Բրինձ, լոբի, մակարոնեղեն, տոմատ, շաքարավազ, լվացքի փոշի․ հերթական մարդասիրական օգնության հասցեատերերը թոշակառուներն են։ Ստեփանակերտում օգնությունը տրամադրվում է համար 2, 5, 6 և համար 9 դպրոցներում, ինչպես նաև Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում՝ ասում է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Ավանեսյանը։
«Մարդասիրական օգնությունը բաժանվում է տարբեր սոցիալական խմբերի․ հաշմանդամություն ունեցող անձինք, զոհված ազատամարտիկների հարազատներ և այլ սոցիալական խավեր։ Այս պահին աշխատանքներն ընթանում են ծերության և տարիքային կենսաթոշակ ստացող խմբերի համար»։
Որպեսզի օգնությունը օր առաջ հասնի շահառուին՝ օգնող ձեռքեր են պետք։ Այս ընթացքում օգնություն տրամադրվել է սոցիալական տարբեր խմբերի։ Ծանրոցների պատրաստման, փաթեթավորման աշխատանքները իրականացվում են ամեն օր, առանց դադարի՝ ասում է Անի Ավանեսյանը։ Իսկ այսօր այդ աշխատանքով զբաղվում են Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակիցները։ Նախարարությունը կոչով դիմել էր հասարակությանը՝ կամավորական աշխատանքներին ներգրավվելու համար։ Կոչին առաջինն արձագանքել են հենց նախարարության աշխատակիցները՝ ասում է։
«Այն պահից, երբ նախարարությունը կոչ արեց հասարակության ակտիվ հատվածին՝ ներգրավվելու այն աշխատանքներին, որոնք նախարարությունը իրականացնում է, որպեսզի Արցախ հասնող օգնությունը ժամանակին փաթեթավորվի, տեսակավորվի և բաշխվի հասարակության տարբեր սոցիալական խմբերին, մեր աշխատակիցները ցանկություն հայտնեցին ներգրավվել այս աշխատաքներում։ Մենք ընտրեցինք առաջին հանգստյան օրը՝ այդ օրից սկսած, որպեսզի կարողանանք մասնակցել այս աշխատանքներին և գոնե մեկ օրով հանգստի ուղարկել այնտեղ աշխատող մարդկանց»։
Աշխատանքներում ընդգրկված են բոլորը՝ անկախ պաշտոնից ու դիրքից։ Նախարարության ղեկավար կազմից մինչև վերջին օղակը մեկ մարդու պես մասնակցում են կամավորական աշխատանքներին։
«Այս պահին նախարարությունը մեխանիզմներ է որոնում՝ այս ապրանքատեսակները փաթեթավորելու և տեսակավորելու համար, որպեսզի օր առաջ հասցնենք մեր սոցիալականա խմբերին»։
Փաթեթավորման և տեսակավորման աշխատանքներին մասնակցում է նաև Լիլիթ Բադալյանը։ Նա նախարարության թեժ գծի աշխատող է՝ օպերատոր։ Կարևորում է այսպիսի համախմբված և օգտակար աշխատանքը՝ որպես աշխատանքային դաստիարակության կարևոր բաղադրիչ։
«Փորձում ենք ինչ-որ կերպ օգտակար լինել՝ բլոկադայի հետևանքները հաղթահարելու համար։ Շատ ողջունելի է, բոլորը միասին աշխատում են։ Կուզենայի, որ նման աշխատանքները ավելի կազմակերպված լինեին, այսինքն ներգրավվեին, օրինակ՝ դպրոցական երեխաները, որպեսզի հասկանան, թե ինչ է թիմային աշխատանքը, հասկական, որ պետք է օգնել ու սատար կանգնել միմյանց թե՛ շրջափակման պայմաններում, թե՛ առօրյա կյանքում, թե՛ առաջնագծում»։
Եթե յուրաքանչյուր հիմնարկ, ձեռնարկություն, ընկերություն կամ կազմակերպություն գոնե ամսվա մեջ մեկ անգամ ներգրավվի այս աշխատանքերին՝ աշխատակիցների բեռը զգալիորեն կթեթևանա՝ ասում է Անի Ավանեսյանը։