Նոյեմբերի 24, 2024

Ստեփանակերտը պատրաստ է բանակցել Բաքվի հետ. Վ․ Բալայան

By Անի Աբաղյան Հոկտեմբերի 01, 2022

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ սա Արցախի դիրքորոշումն է, որը հատկապես վերջին երկու տարում իշխանություններն անընդհատ հիշեցնում են։ Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի անկախությունը չեն ճանաչում ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Բրյուսելը։ Եվ Արցախի անկախությունը առաջ տանելու հարցում Հայաստանը դաշնակից չունի։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը համակարծիք չէ Փաշինյանի հետ։ 

«Ես այդքան էլ չեմ կիսում ՀՀ վարչապետի կարծիքը, որովհետև այդ երկրի ղեկավարները հայտարարել են, որ նման հարց կա․ եթե հարցը կա, նշանակում է, որ այդ հարցը նաև լուծում ունի, չէ՞։ Ոչ մի ժողովուրդ մյուսի ազատությունը սկուտեղի վրա չի մատուցում, ամեն ինչ պայքարի արդյունքում է լինում․ ռեսուրսը կա, այլ բան է այն ճիշտ օգտագործենք։ Վերջիվերջո, այդ ճանապարհը մենք մի անգամ անցել ենք, ունեցել ենք 1988, 1991-94 թվականներ, և կյանքն ապացուցել է, որ ճիշտ կազմակերպելու պարագայում կարող ենք արդյունքի հասնել»։ 

Ազգային ժողովի նույն հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանի խոսքով՝ 1994 թվականի Բիշքեկյան արձանագրությունից հետո ոչ մի պետություն չի խոսել Արցախի անկախության ճանաչման մասին, բայց 

«Անկախության չճանաչումը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում։ Այսինքն՝ նույն գերտերությունը կարող է չճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց միևնույն ժամանակ չճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Եթե ճանաչած լինեին, Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեին Շուշիում տեղի ունեցած վերջին միջոցառմանը։ Փաստը այն է, որ չեն մասնակցել, չէ՞: Ռուսաստանի,Ֆրանսիայիև ԱՄՆ-ի տարբեր ձևաչափերում միշտ էլ խոսվել է ԼՂ-ի հակամարտության գոյության մասին, որը լուծված չէ։ Ծայրահեղությունից ծայրահեղություն գնալ պետք չէ․ պնդել, որ ԼՂ-ի անկախությունը ուր որ է կճանաչեն գերտերությունները՝ ճշմարտություն չէ, բայց պնդել, որ ԼՂ-ի հակամարտությունը լուծված է, և մենք հայտնվելու ենք Ադրբեջանի կազմում՝ նույնպես ճշմարտություն չէ»։

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն բարդանում է նաև նրանով, որ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ խնդիրներ ունեն միմյանց հետ։ Ուկրաինայի իրադարձություններից հետո պարզ շփման և իրար հետ աշխատելու խնդիր կա՝ ասել է վարչապետն ու նշել․ 

«Կողմերը ընդհանուր առմամբ նաև որոշակի պատրաստակամություն հայտնում են, բայց աշխատանքային մակարդակում տեսնում ենք, որ դրա պրակտիկ պայմանները բարդ են»։ 

Այս պայմաններում ի՞նչ կարող է ակնկալել Արցախը ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Արամայիս Աղաբեկյանը նշում է՝ այժմ խնդիրը քննարկվում է նաև երկու այլ հարթակներում՝ Բրյուսելում և Մոսկվայում։ Թե որ հարթակում ի՞նչ է քննարկվում՝ պատգամավորը դժվարանում է ասել։ Միայն հիշեցնում է Արցախի դիրքորոշումը: 

«Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, տարբերակ, որտեղ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի։ Մենք մեր ինքնորոշման իրավունքի տերն ենք։ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր ձևաչափերում  եթե անգամ որևէ այլ փաստաթուղթ ստորագրեն, ապա հանրության համար պարզ, ընդունելի ու գոյություն ունեցող փաստաթղթերի 5 կոնտր առաջարկների մեջ կա, որ պետք է Արցախի կարգավիճակի վերաբերյալ հստակեցում լինի»:

   Սա քմահաճույք չէ, սա, գոնե, պատմության այս ժամանակաշրջանում միասին ապրելու անհնարինություն է՝ ասում է Վահրամ Բալայանը։ Անկախ նրանից, թե ի՞նչն է հանգեցրել երկու հարևան ժողովուրդների միջև այս տեսակ հարաբերությունների, հստակ է, որ երկու հարևան ժողովուրդն այսօր պատրաստ չէ համատեղ գոյակցության։ 

«Բոլորն էլ քաջ գիտակցում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում գոյություն ունենալ չի կարող: Աշխարհն ինչպե՞ս է պատկերացնում, երբ սահմանի մյուս կողմում կանգնած քաղաքացին, որ ասում է «Ես զինվոր եմ», կրակում ու սպանում սահմանի մյուս կողմում կանգնած քաղաքացուն, դաշտում աշխատող մարդուն կամ տանը ապրող երեխային, նման պարագայում ինչպե՞ս կարող են երկու ժողովուրդներ իրար հետ ապրել: Պետք իրականությանը սթափ նայել ու գնահատել՝ արդյո՞ք կարող ենք դա անել, թե՝ ոչ»: 

Փաշինյանը նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից ու նշել, որ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂՀ ժողովուրդը` իր ընտրած ներկայացուցչի միջոցով։ ԼՂՀ իշխանությունների և Ադրբեջանի միջև ուղիղ հարաբերություններ եղել են մի քանի անգամ։ Բաց աղբյուրներում կարելի է գտնել ոչ միայն 1994-ի մայիսի 12-ի եռակողմ փաստաթուղթը՝ անժամկետ հրադադարի մասին, այլ օրինակ՝ Հեյդար Ալիևի ստորագրությամբ 1993 թվականի հոկտեմբերի 23-ի փաստաթուղթը, որով նա լիազորում է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյային բանակցելու ԼՂՀ ղեկավարության հետ։ Բայց այդ օրերից հետո շատ ջրեր են հոսել։   2020թ պատերազմից հետո Արցախի և Ադրբեջանի իշխանությունների միջև շփումները միայն տեխնիկական հարցերի շուրջ են: Բայց, ինչպես և պատերազմից առաջ էր, այսօր էլ Արցախի իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ երկխոսության։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ