Print this page

Շուրջ 7000 ընտանիք մարդասիրական օգնություն է ստացել․ առաջիկայում բաշխման գործընթացը ավելի մեծ թափ կստանա

By Վիկտորյա Սարգսյան Մարտի 04, 2023

Շուրջ 7000 ընտանիք արդեն ստացել է հումանիտար օգնություն։ Նման ժամանակահատվածի համար թիվը բավականին մեծ է՝ ասում է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը։Հումանիտար օգնության բաշխման համար  գերատեսչությունը մշակել է 2 մեխանիզմ։ Առաջին դեպքում՝ քաղաքացիները դիմում են նախարարություն, հետո  այդ դիմումների հետքերով սոցաշխատողները գնում ու պարզում են այդ ընտանիքների սոցիալական վիճակը, այնուհետև, ըստ կարիքի, տրամադրվում է աջակցությունը։ Երկրորդ մեխանիզմը մշակվել է՝ ելնելով քաղաքացիների կողմից բարձրացված հարցերից ու առաջարկություններից։

«Քանի որ արդեն բազմաթիվ անգամ քննարկվել է այդ հարցը, քաղաքացիների կողմից ևս բարձրաձայնվել է և, իհարկե, ես էլ եմ համամիտ, որ բլոկադայի պայմաններում կարիքավոր ընտանիքներին առանձնացնելը մի քիչ դժվար է։ Չի կարելի ասել, որ բոլորը կարիքավոր են, բայց այդ օգնության ու սննդի կարիքը ընտանիքների մեծ մասն ունեն։ Այդ պատճառով որդեգրել ենք բաշխում իրականացնելու ևս մեկ մեխանիզմ՝ ոչ թե կարիքի գնահատման արդյունքով, այլ ըստ սոցիալական խմբերի։ Օրինակ այս պահին աջակցությունը տրամադրվում է 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին։ Ովքեր որ չեն ստացել, խնդրում եմ ներկայանալ նախարարություն և ստանալ իրենց հասանելիք աջակցությունը»։

Երեկ հանրապետության պետնախարարը դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին՝ խնդրելով և կոչ անելով ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր ու աջակցել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը՝ մասնավորապես  շրջափակման պայմաններում Արցախ հասցված հումանիտար բեռների բեռնաթափման, փաթեթավորման և շահառուներին հասցնելու աշխատանքներում։ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ու հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության գործընթացը տարիների  պատմություն ունի՝ ասում է նախարար Արմեն Մանգասարյանը։ Որոշ կազմակերպություններ այժմ էլ ներգրավված են և օգնում են այդ աշխատանքներում։ Բայց յուրաքանչյուր տեսակի օգնություն էլ ողջունելի է՝ ասում է նախարարը։

«Առաջիկայում այդ ներուժը կօգտագործենք հիմնականում փաթեթավորման աշխատանքներում, քանի որ բաշխման մեխանիզմները արդեն իսկ կան, գործում են։ Օրինակ «44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպությանն ենք տրամադրել օգնության որոշակի խմբաքանակ։ Եվ արդեն նրանք կամ մյուս հասարակական կազմակերպությունները փաթեթավորում ու բաշխում են դրանք։ Սա նաև նպաստում է գործընթացի թափանցիկությանը և, իհարկե, այս ամենը իրականացվում է հետադարձ հաշվետվության սկզբունքով ու պայմանով»։

Հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ասրյանի խոսքով՝ իրենք մշատական համագործակցության մեջ են բոլոր գերատեսչությունների՝ այդ թվում սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ։ Իմանալով, որ Արցախ է ներմուծվել հումանիտար օգնություն, պատրաստակամություն հայտնեցին աջակցել նախարարությանն ու բաշխել դրանք շահառուներին։ Արդեն շուրջ 200 ընտանիք ստացել է հումանիտար օգնությունը։

«Սկզբնական շրջանում 150 ընտանիքի համար մենք ստացանք այդ հումանիտար օգնությունը։ Մենք որոշեցինք, որ ամենախոցելի կարգավիճակում հայտնված ընտանիքներից սկսենք՝ մեր զոհված հերոսամարտիկների անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներից։ Բայց տեսանք, որ էլի կան դիմողներ, կրկին դիմեցինք նախարարությանը և ստացանք 40 ընտանիքի համար նախատեսված օգնություն։ Բայց այսօր էլ ունենք բազմաքանակ դիմումներ։ Այսօր հեռախոսազրույց ունեցա նախարարի հետ և պայմանավորվեցինք մի խմբաքանակ ևս ստանալ՝ մոտ 70 ընտանիքի համար»։

Օգնության փաթեթների պարունակությունը տարբեր է լինում։ Հաշվի է առնվում ընտանիքի կազմը, սոցիալական խումբը և այլն։ Նախարարի խոսքով՝ գործընթացը ժամանակատար է ու մեծ ջանքեր է պահանջում։ Նախարարությունն այս պահին մշակում է նաև հստակ տվյալների բազա, որը հետագայում էականորեն կհեշտացնի աշխատանքները։

«Շրջափակման պայմաններում, ինչպես արդեն նշեցի, ընտանիքների ավելի լայն խումբ ենք ցանկանում ներգրավել։ Քանի որ բոլորին հնարավոր չէ տրամադրել այդ օգնությունը, որովհետև այդպիսի քանակով օգնություն չենք ստացել, փորձելու ենք հենց թիրախային խմբեր ընտրել։ 4 և ավել երեխաներ ունեցող ընտանիքներին արդեն տրամադրել ենք, հաջորդ փուլով տրամադրելու ենք 3  անչափահաս երեխաներ ունեցողներին։ Եվ այդպես շարունակ»։ 

Նախարարի խոսքով՝ առաջիկայում բաշխման գործընթացը ավելի մեծ թափ կստանա, քանի որ մշակված մեխանիզմները արդյունավետ եղան։ 

Արցախի հանրային ռադիո

Related items