Պետք է խոստովանել՝ այդ հանդիպումներից նախագահի վերադարձին ու հանրայինին խոստացված հարցազրույցին արցախահայությունն անհամբերությամբ էր սպասում․ տարածաշրջանում, այդ թվում և Հայաստանի ու Արցախի շուրջ, իրադարձություններն արագ փոփոխվում են և «Ի՞նչ է սպասվում» հարցի պատասխանը բնակչությունն ակնկալում է ստանալ երկրի ղեկավարից։
«Ժամանակը շատ արագ է փոխվում, և մենք պետք է ֆիքսենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո աշխարհաքաղաքական նոր զարգացումներ են ի հայտ եկել, դա նկատելի է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանում ու աշխարհում այլ խաղացողների վարքագծում։ Սրացումներ ավելի հաճախ են լինում, արդեն նաև ՀՀ տարածքում, ոչ սահմանին։ Այդ ֆոնին տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ։ Այդ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության ստացման համար մեկնել ենք Երևան, թիմով, և բոլոր մտահոգութնունների, հարցերի վերաբերյալ, որ ունեինք, պարզաբանումներ ենք ստացել և ՀՀ վարչապետից, և այլ պատասխանատու պաշտոնյաներից։
Նախագահը նշել է, որ հանդիպումների ընթացքում տեղեկություններ են ստացել վերջին մեկուկես ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, միջազգային բանակցողների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։
«Այդ տեղեկությունները հիմք են հանդիսացել եզրակացություններ անելու, և հասկանլու ընդհանուր առմամբ ղարաբաղյան հարցի հետ կապված ինչ տեսակետներ են քննարկվում միջազգային հարթությունում։Մենք հասարակությանը պիտի ներկայացնենք իրական պատկերը, և իրականության մեջ մեկ մեկ լինում են դառը ճշմարտություններ, կամ ահաճո թեմաներ, բայց մենք պարտավոր ենք հաշվի առնել այդ ամենը»։
«Չնայած 44-օրյա պատերազմի հետևանքները չափազանց ծանր էին, սակայն հաջողվել է դե ֆակտո պահպանել Արցախի Հանրապետությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ վերահաստատելով դիրքորոշումը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունենալ չի կարող:
«Դե ֆակտո Արցախի Հանրապետությունն այսօր կա: Մենք շարունակում ենք ղեկավարվել մեր պետության մայր օրենքով՝ Սահմանադրությամբ, օրենքներով: Երկիրն իրավական առումով ապրում է նույն տրամաբանությամբ, իհարկե, ունենալով մարդկային ու տարածքային մեծ, ցավալի կորուստներ:Դե ֆակտո անկախությունը չի քննարկվում։ Իհարկե, մենք գիտակցում ենք, որ դե յուրե ճանաչման առումով մենք երկար ճանապարհ պիտի անցնենք, գուցե տարիներ ու տասնամյակներ։ Պայքարը պետք է շարունակել միջազգային հարթակներում՝ տարբեր երկրների հետ, բարեկամ ու ժողովրդավարությունը, մարդու իրավունքները հարգող երկրների հետ»,-ասաց Հարությունյանը:
«Միջազգային խաղացողները, որոնք այսօր փորձում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում իրենց ծառայությունները մատուցել, ստորադասում են Արցախյան խնդիրը և մեզ համար նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում։ Այս մասին հասարակության հետ պարզ պետք է խոսել։ Բայց այդ պայմանագիրը չի կարող կանխորոշել Արցախի ապագան, իսկ տարածքային ամբողջականության նորմը չի կարող գերակա լինել ազգերի ինքնորոշման իրավունքի նորմի նկատմամբ։ Արցախի համար պայքարը շարունակվելու է միջազգային հարթակներում, և խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի կարող խոչընդոտել այդ պայքարին,- ասում է Նախագահը։
«Բայց դա չի խանգարում մեզ՝ իրացնելու ազգերի ինքնորոշման ՄԱԿ-ի կանոնադրության կարևորագույն նորմը: Եվ մեր պայքարը լինելու է այդ նորմի շրջանակում։ Արցախն անկախացել է Խորհրդային Միության Սահմանադրության, օրենքների, միջազգային իրավունքի համապատասխան, և մենք դա զիջելու որևէ ցանկություն չունենք: Արցախի ազատագրական պայքարը, որն այսօր ինքնորոշման իրավունքի ձևով ենք արտահայտում, դա 20,30 տարվա չէ, երկար ժամանակ է տեղի ունենում, և մենք շատ իմաստուն պետք է լինենք այդ պայքարը վերջնակետին հասցնելու համար: Մենք պայքարելու ենք ինքնորոշման իրավունքն իրացնելու համար, և պետք է նշեմ, որ այն որևէ կապ չունի տարածքային ամբողջականության հետ, որը քննարկվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, բայց այն գերակա չէ ազգերի ինքրորոշման իրավունքի նկատմամբ»:
Պատասխանելով լրագրողի հարցին, Արայիկ Հարությունյանն ասել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության պատասխանատուները ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ տարբեր շփումներ ունեցել են, դա անհրաժեշտ է, կարևորագույն մի շարք հարցեր նման երկխոսությունների միջոցով են լուծվել։ Քաղաքական երկխոսության առումով դեռ երկուստեք առաջարկները պետք է քննարկվեն։ Փաստ է մի բան՝ արցախցին պետք է շարունակի ապրել իր հողում, արցախցու վերջնանպատակը անկախությունն է, և այդ ուղուց շեղում չի լինելու։