Ադրբեջանական Meydan.TV լրատվամիջոցը Բաքվում հարցում է անցկացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի երկարաձգման անհրաժեշտության մասին: Գրեթե բոլորը դեմ եմ արտահայտվել խաղաղապահների մանդատի երկարացմանը։ Հաշվի առնելով այն տոտալ վերահսկողությունը, որի տակ աշխատում են ադրբեջանական լրատվամիջոցները կարելի է պնդել, որ հասարակական կարծիքի քողի տակ ներկայացվել է պետական քարոզչական թեզը՝ հերթական փաթեթավորմամբ։ Թե ինչ կարծիք ունի կամ կարող է ունենալ ապշերոնյան թերակղզու բնակիչը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի մասին, առանձին նյութի թեմա է։ Առաքելությունն Արցախ է եկել 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի հայտարարության այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Ադրբեջանն այս 2 տարվա ընթացքում առիթը բաց չի թողել վարկաբեկելու խաղաղապահների առաքելությունը, անընդհատ ընդգծել նրանց ներկայության ժամանակավոր բնույթը։ Իսկ ի՞նչ են կարծում արցախցիները՝ խաղաղապահների գործունեության անմիջական շահառուները՝ նույն հարցի վերաբերյալ։ Հարցի վերաբերյալ «Արցախ» լրատվականը հարցումներ է անցկացրել Ստեփանակերտի փողոցներում։
«Մի բան ակնհայտ է․ եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, ապա մենք այստեղ չենք կարող ապրել, և հայ ժողովրդին սպառնալու է գոյաբանական վտանգ, ցեղասպանություն։ Ադրբեջանը դա չի թաքցնում, իրենց առաջին դեմքի մակարդակով՝ տարբեր միջազգային հարթակներից սկսած մինչև սոցիալական հարթակներում տարածված սովորական քաղաքացիներ լցված են հայատյացությամբ»։
Արցախի անվտանգության ապահովման գործում ՌԴ խաղաղապահ առաքելության կարևոր դերակատարումն ԱՀ իշխանություններն ընդգծել են բազմիցս։ Նույն կարծիքին են նաև շարքային քաղաքացիները։ ԱՀ պաշտպանության բանակի հետ մեկտեղ ռուս խաղաղապահներն են մեր անվտանգության հիմնական երաշխավորները՝ ասում են։ Խաղաղապահ առաքելության մանդատի երկարաձգման մասին արցախցիների կարծիքը միանշանակ է։
«Ռուս խաղապահների շնորհիվ է, որ Արցախցին այստեղ ապրում է։ Մենք ցանկանում ենք, որ ռուս խաղաղապահների մանդատը այստեղ երկարաձգվի»։
-Ի՞նչ եք մտածում ռուս խաղաղապահները պետք է մնա՞ն Արցախում, թե՝ ո՛չ։
-Իհարկե, պետք է մնա՛ն։ Մենք նրանց տված անվտանգային երաշխիքներով ենք այստեղ եկել, իրենց հետ էլ մնում ենք այստեղ։ Ո՞նց եք պատկերացնում մեր վիճակն առանք նրանց։ Եթե նրանք գնան՝ այստեղ ցեղասպանություն կլինի»։
«Ամեն դեպքում ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ ապրեն»։
Meydan.TV-ի պատրաստած այս տեսանյութին արցախցի երիտասարդները ծանոթ են։ Հստակ գիտակցում են․ դա քարոզչական նպատակով պատրաստված տեսանյութ է, և Արցախում ապրողները պետք է որոշեն՝ անհրաժե՞շտ է ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, թե ոչ։
«Ես կարծում եմ, որ այդ տեսանյութը քարոզչություն է՝ ուղղված Արցախի ժողովրդին։ Ես կարևորում եմ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, քանի որ նրանք մեր անվտանգության երաշխավորն են։ Այս պահին մենք պայքարում ենք մեր լինել-չլինելու համար, և այս հարցում կարևոր է խաղաղապահների դերը և նրանց մանդատի երկարաձգումը»։
«Ադրբեջանցիներն այդպես են ասում, երևի ելնելով այն փաստից, որ նրանց զինվորներն անում են ամեն ինչ, բայց չեն պատժվում։ Եթե ուսումնասիրենք խաղաղապահների լիազորությունները, կհասկանանք, որ նրանք լիազորված չեն արժանի հակահարված տալ ադրբեջանցիներին։ Իմ կարծիքով՝ ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են մեր և ռուսների միջև տարաձայնություններ ստեղծել»։
Հասարակության շրջանում երբեմն մտահոգություններ են առաջանում խաղաղապահների չեզոքության համար։ Պատճառը աշխարհաքաղաքական իրադարձություններն են՝ ասում է հերթական զրուցակիցս։
«Այսօր ամբողջ աշխարհն է մի մեծ եփվող կաթսա դարձել։ Եվ մենք անընդհատ ինչ-որ վատ բանի ենք սպասում։ Այսօր խաղաղապահ ուժերն են մեր հիմնական հույսը։ Անգամ նրանց ֆիզիկական ներկայությունը մեզ հույս է ներշնչում»։
Եզրահանգումը մեկն է․ Արցախի պաշտպանության բանակի հետ մեկտեղ ռուսական խաղաղապահ առաքելությունն է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Մոտ ապագայում Արցախում ապրելու հնարավորությունը մեծ մասամբ ռուս խաղաղապահների ներկայությամբ է պայմանավորված։