Ապրիլի 24, 2024

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը պետք է դատապարտվի․ ԱՀ Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել:

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 13, 2022

«Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, «բնապահպաններ» ու «լրագրողներ» կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ: Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը»,-ասված է հայտարարությունում։

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, արհամարհելով իր իսկ կողմից ստորագրած Եռակողմ հայտարարությունը, ապօրինի կերպով զավթել է Արցախի Հանրապետության բազմաթիվ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել և ահաբեկել խաղաղ բնակչությանը` ամեն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունեությունը: Բնապահպաններ ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից, քանի որ Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է Արցախի Հանրապետության` որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին»:

 Ադրբեջանի այս գործելաոճը խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները, միջազգային պարտավորությունների ու իրավունքի նորմերը Արցախում ապրող ավելի քան 120 հազար մարդու կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի առաջ։ Արցախի խորհրդարանը գնտնում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ ՀՀ ու Արցախի միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Ազգային ժողովն ակնկալիքներ ունի նաև Ռուսաստանի Դաշնությունից, որպես այս տարածաշրջանում կայունության ու անվտանգության երաշխավորի պատասխանատվությունը ստանձնած սուբյեկտի և միջազգային կառույցներից՝ որպես միջազգային իրավունքի նորմերի պահպանման ջատագով ու պահապան։ 

«Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից` որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը , ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը: Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար»:

 Արցախի Ազգային ժողովը հայտարարությամբ դիմում է  նաև աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝  տարբեր հարթակներում բարձրաձայնել Արցախում ստեղծված իրավիճակի մասին, ներկայացնել ու պաշտպանել արցախահայության իրավունքները։ Ազգային ժողովի արտահերթ նիստին ներկա է եղել հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա հանրապետությունում ստեղծված իրավիճակն է ներկայացրել, և այն քայլերը, որ կատարվում են իշխանությունների կողմից՝ միտված խնդրի հանգուցալուծմանը։ 

«Սա էկոլոգիական հարց չէ․ սա առաջին հերթին մեր՝ հոկտեմբերի 30-ի հանրահավաքի պատասխանն է։ Հանրահավաքի, որ խառնել է Ադրբեջանի խաղաքարտերը։ Նրանք իսկապես հավատում էին, որ Արցախում 25-30, գուցե՝ 40 հազար մարդ է ապրում, և Ադրբեջանը, 2020թ նոյեմբերի 9-ից հետո պլանավորված ծրագրով առաջ էր գնում, ստեղծելով Խծաբերդի, Փառուխի խնդիրներ, առաջնագծում որոշակի քայլեր կատարելով։ Այսինքն, հայաթափման, էթնիկ զտման քաղաքականությունը առաջ տանելով»։

 Բացի այդ, Ադրբեջանը մի քանի այլ դրդապատճառներով էլ է առաջնորդվել՝ փակելով Արցախի կյանքի ճանապարհը։ Նախագահի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված այս ակցիան անց է կացվում նաև այդ տարածքում տեղակայված ռուսական հենակետերի՝ որոշ հեռավորության վրա տեղափոխելու պահանջով, ինչը չընդունվեց ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։

«Մեր կարծիքը միանշանակ է և հստակ․ դա ռուսական խաղաղապահ առաքելության ֆունկցիաների մեջ է մտնում, և ռուսական խաղաղապահ առաքելությունը պարտավոր է ապահովել   մեր  անվտանգ երթևեկությունը Հայաստանի հետ, իսկ հենակետերի տեղադրման խնդիրը դա իրենց որոշելիքն է։ Մի խոսքով՝ չընդունվեց»։

 Ադրբեջանը, ըստ Արայիկ Հարությունյանի, ծանր է տարել Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելն ու պետնախարարի պաշտոնում նշանակվելը և իր վերջին այցելությունը Փարիզ։ « Այսինքն նրանց մոտ կարծիք է ձևավորվել, որ մենք տարված մեր սոցիալ-կենցաղային խնդիրներով, հրաժարվելու ենք մեր ազգային ինքնորոշման քաղաքականությունից,-ասում է նախագահը, -բայց ոչ, սկիզբ է դրվում պայքարի նոր փուլին»։ Այս փուլում էլ, նախագահի խոսքով, Արցախն ակնկալում է հայության ներգրավվածությունը։ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Պուտին-Փաշինյան, Պուտին- Ալիև հեռախոսազրույցներին։ 

«Առանց մանրամասներ ներկայացնելու ասեմ, որ որևէ առաջարկ մենք չենք ընդունել։ Իսկ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի ղեկավարությունը պետք է որոշում ընդունի, ու այդ որոշումն է հիմք լինելու՝ ընդունում ենք Ադրբեջանի ուլտիմատումը, թե չէ (դա ուլտիմատում է մեզ տրված) և քայլերի ինչ հերթականություն ենք ունենում։ Այսօր Անվտանգության խորհրդի որոշումով նույն կարծիքին ենք եկել, որ մեր կողմից միակողմանի զիջումներ չեն լինելու։ Այնպես չէ, որ մենք դրանով այդ թեման փակուղի ենք տանում․ մենք դրսևորել ենք շատ կառուցողական վարքագիծ»։

 Բայց միակողմանի զիջումները նոր զիջումներ են ենթադրում՝ եթե նայում ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին՝ ասում է Արայիկ Հարությունյանը։ Արտահերթ նիստում հանդես են եկել նաև երեք խմբակցությունների ներկայացուցիչներ՝ անդրադառնալով Ադրբեջանի սադրանքերի ու ահաբեկչության բուն նպատակներին, գնահատական տալով ստեղծված իրավիճակին։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022 17:52
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ