Print this page

Պարենային ճգնաժամ․ Արցախում իրավիճակը գնալով բարդանում է

By Սրբուհի Վանյան Հունվարի 13, 2023

Շրջափակումն արդեն շարունակվում է մեկ ամսից ավել։  Հումանիտար ճգնաժամն Արցախում օր օրի  ընդգծվում է։ Խանութներում ապրանք գրեթե չկա․ եղածները ժամկետանց են։ Պարենն արդեն չի հերիքում․ պետական պահուստն անսահմանփակ չէ։ Արցախի Հանրապետության գյուղնախարար Հրանտ Սաֆարյանն ասում է, որ իրավիճակը գնալով բարդանում է։ 

«Պետության կողմից հսկայական ջանքեր են գործադրվում՝ հումանիտար աղետից խուսափելու համար։ Ցավոք, իրավիճակն օր օրի բարդանում է, բոլոր ապրանքերի մասով պակաս կա»։ 

Գյուղնախարարության հասցեին նաև մեղադրանքներ են հնչում, որ բավարար աշխատանք չի տարվել պարենի պահեստավորման ուղղությամբ, իմանալով, որ երկիրը պատերազմական վիճակում է գտնվում։ Գյուղնախարարն ասում է, որ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գյուղոլորտը մեծ վնասներ է կրել պատերազմի հետևանքով։

«Ինչ վերաբերում է շուկայում միրգ-բանջարեղենի պակասին, ապա չմոռանանք, որ դա նրանից է, որ բազմաթիվ տարածքներ անցել են թշնամու վերահսկողությանը, իսկ դա ենթադրում է ջերմատնային տնտեսությունների, այգիների կորուստ»։ 

Գյուղերում կան մրգի, բանջարեղենի որոշակի պաշարներ, բայց դա չի կարող հերիքել 120 հազար մարդու, ասում է գյուղնախարարը, և հավելում, որ այս պահին Գյուղատնտեսության նախարարությունն ու Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը աշխատում են ուժերի գերլարումով, որպեսզի պահուսատային ֆոնդից պարենը տնտեսվարողներին համաչափ ու ժամանակին բաշխեն։

«Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծում վառելիքը, որի պակասը կաթվածահար է արել տնտեսությունը, դադարեցված են բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքերը»։ 

Գազի, էլելկտրաէներգիայի անջատումները, վառելիքի պակասը մեծ խնդիրներ են ստեղծել գյուղոլորտի համար, ասում է նորանշանակ նախարարը։ Մոտ օրերս որոշ պարենային ապրանքների համար կգործի կտրոնային համակարգ։ Բնակչությունը դրան դեմ չէ․ գիտակցում են, որ այդձև կարելի կլինի որոշակի կարգավորումներ մտցնել պարենի ձեռքբերման հարցում։ 

«Մեկը կարողանում է շրջել խանութներով, ինչ ապրանք տեսնում է՝ վերցնի, մեկն էլ չի կարողնում մեկ կգ շաքարավազ ձեռք բերի։ Դա շատ բարդ է ու դժվար։ Կտրոնային համակարգի անցնելը ողջունելի է»։ 

Այն որ իրավիճակը բարդ է, հասկանում են բոլորը, բայց ինչպես նշում է գյուղնախարարը, ընտրվել է պայքարի ուղին, և այդ պայքարին պիտի կցվեն բոլորը, յուրաքանչյուն իր ուժերի ներածին չափով։

Artsakh Public Radio

Related items