Print this page

Ի՞նչ կարգով կտրամադրվեն կտրոնները

By Վիկտորյա Սարգսյան Հունվարի 16, 2023

Հանրապետությունում կտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությունը առաջացել է որոշ ապրանքատեսակների սղության պատճառով: Նպատակը ունեցած սննդամթերքի պաշարի արդար և համաչափ բաշխումն է: Բոլոր տնտեսվարող սուբյեկտները, որոնք զվաղվում են սննդամթերքի վաճառքով, հունվարի 20-ից դադարեցնելու են սննդամթերքի ազատ վաճառքը  կոնկրետ սննդատեսակների համար՝ «Արցախ» լրատվականին ասել է բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ Գոհար Պողոսյանը: 

«Այդ սննդատեսակներն են բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը: Նշված տեսակների համար կգործի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ, որի դեպքում անձը կտրոնը ստանալուց հետո կարող է դիմել համապատասխան տնտեսվարող սուբյեկտին և կտրոնում նշված չափով ու նշված ժամկետներում ձեռքբերել ապրանքը»: 

Ստեղծած էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել գործընթացը և խախտումների դեպքում արձանագրել դրանք՝ ասում է Գոհար Պողոսյանը: Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի հրամանով սպասարկման կետեր են ձևավորվել մայրաքաղաքում և շրջաններում: Դրանք հագեցվել են համապատասխան տեխնիկայով: 

«Ստեփանակերտում կետեր են ձևավորվել բոլոր հանրակրթական դպրոցներում, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և Արցախի պետական համալսարանի շենքերում: Յուրաքանչյուր շրջկենտրոնում կգործի երկու սպասարկման կետ, Մարտունի քաղաքում՝ երեք»:

 Մայրաքաղաքում ընհանուր առմամբ ձևավորվել է 19 սպասարկման կետ, որտեղ նշանակվել են պատասխանատու անձինք: Բնակարանային հարցերի կոմիտեի վարձավճարների փոխհատուցման բաժնի պետ Զինա Գասյանը ներկայացնում է կտրոնների տրամադրման կարգը: 

«Կտրոնը ստանալու համար քաղաքացին անձնագրով կարող է մոտենալ տեղամաս,  սպասարկող օպերատորին: Օպերատորները համապատասխան էլեկտրոնային հարթակում ստուգում են տվյալները և եթե այդ անձի տվյալներով ստացող չի եղել, տրամադրում է կտրոնը: Յուրաքանչյուր քաղաքացու համար նախատեսված է 9 կտրոն: Դրանք ունենալու են ժամկետ: Կարևոր հանգամանքը, որ կուզեի նշել՝ կտրոնները չեն տրամադրվում մարդասիրական սկզբունքով: Այսինքն սա հումանիտար օգնություն չէ»:

 Օտարերկրյա քաղաքացիները կամ այն անձինք, որոնք ունեն անձը հաստատող փաստաթղթի հետ կապված խնդիրներ կարող են մոտենալ բնակարանային հարցերի կոմիտեում ձևավորված սպասարկման կետ: Դրանք  կգործեն առավոտյան ժամը 9-ից:

 «Ընթացքում, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները, կարող են խնդիրներ առաջանալ: Քանի որ սպասարկումը համակարգչային է, հետևաբար որոշ ժամեր կարող են տեղափոխվել այլ ժամ: Հետևաբար, կոնկրետ սպասարկման կետում ֆիքսված ժամ չենք կարող նշել»:

 Կտրոն ստանալու համար չափահաս քաղաքացիները պետք է ներկայանան անձնագրով, երեխաների դեպքում՝ ծննդյան վկայականներով: Փաստաթղթերի պատճենները չեն ընդունվի: Կտրոնային համակարգին  անցնելու  համար անհրաժեշտ աշխատանքների տեխնիկական մասն  ավարտված է, կտրոնները տպագրված են: Գործընթացի մեկնարկի մասին կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:  Կոմիտեում նաև  թեժ գիծ է գործում՝ 047-9-2-20-70 հեռախոսահամարով:

Artsakh Public Radio

Related items