի հայցը մասնակիորեն բավարարվել էր։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ ճնշման հնարավոր լծակները հայկական կողմը դեռ չի սպառել, պետք է գործադրվեն տարբեր միջոցներ։ 

«Դա միակը չէ, իհարկե, միջոցներից մեկն է։ Պետք է հաշվի առնել, որ հարուցված դատավարությունը վերաբերում է բացառապես ռասիզմին։ Դա նշանակում է, որ նույնիսկ եթե փաստերը վերաբերում են Լաչինի միջանցքին՝ տեղաշարժի ազատության իրավունքի խախտմանը, դրանից բխող բոլոր հետևանքներով, ապա միայն այդ կոնտեքստում պիտի ներկայացված լինի դիմումը։ Այսինքն, որ Ադրբեջանը այդ գործողություններն իրականացնում է ոչ թե իրականում բնապահպանական նպատակներով, այլ էթնիկ զտման։ Դա ռասիզմ է։ Իմ կարծիքով՝ ճիշտ մոտեցում է։ Բայց մնում է տեսնել, արդյոք քաջություն կունենա այս դատարանը Եվրոպական դատարանի նման կենտեքստից բխեցնի, որ իրական նպատակը ոչ թե բնապահպանական մտահոգություններն են, այլ ադրբեջանական ռասիստական քաղաքականությունը հայերի, ընգծում եմ հայերի, ոչ թե Հայաստանի նկատմամբ։ Մասնավորապես՝ Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ»։

Ի՞նչ շոշափելի արդյունքներ են տալիս նման գործիքները արդեն 19 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին, ի՞նչ կարելի է ակնկալել միջազգային իրավական հարթակում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու Հայաստանի ջանքերից։Ըստ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի՝ պետք է շարունակել հնարավոր բոլոր ձևերով ավելացնել ճնշումն Ադրբեջանի վրա  միջազգային տարբեր հարթակներում։ 

«Վստահ եմ, որ պետք է շարունակել միջազգային գործիքակազմով աշխատել՝ Ադրբեջանի դեմ ճնշումն ավելացնելու համար։ Բայց ինչն է կարևոր միջազգային իրավական տիրույթում, որ դա պետք է դառնա պետության կողմից տարվող քաղաքականության մաս։ Այդ առումով փորձագետները, մասնագետները, նույն ՄԻԵԴ գրասենյակը հանձինս Եղիշե Կիրակոսյանի, կարող է աշխատել այդ ուղղությամբ, բայց դրանից հետո դա պետք է դառնա վարչապետի, արտգործնախարարի և մյուսների կողմից կիրառվող քաղաքականության մի մաս։ Հենց դրանում է կայանում հարցը՝ արդյունք կտա՞ այս ամենը, թե՝ ոչ։ Տեսեք, եթե մենք ՄԻԵԴ դիմում ենք ներկայացնում Ադրբեջանի դեմ, մեղադրելով նրան ռասիստական պետություն լինելու մեջ, ապա պետք է այդ թեզը շարունակ շրջանառվի, նշվի և բերվեն օրինակներ։ Իսկ այդ օրինակների պակասը մենք չունենք»։

Ըստ ադրբեջանագետի՝ սխալ է միֆը, թե Ադրբեջանն անպատժելի է, իսկ իրավական հարթության վրա նրանց դեմ պայքարն անիմաստ։ 

«Ես չեմ կարծում, թե Ադրբեջանն անպատժելի պետություն է։ Ավելին՝ ես կարծում եմ, որ եթե մենք 2020 թվականի պատերազմից հետո աշխատեինք Ադրբեջանին միջազգայնորեն պատժելու ուղղությամբ, ապա միգուցե և այս օրը չլիներ։ Բայց քանի որ մենք ոչինչ չենք արել, լրիվ հակառակ ուղղությամբ ենք գնացել, դրա համար էլ հայտնվում ենք անընդհատ նոր խնդիրների առաջ»։

Այս կոնտեքստում, Հայրապետյանի կարծիքով, Ալիևի հոխորտանքները, թե նրան ոչինչ չի խանգարի, բնավ չեն խոսում Ադրբեջանի անպատժելիության մասին։ Ընդհակառակը՝ դա ապացուցում է, որ Ալիևին միջազգային հանրության դատապարտող կեցվածքը խիստ նյարդայնացնում է։ Մասնագետը նաև նկատում է՝ ներկա փուլի պայքարը հաճախ ոչ միայն այս պահի իրավիճակի հանգուցալուծման համար է, այլև հետագա անօրենությունները կանխելու։ 

«Ճիշտ է՝ Ադրբեջանի նախագահը հոխորտում է, հայտարարում, որ ոչ ոք իրեն չի կարող կանգնեցնել, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Ընդհակառակը, երբ նա դա ասում է՝ նշանակում է, որ նրա վրա ուժեղ ճնշումներ կան և նա փորձում է այդ ելույթով չեզոքացնել դրանք։ Եվ պետք է այդ ուղղությամբ շարունակել աշխատել, դա կարևոր գործիքակազմ է Ադրբեջանին նաև հետագա հնարավոր ագրեսիաներից զսպելու համար։ Եթե այս պահին մենք մեզ համար ցանկալի արդյունքը չենք տեսնում, դա չի նշանակում, որ մի քանի ամիս հետո, որոշ ժամանակ անց որոշ վտանգավոր գործընթացներ դրանով չենք զսպում։ Ուստի ես մնում եմ այն կարծիքին, որ պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատել և այդ աշխատանքը պետք է դառնա պետության կողմից տարվող քաղաքականության մաս»։

Հայտնի է, որ Ադրբեջանը նման դեպքերում մշտապես պատասխան հայցերով է հանդես գալիս Հայաստանի դեմ և այս անգամը նույնպես բացառություն չէ։ Որքան էլ զավեշտալի թվա՝ նախորդ տարի նույնպես Ադրբեջանը ՄԱԿ-ի միջազգային դատարան էր դիմել ՀՀ դեմ՝ ադրբեջանցիների դեմ ռասիզմի տարբեր դրսևորումների մեջ մեղադրելով հայկական կողմին։ Այս անգամ նույնպես պատասխան հայց է սպասվում հարևան երկրի կողմից՝ գրեթե նույն բովանդակությամբ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ